Հայաստանը պատրաստ է հետ կանչել Ադրբեջանի դեմ միջպետական բողոքները, եթե «խաղաղության» պայմանագիր կնքվի։ Այս մասին հայտարարել է և՛ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկու գործիչներն էլ պնդում են, որ նման քայլը պետք է փոխադարձ լինի, և Ադրբեջանը պետք է անի նույնը։ Ի՞նչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար միջազգային իրավունքի և ազգային շահերի տեսանկյունից։ Թվում է, թե աննշան, քանի որ Հայաստանի օգտին առկա որոշումները հատուկ ոչինչ չեն փոխել: Սակայն կան մի շարք պատճառներ, թե ինչու ահաբեկիչ պետության համար այդքան կարևոր է, որ հայկական կողմը հրաժարվի դիմակայության նաև այդ ասպարեզից։
Միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով
Պետությունների միջև գոյություն ունեցող ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այսինքն՝ առանց որևէ ձևով հարկադրանքի կիրառման՝ միջազգային իրավունքի սկզբունքներին (հրամայական[1], անխախտելի նորմերին) համապատասխան: Միջազգային ընդհարումների լուծման խաղաղ եղանակները սովորաբար վերաբերում են բանակցություններին և խորհրդատվությանը, բարի ծառայություններին[2] և միջնորդությանը, հետաքննող հանձնաժողովներին և հաշտեցման ընթացակարգերին, միջազգային արբիտրաժին, միջազգային դատարանին և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վեճերի լուծման մեխանիզմներին:
Միջազգային վեճերի խաղաղ լուծման անօրինական այլընտրանքը ագրեսիվ պատերազմն է (ագրեսիան), այսինքն, մեկ այլ պետության վրա այս կամ այն ձևերով՝ անկախ պատերազմ հայտարարելու փաստից, զինված հարձակումը: Ագրեսիան միջազգային հակաիրավական արարք է (հանցագործություն), իսկ դրա կազմակերպման, սանձազերծման և վարման համար պատասխանատու անձինք հետապնդվում են միջազգային և պետական քրեական իրավունքով:
Ագրեսիան միջազգային իրավունքում միակ արգելված արարքը չէ: Բացի դրանից ուղղակիորեն արգելվում է ցեղասպանությունը (ազգային, ռասայական, էթնիկ, կրոնական խումբը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ ցանկացած գործողություն), ռազմական հանցագործությունները (պատերազմ վարելու օրենքների և սովորույթների լուրջ խախտումներ, օրինակ՝ խոշտանգումներ կամ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք) և մարդկության դեմ հանցագործությունները (քաղաքացիական անձանց վրա հարձակման ցանկացած ձև, օրինակ՝ բնակչության արտաքին կամ ներքին տեղահանում): Ի թիվս այլ բաների, արգելվում է ռասայական խտրականությունը, այսինքն ռասայական, ազգային, էթնիկական, ցեղային պատկանելության հիման վրա տարբերակման, վտարման, սահմանափակման կամ նախապատվության ցանկացած ձև՝ արգելելով կամ նսեմացնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար հիմունքներով ճանաչումն ու իրականացումը:
Պետությունները կարող են միմյանց դատի տալ
Վերը նշված բոլոր նորմերն ու սկզբունքները զետեղված են միջազգային պայմանագրերում (կոնվենցիաներում, համաձայնագրերում, արձանագրություններում և այլն), որոնց հիման վրա պետություններն իրավունք ունեն միջազգային դատարաններին խախտող պետության նկատմամբ նյութական պահանջներ ներկայացնել: Հասկանալի է, որ միջազգային իրավունքում, ինչպես և ընդհանրապես միջազգային հարաբերություններում չկա սուվերեն (գերիշխան), ինչը նշանակում է, որ գոյություն չունեն նաև կայացված դատական որոշումների հարկադիր կատարման միջոցներ: Որոշ միջազգային պայմանագրեր պարունակում են միջազգային դատարանի պահանջները կատարել հրաժարվող պետության բարոյական և քաղաքական դատապարտման ընթացակարգ, բայց անհնար է, օրինակ, պետությանը պարտադրել սատիսֆակցիայի (բավարարման` պաշտոնական ներողություն խնդրելուն), ռեստիտուցիայի (նախկին իրավիճակի վերականգման) կամ նյութական վնասի փոխհատուցման (ռազմատուգանք, ռեպարացիա վճարելուն):
Առանձին պետություններ կամ նրանց միավորումները դիմում են միակողմանի սահմանափակող միջոցների (պատժամիջոցների)՝ խախտողին զգալի տնտեսական և քաղաքական վնաս պատճառելու նպատակով, բայց դա միշտ չէ, որ տեղի է ունենում: Ամենահայտնի օրինակներից է ԱՄՆ-ում Մագնիտսկու գլոբալ օրենքը, որը նախագահի վարչակազմին թույլ է տալիս սահմանափակումներ մտցնել մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի և նման այլ արարքների մեջ մեղավոր ցանկացած օտարերկրյա անձանց դեմ: Կոլեկտիվ պատժամիջոցներ իրավունք ունի սահմանել ՄԱԿ-ի (Միացյալ ազգերի կազմակերպության) Անվտանգության խորհուրդը, եթե օրինախախտ պետությունը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Միջպետական վեճերը քննելու իրավասություն ունեցող ամենահայտնի միջազգային դատարաններն են ՄԱԿ-ի Միջազգային դատարանը (ՄԱԿ-ի ՄԴ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ-ը): Առաջինը դիտարկում է միջազգային, երկկողմ և բազմակողմ պայմանագրերի խախտումների վերաբերյալ բողոքները, իսկ երկրորդը՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) խախտումները, որի կողմերն են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը:
Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջների էությունը
1. ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատավարությունը
2021 թ. սեպտեմբերի 16-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից և այսպես կոչված հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Երևանը ՄԱԿ-ի ՄԴ-ին ընդդեմ Բաքվի բողոք է ներկայացրել՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Հայաստանի կարծիքով՝ Ադրբեջանը «տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասայական խտրականության», իսկ «պետության կողմից պահպանվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվում են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ ոտնձգությունների»: Այդ խախտումները իրականացվում են հայերի նկատմամբ՝ անկախ քաղաքացիությունից, բացառապես հայկական էթնիկ և ազգային ծագման հիման վրա:
Այս դատավարության շրջանակներում քննվում էին նաև այսպես կոչված «էկոակտիվիստների» և Ադրբեջանի ռազմական ոստիկանության ուժերի կողմից Լաչինի (Բերձորի) միջանցքի շրջափակման վերաբերյալ Հայաստանի բողոքները, և 2023 թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանին հրաման է արձակել «ձեռնարկել բոլոր առկա միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։ Արդեն Արցախի հայաթափումից հետո 2023 նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի ՄԴ-ն Հայաստանի միջնորդությամբ նոր հրաման է արձակել, որում պահանջներ են ներկայացվել Ադրբեջանին՝ «ապահովել տարածաշրջանը 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո լքած և վերադառնալ ցանկացող հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ անվտանգ, անարգել և ամենաարագ կերպով», ինչպես նաև «պաշտպանել և պահպանել գրանցման, նույնականացման փաստաթղթերը և անձնական գույքի մասին գրառումները»։ Հետաքրքրական է, որ այդ հրամաններին դեմ քվեարկած դատավորներից մեկը նշել էր, որ Լաչինի միջանցքը de jure և de facto «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ է»։ Երևանն այդ փաստը շրջանցում էր, թեև Ադրբեջանի ներկայացուցիչը 2023 թ. հունվարի 30-ի դռնբաց նիստում վկայեց միջանցքով «ազատ» երթևեկելու հարցով ռուս խաղաղապահների հետ մշտական «հաղորդակցության» մասին:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի օրը, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ է հղել ՄԻԵԴ-ին և պահանջել ժամանակավոր միջոցներ կիրառել իրավիճակի վատթարացումից խուսափելու համար, այն է՝ «դադարեցնել Արցախի և Հայաստանի զինված ուժերի հետ շփման գծի ողջ երկայնքով քաղաքացիական բնակավայրերի վրա ռազմական հարձակումները», «դադարեցնել ոչ խտրական հարձակումները», «դադարեցնել քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների և բնակավայրերի վրա թիրախավորված հարձակումները»: Երկու օր անց ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց, որով երկու կողմերին պարտավորեցրեց ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, մասնավորապես՝ բախումներից, որոնք կարող են քաղաքացիական բնակչության համար վտանգ ներկայացնել և, համապատասխանաբար, բերել ՄԻԵԿ-ի (կյանքի և արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքների) հետագա խախտման:
Քանի որ պատերազմին, ի թիվս այլոց, ներգրավվել էր նաև ՄԻԵԿ-ի մասնակից Թուրքիան, Հայաստանն առանձին բողոք էր ուղղել ընդդեմ Անկարայի։ Ի թիվս այլ բաների, Թուրքիան մեղադրվում է վարձկանության մեջ, որն արգելված է միջազգային իրավունքով։ 2020 թ. հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը վճռել է, որ նախկին պահանջները տարածվում են Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված բոլոր պետությունների վրա: Ռազմական գործողությունները շարունակվեցին, և 2020 թ. նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ն իր որոշումը տարածեց նաև ռազմագերիների և ձերբակալվածների, ինչպես նաև բոլոր այն անձանց վրա, ում իրավունքները կարող էին խախտվել զինված հակամարտության ընթացքում: Ավելի ուշ՝ 2020 թ. դեկտեմբերին, ՄԻԵԴ-ը չեղարկեց Թուրքիայի վերաբերյալ իր որոշումը, քանի որ վերջինս նոյեմբերի 9-10-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության մասնակից չէր։
2021 թ. հունիսի 29-ին Հայաստանը ևս մեկ միջպետական բողոք է ներկայացրել՝ այս անգամ հայ ռազմագերիներին ազատ արձակելուց և Հայաստանին փոխանցելուց Ադրբեջանի հրաժարվելու, արդար դատաքննության իրավունքի աղաղակող խախտման ու Ադրբեջանում պահվող հայազգի քաղաքացիների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության վերաբերյալ։ Դատարանը սկսեց քննել բողոքը, որևէ էական որոշում դեռևս չկա։
Նույն թվականի օգոստոսին Երևանը ՄԻԵԴ դիմեց Բաքվին ուղղված երրորդ հայցով։ 2021 թվականի գարնանը-ամռանը սահմանային բախումներից հետո Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքների մի մասը հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ, ուստի ՄԻԵԴ-ին ուղղվեցին Հայաստանի համապատասխան պահանջները՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու վերաբերյալ։ Հավելյալ տեղեկություններ Միջազգային իրավական հարցերով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի հրապարակել:
Ցայսօր Հայաստանի կողմից ՄԻԵԴ վերջին գանգատը ներկայացվել է 2022 թ. մարտի 24-ին, և այն կապված է արցախահայության բռնի տեղահանման, Արցախի շրջափակման և Լաչինի (Բերձորի) միջանցքի փակման հետ։ Ըստ Հայաստանի՝ Արցախում Ադրբեջանի դիտավորյալ արարքները կյանքի իրավունքի, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի արգելքի, արդար դատաքննության իրավունքի, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի համակարգային խախտումներ են առաջացնում: 2021 թ. դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը միջանկյալ վճռով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին անօգնական վիճակում հայտնված մյուս բոլոր մարդկանց անվտանգ անցումն ապահովելու համար»։ Բողոքը մինչ օրս գտնվում է Եվրադատարանի քննության փուլում։
Ի՞նչ կհետևի միջպետական բողոքներից Հայաստանի հրաժարվելուն
Եվ այսպես, 44-օրյա պատերազմից, սահմանային մարտերից և Արցախի հայաթափվելուց հետո միջազգային դատարաններում քննվում է Հայաստանի գանգատների վերաբերյալ հինգ գործ: Պատասխան հայցերին մենք ակնհայտորեն ուշադրություն չենք դարձնում, քանի որ դրանցից հրաժարվելը կախված է Ադրբեջանի կառավարությունից, որն ակտիվորեն և շարունակաբար Հայաստանի դեմ հայցեր էր ներկայացնում 2020 և նույնիսկ 2016 թ. պատերազմներից շատ առաջ։ Միանգամից նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ համաձայնագրի նախագիծը հիմնականում պարունակում է հռչակագրային նորմեր, որոնք հղում են կատարում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և գոյություն ունեցող միջազգային պայմանագրերին՝ կողմերի ինքնիշխան հավասարություն, միջազգային իրավունքի հետ կապված պարտավորությունների բարեխիղճ կատարում, տարածքային ամբողջականություն, Ալմա-Աթայի արձանագրությունների հիման վրա գծած պետական սահմանների անխախտելիության նկատմամբ հարգանք։ Եթե կողմերը ստորագրեն և իրականացնեն (գործի դնեն) «խաղաղության» պայմանագիրը, և այն պարունակի բողոքներից հրաժարվելու դրույթ, դա կնշանակի հետևյալը։
Նախ, բողոքներից հրաժարվելու մասին դիմումը հանգեցնում է գործի վարույթի կարճմանը և համապատասխան դատարանում քննության ավարտին:
Հետագայում նույն փաստերով կրկնակի վարույթ լինել չի կարող։ Ըստ ներկայացված բողոքների էության, դա կնշանակի նաև, որ Հայաստանը համաձայն է հայատյացության առկա պետական քաղաքականությանը, որն արտահայտվեց Արցախի վրա զինված հարձակմամբ, նրա բնիկ բնակչության բռնի տեղահանմամբ և զանգվածային ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով, Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերին արդար դատաքննության և արժանապատիվ ու հավասար վերաբերմունքի մերժմամբ:
Երկրորդ, մենք համոզված ենք, որ Ադրբեջանի և նրա քաղաքացիների կողմից միջազգային իրավունքի խախտումների բազմաթիվ այլ փաստերով ցանկացած այլ բողոք, ինչպես միջպետական, այնպես էլ անհատական, բախվելու է նրա կողմից ակտիվ դիմադրության, ընդ որում, որպես հիմնավորում, հղում է կատարվելու «խաղաղության» պայմանագրի այդ դրույթին՝ որպես «հետագա գանգատներից» իբր հրաժարում։ Նման պայմանագրային ոճաձև հայտնի է միջազգային իրավունքին, օրինակ՝ դաշնակիցների և 1947 թ. Իտալիայի միջև խաղաղության պայմանագրում (77-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆ) վերջինիս պարտավորությունն էր հրաժարվել «Գերմանիայի և նրա քաղաքացիների նկատմամբ բոլոր պահանջներից»: 2012-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Իտալիային պարտավորեցրեց անվավեր ճանաչել բոլոր այն դատական որոշումները, որոնք բավարարում էին Գերմանիայի սահմաններից դուրս գերմանական սեփականության նկատմամբ ռեապարացիայի պահանջները, չնայած Իտալիան պնդում էր, որ 1947 թ. դրությամբ նացիզմի բազում հանցագործություններ դեռ հայտնի և հետաքննված չէին:
Հասկանալի է, որ նման հարցերը լինելու են միջազգային պայմանագրի մեկնաբանման՝ կողմերի իրական կամքի բացահայտման, պայմանագրի կնքման քաղաքական-պատմական համատեքստի հաշվառման, «խաղաղության» պայմանագրի կնքման նպատակների հարթությունում։ Մասնավորապես, նշենք, որ ցանկացած միջազգային գանգատներից նման պայմանագրային հրաժարումը կարող է հակասել միջազգային իրավունքի հրամայական նորմերին, ինչը հանգեցնում է դրա անվավերությանը: Սակայն այդ հարցը պետք է լուծի միայն միջազգային դատարանը` պետությունը չի կարող միջազգային պայմանագիրը միակողմանիորեն անվավեր ճանաչել։ Այլ կերպ ասած, ադրբեջանական ռազմական հանցագործները կարող են խուսափել միջազգային իրավունքով պատասխանատվությունից, իսկ ադրբեջանական պետությունը՝ օրինական կերպով մերժել Հայաստանի, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից` Ադրբեջանի զինված կազմավորումների հանցավոր արարքների և պետական իշխանության որոշումների հետ կապված ցանկացած պահանջ։
Ի դեպ, բացարձակապես չի կարելի վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ինչպես և նրան հաջորդող ցանկացած մեկը, պաշտպանելու է Հայաստանի և նրա քաղաքացիների շահերը միջազգային իրավական դաշտում։ Անկեղծ ասած, ընթացիկ միջազգային դատավարություններն էլ բավարար չեն. առաջին հերթին, մտքիս է գալիս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային վեճի խաղաղ կարգավորումից Ադրբեջանի կառավարության միտումնավոր մերժումը և բազմաթիվ ագրեսիվ պատերազմներին անցումը: Դրանից բացի, Հայաստանը ձեռնպահ է մնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, երկկողմ պայմանագրերի և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության գործողությունների և անգործության իրավական գնահատականից։
Ոչինչ չի խանգարում պատշաճ կերպով հետաքննել 44-օրյա պատերազմի ընթացքում, միջպատերազմյան շրջանում և 2023 թ. արցախահայության բռնի տեղահանման ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումների հանցավոր արարքները և նույնականացված կասկածյալներին միջազգային քրեական հետախուզում հայտարարել Ինտերպոլի և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) քրեական մեխանիզմի շրջանակներում: Ի վերջո, Ադրբեջանը խախտել է միանգամից մի քանի դատական ակտեր, որոնք նրան պարտադրել են ապահովել արցախահայության արժանապատիվ կեցությունը հայրենի տարածաշրջանում, ինչը կարող է ևս մեկ հիմք հանդիսանալ Բաքվին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար:
Եթե Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը կամ Հայաստանում իշխող խառնախմբից որևէ մեկը մտադիր է պաշտոնապես հրաժարվել այդ բոլոր միջոցառումներից, ապա որևէ «խաղաղության» պայմանագիր ընդհանրապես պետք չէ։ Հասկանալի է, որ ակնհայտ անարդար պայմաններով չի կարող լինել արդյունավետ և կայուն խաղաղություն։ Ավաղ, «պացիֆիստների» համար անհասկանալի է, որ նման պայմաններով չի կարող լինել նաև հենց ինքը` Հայաստանը։ Պետությունը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիներին, իրավունք չունի գոյություն ունենալ, այն պարզապես իմաստազուրկ է: Նման վարվելաձևը չի ներում նույնիսկ «խոտակեր» միջազգային իրավունքը, էլ ինչ խոսք ամենադաժան թշնամու մասին։
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Հայկական Հանրապետության» տեսակետներին:
[1] Միջազգային իրավունքի հրամայական նորմերն այնպիսի հիմնարար նորմեր են, որոնցից ցանկացած շեղում պետությունների գործողություններն իրավաբանորեն առոչինչ է դարձնում։ Հրամայական նորմերը պետք է պահպանվեն և կիրառելի լինեն միջազգային հարաբերությունների ցանկացած ոլորտի և առանց բացառության բոլոր պետությունների միջև հարաբերություններում:
[2] Երբ մի ազգ կամ երկիր միջնորդության առաջարկ է անում երկու ուրիշ ազգերի կամ երկրների միջև ծագած անհամաձայնությունները լուծելու համար։
