«Արցախը Հայաստան է, և վերջ». հայկական երազանք, որն իրականացավ նույնքան սրընթաց, որքան սկսեց մարել: Հայկական աշխարհը դրա իրականացման համար շատ բարձր գին է վճարել, սակայն այն մոռացության մատնելը նույնիսկ ավելի թանկ է նստում։ Այս հոդվածը Արցախի կորստի մեջ մեղավորների մասին չէ. մեր բոլոր նյութերն այս կամ այն կերպ մատնանշում են «Միացում»՝ Արցախի հետ վերամիավորում իրականացնելու առաքելությամբ ծնված Երրորդ Հանրապետության համընդհանուր ձախողման պատճառները: Սակայն «բոլորն էլ մեղավոր են»-ը չափազանց մակերեսային բացատրություն է, որը հայկական աշխարհի հենակետերից մեկի կորստի գործում իրենց չափաբաժինն ունեցող անհատներից ու խմբերից վերցնում է պատասխանատվության իրենց բաժինը: Սույն հոդվածում կխոսվի նրանց մասին, ում գործին ամենաշատը եկավ «Միացումի» բուն օրակարգից շեղումը՝ Արցախում ժանտախտի օրոք համատարած քեֆ կազմակերպած «վերնախավերի» մասին:
«Երկու հայկական պետությունների» միֆը
«Հայկական երկու պետությունների» գաղափարը, ինչպես և հայկական աշխարհի վիժեցման բոլոր հանճարեղ նախագծերը, ի սկզբանե հանրությանն էր մատուցվում արտաքին լեգիտիմությանն ու անվտանգությանը նպաստելու տեսանկյունից։ Անշուշտ, տեղում տիրող իրավիճակի մասին իրազեկ միջազգային հանրության մոտ նման դասավորությունը միայն տարակուսանք էր առաջացնում, ինչպես նաև թույլ էր տալիս հրաժարվել Արցախի ճանաչումից, քանի որ դա չի արել նաև Հայաստանը, իսկ թշնամուն առիթ էր տալիս հակառակվելու հայերի հիմնական փաստարկին` ինքնորոշման իրավունքին, քանի որ այն արդեն իրականացված էր Հայաստանի Հանրապետության շրջանակներում, իսկ երկրորդ հայկական պետությունն, իհարկե, շռայլություն էր։
Առավել կարևոր են հենց հայության համար հետևանքները, իսկ դրանք իրենց երկար սպասել չտվեցին. սկսեց ձևավորվել արցախյան առանձին «վերնախավ», ոտնահարվեցին Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական, մասնավորապես՝ ընտրական, իրավունքները, ոչ առանց արտաքին միջամտության սկսեց տեղի ունենալ «մայրցամաքային» Հայաստանի և Արցախի հայերի միմյանցից հոգեբանական օտարումը։ Քառորդ դար անց այդ ամենը կանդրադառնա Փաշինյանի պնդումներով, թե ինքը Արցախի ճակատագիրը որոշելու մանդատ չունի, ապա նրանով, որ նա այնուամենայնիվ այն իր անձեռնհասությամբ և անտարբերությամբ կվճռի, վերջապես նրանով, որ այդքանից հետո նա կհայտարարի, որ արցախահայերը՝ թեկուզև Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող, իրականում Հանրապետության քաղաքացի չեն։ Երևանում, Աբովյանում և Գյումրիում բնակվող հայերի մոտ մի կողմից Արցախի անհրաժեշտության վերաբերյալ կասկածները և վերջիններիս՝ իրենց նկատմամբ բարյացակամ տրամադրվածության վերաբերյալ անվստահությունը արցախահայության մոտ շատ ավելի վաղ կծագեն։
Այս ամենի մեջ, իհարկե, կարելի է արդարացիորեն մեղադրել Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ձգտում էր Հայաստանն Արցախում տարած հաղթանակից հեռավորության վրա պահել և նույնիսկ չփորձեց այն քաղաքականապես ամրագրել։ Սակայն Գորիսից ու Վարդենիսից այն կողմ գտնվեցին նրանք, ում այս դասավորվածությունը բացարձակապես ձեռնտու էր, չէ՞ որ նախագահ լինելը մարզպետ լինելուց ավելի շահավետ է, իսկ պատգամավոր լինելը` ավագանու անդամ ծառայելուց։ Եվ խոսքն այստեղ բացառապես Արցախի՝ որպես վաստակի աղբյուրի ճղճիմ ընկալման մասին է, չէ՞ որ եթե դրդապատճառը փառասիրությունը լիներ, արցախյան «վերնախավերը» երևանյան տերերին, իսկ հետո նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գեներալներին ծառայելու չէին վազի։
Անհարմար ճշմարտությունն ու անհարմար մարդիկ
Ամեն ինչ սկսվեց ինքներս մեզ չճանաչելուց, և, հետևաբար, չընդունելուց: Արցախի Անկախության օր էր հռչակվել սեպտեմբերի 2-ը, թեև իրականում անկախացումը տեղի է ունեցել հայկական Սուրբ Ծննդին՝ 1992 թ. հունվարի 6-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Գերագույն խորհրդի առաջին համագումարում ընդունած նույնանուն հռչակագրով: Ինչո՞ւ այդ օրն անտեսվեց Արցախի բոլոր իշխող խմբերի կողմից։ Այն իսկ պատճառով, թե ինչու հենց այդ առաջին գումարման նախագահ, Արցախի իսկական առաջին ղեկավար դավաճանաբար սպանվեց 1992 թ. ապրիլին, թե ինչու դրա համար ոչ ոք պատիժ չկրեց, և ինչու այդ անեղծ մտավորականն ու մարտական հրամանատարը, ազգային-ազատագրական շարժման հիմնադիրներից մեկը Արցախի հերոսի կոչմանն արժանացավ միայն 2020 թ.՝ պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Մինչև 2020 թվականի գարուն Արցախի առաջնորդներից գեթ մեկը երբևէ նրա շիրիմին ծաղիկներ չէր խոնարհել։
Արցախի առաջին ղեկավար Արթուր Մկրտչյանը կարող էր դառնալ հայերի Լեխ Վալենսան (լեհական ազգային-ազատագրական շարժման լեգենդար հայրը), բայց դարձավ Արցախի հողում հայկական աշխարհի չիրացրած ներուժի խորհդրանիշը: Հայոց պետականության վիժեցման սկիզբը դրեցին հենց այն պատճառները, որոնցով Մկրտչյանի կառավարմանը դեմ էին գրեթե բոլոր խոշոր խաղացողները` ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը (ով ոչ միայն երրորդ հանրապետության երկրորդ նախագահ էր, այլև 1994-1997 թթ. ֆորմալ առումով Արցախի առաջին նախագահը), և ով չկարողացավ Մկրտչյանին հաղթել Գերագույն խորհրդում քվեարկության ժամանակ։ Հենց Արցախի, ապա նաև Հայաստանի նախագահ, «Դաշնակցություն» կուսակցության ապագա երդվյալ բարեկամ Ռոբերտ Քոչարյանն էր այն ժամանակ պնդում, որ պետք է իրեն ընտրել, քանի որ նա, ի տարբերություն դաշնակցական Մկրտչյանի, մտերիմ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ուստի իր համար ավելի հեշտ կլինի Հայաստանի նախագահի հետ համաձայնեցնել ԼՂՀ քաղաքականությունը։
Այսպիսով խիստ վտանգավոր քաղաքական մտածողության հիմք դրվեց, որի պատճառով Արցախի և Հայաստանի իշխանությունները սերտաճեցին մեկ ամբողջության` երկու հասարակությունների միմյանցից հեռանալուն զուգահեռ։ Քոչարյանի պատկերացմամբ դաշնակցականները կարող էին Արցախում իշխանության գալ միայն այն ժամանակ, երբ դա կհաջողվեր իրենց կուսակիցներին հենց Հայաստանում։ Այնուամենայնիվ, Արթուր Մկրտչյանի ողբերգական մահը երևանյան այն ժամանակվա իշխանությունները որակեցին որպես «ազգային-ազատագրական պայքարի ելած ժողովրդի ուժերը ջլատելու նպատակով չարանենգ սպանություն», սուգ հայտարարեցին և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ իջեցրին պետական դրոշները: Մի խոսքով, արեցին այն ամենը, ինչ այդպես էլ գլխի չընկավ անել Տեր-Պետրոսյանի սան Փաշինյանը 2023 թ. սեպտեմբերին` պատմական հայրենիքից առնվազն հարյուրավոր մահերով ուղեկցված 120 հազար հայերի զանգվածային տեղահանումից հետո։
Արթուր Մկրտչյանի սպանությունից անմիջապես հետո Արցախի իշխանությունները, որոնք, ի տարբերություն նրա, կայացել էին նոր գաղափարներ մերժող պայմաններում և լավագույն դեպքում պիտանի էին կոմերիտական (Կոմսոմոլի) քարտուղարներ ծառայելու համար, սկսեցին ինքնակամ վերածվել երևանյան ֆեոդալ-օլիգարխիկ համակարգի կցաճուկի՝ դրանով իսկ զրկվելով իրենց վստահված երկու հարյուր հազար հայերի անվտանգության և բարեկեցության համար սեփական ջանքեր գործադրելու որևէ շարժառիթից։ Դրա փոխարեն նրանք այդ բարեկեցությունը երաշխավորեցին հենց իրենց համար։ Հաշվի առնելով, որ նրանցից շատերն այժմ Բաքվի բանտում են, երաշխիքը, փաստորեն, ցկյանս չէր գործում, այնուամենայնիվ նրանք հասել են իրենց գլոբալ նպատակին՝ ընտանեկան կարողության բազմապատկմանը։ Չէ՞ որ միայն իսկական վերնախավն է մտածում համազգային շահերի կատեգորիաներով, իսկ դրանց բարձրակետը նեղ ընտանեկան ու կլանային շահերն էին։ Կլանելով երևանյան տերերի տրամադրած վարկերը՝ նրանք չէին գիտակցում (կամ նրանց չէր հուզում), որ դրանով տակից պայթեցնում են նաև Արցախի ապագան։ Արդյունքում, բացի այն, որ Արցախը կորցնում էր արժեքավոր ռեսուրսներ, որոնք պետք է ուղղվեին նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը, այն նաև սկսում էր «մայրցամաքային» Հայաստանի հասարակության և աշխարհասփյուռ հայ համայնքների կողմից որպես «աղքատ ազգական» ընկալվել` դրանից բխող բոլոր հետևանքներով։
Նրանց, ովքեր պատրաստ էին հանուն իրենց ժողովրդի ապագայի համակերպվել նման «աղքատ ազգականի» հետ, տեղի «վերնախավերը» նույնպես ներել չէին կարող։ Ժամանակին հայ բարերար Լևոն Հայրապետյանը, ով բազմաթիվ համակարգային բարեգործական ու կրթական ծրագրեր էր ձեռնարկել Արցախում և մտադիր էր ռազմական ուսումնարան բացել, որպեսզի հայոց բանակն այլևս հույսը չդնի միայն անձնվեր ինքնուսների վրա, այլ լիարժեք տիրապետի ռազմագիտությանը, մշտապես բախվում էր տեղի «վերնախավերի» դիմադրությանը, որոնք չէին ցանկանում, որ խոշոր գործարարն ինքնուրույն վերահսկի սեփական ներդրումները և նախաձեռնողականություն ցուցաբերի Արցախի զարգացման հարցերում: Ուստի զարմանալի չէ, որ երբ Հայրապետյանը մտացածին մեղադրանքով հայտնվեց ռուսական բանտում (ընդ որում՝ կալանավորման ամենադաժան վայրերից մեկում), Երևանի և Ստեփանակերտի ներկայացուցիչներից ոչ ոք իրական ջանքեր չձեռնարկեց, որպեսզի առողջական ծանր վիճակում գտնվող բարերարը ազատության մեջ հայտնվի։ Ահա այսպիսի «բոնուս» առանց այն էլ հայկական աշխարհի բոլոր մասերում ահագնացող հիասթափությանը առ անհամապատասխանությունը այն Արցախի, որի համար պայքարել են, այն Արցախին, որը կառուցվեց։
Ի դեպ, գործնականում ջանքեր չեն գործադրվել նաև որքան հնարավոր է շատ հայաստանյան և աշխարհասփյուռ հայերի Արցախ այցելելուն նպաստելու և նրանց նրա յուրահատկությունն ու արժեքը գիտակցել օգնելու համար: էլ չենք խոսում նրանց վերաբնակեցման կամ հայրենադարձության շահագրգռելու փորձերի և դրա համար պայմաններ ստեղծելու մասին։ Արցախյան «վերնախավերի» նման ալարկոտության պատճառով արտասահմանյան համայնքների առավելապես Արևմտյան Հայաստանից փրկվածների ժառանգորդ և Արցախում հաղթանակի շնորհիվ ինքնության նոր շերտ ձեռք բերած, 1990-ականներին այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած հայության մոտ այդպես էլ կապվածություն չձևավորվեց Արցախի՝ որպես հայրենիքի հետ:
«Վերնախավը» տերերի որոնումներում
Ստեփանակերտում բազմած երևանյան ֆեոդալ-կլանային համակարգի կուսակալները չէին ձգտում բովանդակալից կապեր հաստատել հայական աշխարհի այս երկու ճշմարիտ հենասյուների` հայաստանյան հասարակության և աշխարհասփյուռ հայության հետ, որոնք վճռորոշ ներդրում ունեցան Արցախում համահայկական հաղթանակի և հետպատերազմյան վերականգնման գործում: Դա ուրանալով` արցախյան «վերնախավերը» հատկացրած միջոցներն ընկալում էին որպես երևանյան տերերի շռայլ նվեր՝ նրանց վարվեցողականության դիմաց։ Այդ գումարների համար «երախտագիտությունը» որևէ քաղաքական պատասխանատվություն չէր պահանջում դրանց իսկական նվիրատուների և Արցախի ժողովրդի առջև, քանի որ գլխավոր պատվիրատուներն ու բիզնես գործընկերները (որոնք էլ իրենց հերթին պատվիրատուներ ունեին) նստած էին Բաղրամյան 26-ում։ Ուստի զարմանալի չէ, որ 1990-ականների վերջին ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ հակամարտության կարգավորման գլխավոր հարթակի) Մինսկի խմբի ձևաչափից արցախյան կողմի բանակցողների հեռացումը դուրս կորզվողների շրջանում բուռն արձագանք չառաջացրեց։
Նման պայմաններում արցախյան «վերնախավի» մաս կազմելը շատ հարմար էր. անարգել մուտք դեպի ընդերք, անտառներ, հարուստ ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսական հանդակներ, «գորշ գոտու» նկատմամբ միջազգային վերահսկողության և ուշադրության բացակայություն, մասնավորապես՝ կապիտալի և արտադրության հարցերում, քաղաքացիների՝ «միասնությունն» ու «լեգիտիմությունը» ավելորդ հարցերով խաթարելու մտավախություններ, հասանելիություն ողջ հայկական աշխարհի միջոցներին և պետական ապարատում բոլոր ազգականներին տեղավորելու հնարավորություն` անկախ նրանց որակավորումից։ Զարմանալի չէ, որ դոտացիաների այս բուրգը արմատախիլ արեց զարգացման մոտիվացիան և ծնեց անօգուտ բյուրոկրատիայի դաս, որին Արցախի կորստից հետո հնարավոր չէ նույն կերպ տեղավորել Երևանի առանց այն էլ ուռճացված պետական ապարատում, իսկ մնացած ոլորտներում այդ դասը մեծ քաղաքի տնտեսության մեջ մրցունակ չէ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն պաշտոնյաների, այլև միջոցներ ներգրավելու և աշխատանքը օպտիմալացնելու անհրաժեշտություն հիմնականում երբևէ չունեցած և չզգացած ֆերմերների, լրագրողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների մասին է։
Հետաքրքրական է, որ մինչև 2018 թվականը այս համակարգի հետ որևէ կապ չունեցող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ հարցում նախընտրեց հին «կոստյումը» և չէր էլ մտածում վերագործարկել Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների միջև հարաբերությունների ձևաչափը, իսկ մենք «պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»։ Ավելին, Փաշինյանը նույնիսկ անմասն չմնաց ճնշելուն Արցախի բնակիչների՝ 2018-ի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջացած հույսերը, որ փոփոխություններ կլինեն նաև Արցախում: Վարչապետն Արցախ այցելեց 2018-ի հունիսին և անձամբ իր զորակցությունը հայտնեց այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանին, ով 2017-ին Սերժ Սարգսյանի օրինակով իր պաշտոնավարումը երկարացրեց սահմանադրական բարեփոխումների միջոցով և ճնշում էր բողոքի ցույցերը: Արդյունքում արցախյան «վերնախավերը» մեծ պատերազմի նախօրեին խուսափեցին լուրջ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունից։ Ընդ որում, մի կողմ քաշվելն ու հրաժարական տալն այնքան էլ վնասաբեր չէր լինի. ամեն տարի նախկին նախագահներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին ապահովելու համար Արցախի բյուջեից մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար էր հատկացվում։
Բացի դրանից, 2018 թվականից ի վեր արցախյան «վերնախավերի» մի մասը, որը չափազանց բառացի էր մեկնաբանում հայաստանյան իշխող դասին հավատարմություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, իր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացրել էր Երևանում ընթացող ներքաղաքական պայքարի վրա, չէ՞ որ նախկին իշխանությունից հովանավորներից զրկվելը նրանց գրպանին շատ ավելի կդիպչեր, քան Արցախի կորուստը։ Հետևաբար, նրանցից շատերի համար 2020 թվին նույնիսկ ավելի ընդունելի էր պարտությունը, որը կարող էր հովանավորներին օգնել վերադառնալ իրենց պաշտոններ, քան այն մեղմելու կամ նույնիսկ նրանից խուսափելու համար ջանքեր գործադրելը (ինչը, անշուշտ, նրանց պատերազմի ողբերգական ավարտի գլխավոր մեղսակիրներ չի դարձնում, բայց առնվազն մեղսակիցներ):
Առ այսօր Արցախի արդեն նախկին իշխանավորները Երևանում իշխանության համար գզվռտոցի նկատմամբ անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, քան իրենց ճակատագիրը նրանց վստահած նախկին ընտրողների։ Արցախի ներկայացուցչություն կարող է մտնել յուրաքանչյուրը, բացի նրանցից, ում այն պարտավոր է ներկայացնել, իսկ Արցախի վերջին՝ տասնօրյա «նախագահ» Սամվել Շահրամանյանն ուրիշ հոգսեր ունի, ինչպիսին է, օրինակ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից անօրեն յուրացման կասկածանքով առգրավված պետական ավտոմեքենան։
Շահրամանյանի բախտն ավելի շատ է բերել, քան իր «համաքաղաքացիների». Բագրատ արքեպիսկոպոսը քրիստոնեական համերաշխության ավյունով նրան դրա փոխարեն հանձնեց իր «Լեքսուսի» բանալիները։ Թերևս այսպիսին է Շահրամանյանի վարձահատուցումը Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր ստորագրելու ու Ակնայով (Աղդամով) Ադրբեջանից Արցախ (ոչ առանց արցախահայության դիմադրության) մուտք գործած «Կարմիր կիսալուսնի» «մարդասիրական օգնությունը» խրախուսելու համար, մինչ «Կարմիր խաչի» և Փարիզի քաղաքապետարանի բեռնատարները շաբաթներ շարունակ պարապուրդի էին մատնված Լաչինի միջանցքում՝ սպասելով սովամահ լինող Արցախ Հայաստանից մուտք գործելու թույլտվությանը։ Ի դեպ, Արցախյան «վերնախավը» նույնն է մնացել և նույնիսկ հիմա, ատելով երևանյան ժամիշխաններին, բավականին զուսպ կերպով է ներգրավվում ընդհանուր պայքարի մեջ, որովհետև, ինչպես և առաջ, ակտիվներն ավելի կարևոր են, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի նշանակած «կարմիր գծերն» ավելի լավ է չանցնել, թե չէ վշտաբեկ քաղաքացիները կարող են իրենց դժբախտությունների պատճառների մասին իմանալ չափից շատ, պերճատներն էլ մենախցերից շատ ավելի հաճելի են:
Իրերն ընդդեմ իրերի իմաստի
Այս պայմաններում ո՞ւմ էին հետաքրքրում ժողովրդագրությունը, մարդկային կապիտալի զարգացումը, գոնե գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումը, հիդրոէլեկտրակայանների ավելի մտածված կառուցումը, որպեսզի գետերի հովիտները անապատներ չդառնան: Հաստատ ոչ նրանց, ով գործնականում մենաշնորհել է այս ամենը, ինչպես, օրինակ, նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մյուս կողմից, հենց նա է 2020 թ. ընտրություններից առաջ՝ դեռ պատերազմից առաջ, որպես «մասնագետ» հայտարարել համավարակի ֆոնին պարենային անվտանգությանը սպառնալիքների մասին, բայց 2022-2023 թթ. շրջափակման ընթացքը ցույց է տալիս, որ սպառնալիքը նա լոկ խոսքերով է գիտակցել՝ մանավանդ որ պատերազմից հետո Արցախը զրկվել է բազմաթիվ վարելահողերից, իսկ պահպանվածներից շատերը մշտապես ադրբեջանական զինվորականների թիրախում էին։ Ավաղ, հասարակությունը շատ ուշ սկսեց հարցեր տալ «վերնախավին», որը թյուրիմացաբար էր հայտնվել հայության լավագույն զավակների ջանքերի գերկենտրոնացմամբ ազատագրված հայկական աշխարհի առաջնագծի ղեկին։
Իմաստների նենգափոխումը համատարած էր. 5-10 տարին մեկ Արցախի «վերնախավը» կոնյունկտուրային նոր սահմանադրություններ էր սկսում առաջ տանել՝ կտրվելով հասարակության առջև ծառացած մարտահրավերներից, մինչև 2013 թվականը արդեն 8 կրթության նախարար էր փոխել, բայց այդ բոլոր փոփոխություններն իրականացվում էին միայն հանուն իրականում ոչինչ չփոխելու։ Նրանք, ովքեր պետք է կազմեին հոգևոր և մտավոր վերնախավ, հետևելով քաղաքական «վերնախավի» օրինակին, նախընտրում էին նրան ծառայել որպես կցաճուկ, այլ ոչ թե նրա և հասարակության համար բարոյական ուղեցույց: Ամպագոռգոռ կենացներ, ցածրորակ «հայրենասիրական» երգեր, աղավաղված ավանդույթների վերարտադրում. ոչ մի շեղում Երևանից ու սեփական իշխանություններից, քանզի «միասնությունն» ամեն ինչից վեր էր:
Զարմանալի չէ, որ այս ֆոնին ոչ միայն հասարակության, այլև նույնիսկ «վերնախավի» շատ ներկայացուցիչներ սկսեցին շփոթել «պետություն» և «իշխանություն» հասկացությունները։ Ճակատագրի դաժան հեգնանքն այն է, որ այդ երկուսի վերջը մոտավորապես միաժամանակ եկավ. անմիջապես պետության «լուծարումից» հետո հենց այդ իշխանությունները հայտնվեցին Բաքվի բանտում։ «Միասնությունն» այդ խմբերը ոչ թե պարզապես իմաստով չհագեցրին, այլ կարծես միտումնավոր իմաստազրկեցին, և բոլոր նրանք, ովքեր այդ տգեղ նորմայի մեջ չտեղավորվեցին՝ լավ ճաշակի, ստույգ ավանդույթների, իրական պետականամետ դիրքորոշման կրողները, արցախյան հասարակությունում ենթարկվեցին։ Մրցակցությունը ճնշվել է ոչ միայն քաղաքականության, մշակույթի, հասարակության ոլորտներում, այլև այնպիսի հիմնական ենթակառուցվածքում, ինչպիսին է բջջային կապը: Հայկական բջջային օպերատորներն արցախյան շուկա մուտք գործեցին արդեն 2020-ի պատերազմից հետո, իսկ մինչ այդ Արցախում ապրող հայերը գոյատևում էին անորակ շարժական ինտերնետի և ընդհանրապես բջջային կապի անհամաչափ գների պայմաններում։ Այդ ամենի արդյունքը ոչ միայն իրականությունից կտրվելն է՝ ծանրագույն հետևանքներով, այլև որակյալ մասնագետների զանգվածային արտագաղթը, թեև պետք է տեղի ունենար զանգվածային հայրենադարձություն։
Իմաստափոխությունն առավել հրեշավոր էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Մի կողմից, ընդհուպ մինչև 2020 թվականը Արցախի առաջնորդները հայտարարում էին, որ նրանց հայաստանյան գործընկերները ներկայացնում են իրենց դիրքորոշումը միջազգային հարթակներում, նրանց տեղեկացված են պահում, և կարգավորման տեսլականում Ստեփանակերտն ու Երևանը էական հակասություններ չունեն։ Մյուս կողմից, Հայաստանի ղեկավարները Ադրբեջանին արվելիք զիջումները քննարկում էին Բիշքեկյան արձանագրության ստորագրումից և Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակի քաղաքական ձևակերպման համար պայքարից հրաժարվելուց ի վեր, ինչպես նաև բացահայտ համաձայնել էին Մադրիդյան սկզբունքներին։ Սակայն Արցախի իշխանությունները այնպես էին քաղաքականություն ձևավորում և համահայկական ռեսուրսներն օգտագործում, կարծես որևէ հանձնման մասին խոսք չկա. վերականգնում էին Քարվաճառ-Վարդենիս գծով Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհը, ազատագրված շրջաններում տեղավորում Սիրիայից և Լիբանանից փախած հայերին։ Ավելի ուշ կպարզվի, որ դա արել են միայն հերթական կոռուպցիոն շինարարության և այդ հայերին ևս մեկ անգամ փախստական դարձնելու համար։ Միաժամանակ ծամծմում էին այն մանտրան, թե առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, ընդ որում՝ բանակցային գործընթացի մասնակիցներին հստակ պահանջներ չհնչեցնելով։ Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ զգալիորեն թյուրքացված շրջաններ, որոնք ազատագրվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և ծառայում էին որպես անվտանգության գոտի: 2 շրջան՝ Քարվաճառի և Քաշաթաղի, Արցախը կապում էին Հայաստանի հետ և հաճախ բանակցու”թյուններում քննարկվում էին “5+2” ձևաչափի շրջանակներում։
Ոչ մի ժողովրդի ընտրյալ չհամարձակվեց իր ժողովրդին իրազեկել բանակցային օրակարգի փոփոխությունների մասին, որոնց մասին իրենց տեղեկացրել էր, օրինակ, Սերժ Սարգսյանը, որպեսզի սկսեն բարոյապես պատրաստել բնակչությանը։ Չէ՞ որ Արցախը համայն հայության ձեռքբերումն էր, և հայկական աշխարհը, և մասնավորապես իրենց վրա Արցախի պաշտպանության հետ կապված առաջին հարվածները մշտապես վերցնող Արցախի բնակիչները իրավունք ունեին իմանալու սպառնալիքի մասին` այլապես այն հնարավոր չէր կանխել։ Եվ նույնիսկ դա չստիպեց Արցախի ղեկավարներին զբաղվել համընդհանուր ռազմական վերապատրաստմամբ, սկսել ռմբապաստարաններ կահավորել, օրինակ՝ Հադրութում, որպեսզի խաղաղ քաղաքացիները ստիպված չլինեն փախչել առաջին իսկ հարձակման ժամանակ, իսկ զինվորականները համեմատաբար հանգիստ չթողնեն քաղաքը՝ նոր ուժերով վերադառնալու հույսով (թե չէ ո՞ւմ պիտի պաշտպանեին), ականապատել Մեխակավանի (Ջաբրայիլի շրջան) շրջակայքը, քանի որ 2016-ի ոտնձգություններից հետո ակնհայտ էր, որ հարավը դառնալու է հարվածի հիմնական ուղղություններից մեկը։
Նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո՝ արցախցիների համար ծանրագույն տարիներին, խորհրդարանից` մի մարմնից, որը պետք է ծառայեր որպես պետականամետ մտքի կենտրոն և առնվազն թեթևացներ Արցախի քաղաքացիների դրությունը մասնակի, ապա նաև ամբողջական շրջափակման պայմաններում, բամբասանքներից ու անեծքներից բացի կարելի էր լսել լոկ մի բան՝ նախկին հովանավորի (Հայաստանի իշխանությունների) նկատմամբ նկրտումներն ու ներկայիս հովանավորի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի աստվածացումը։ Արդյո՞ք այդ նկրտումներն արդար էին: Անշուշտ: Չէ՞ որ Հայաստանը փաստորեն ձեռքերը լվացել է 2020 թվականից հետո, թեև դա շատ առումներով կապված էր ստեղծված դասավորության հետ։ Սակայն այժմ խոսքը արցախյան «վերնախավերի» քաղաքական տհասության և անպատասխանատվության մասին է, քանի որ նրանք այդ պահի դրությամբ գրեթե անփոփոխ իշխում էին 30 տարի՝ իրենց վստահված միակ՝ Արցախը պահպանելու առաքելությամբ։
Արդյո՞ք դա նրանց ստիպեց սկսել իրենց ընտրած բնակչության անվտանգությունն ապահովելու մասին մտածել։ Ընդ որում՝ ոչ միայն ռազմական անվտանգության, այլև տեղեկատվական, բարոյական, պարենային։ 2022-2023 թթ. շրջափակումը միանշանակ բացասական պատասխան տվեց այս հարցին։ Բովանդակային փոփոխությունների և թարմ գաղափարներ ու մոտեցումներ ներգրավելու փոխարեն՝ ի դեմս 2020 թ. հերոսաբար մարտնչած նոր սերնդի, առաջարկվեց մշակել 2005 թվից հետո երրորդ Սահմանադրությունը, չէ՞ որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո հենց նման մարտահրավերներին դիմագրավելու պատրվակով ընդունված երկրորդը նույնպես հանկարծ դադարեց համապատասխանել դրանց: Նոր Սահմանադրությանը գործը այդպես էլ չհասավ, իսկ շրջափակման ֆոնին հայտարարած արտակարգ դրությունը թույլ տվեց Արցախի Հանրապետության նախավերջին նախագահ Արայիկ Հարությունյանին ինքնուրույն փոփոխություն մտցնել, որի շնորհիվ նա կարողացավ իր վրայից հանել Արցախի պետականության դադարեցման պատասխանատվությունը՝ շրջանցելով հանրաքվեն և խորհրդարանի լուծարումը, ու այդ սև աշխատանքի համար ժողովրդին թողնել մի «առաջնորդի», որի օգտին ժողովուրդը երբեք չի քվեարկել (Սամվել Շահրամանյանին)։
Այս ամբողջ ընթացքում Արցախում չձևավորվեց քաղաքական (ինչպես նաև ռազմական, հոգևոր, մշակութային) վերնախավ, որը հստակ կգիտակցեր Արցախի և ընդհանրապես հայկական աշխարհի շահերը, կարողանար դրանք ձևակերպել, ներկայանալ համաշխարհային հանրությանը, էլ չենք խոսում այն մասին, որ իր համաքաղաքացիների համար գաղափարական, արժեքային և բարոյական ուղենիշ ծառայեր։ Մայր Հայաստանի իշխանությունները գոհ էին նման «վերնախավից», թույլ էին տալիս նրան իր ձեռքը չվերցնել Արցախի ճակատագիրը, ինչպես և իրենք էին վարվում հենց Հայաստանի հետ, իսկ ճակատագրական պահին նրան մենակ թողեցին՝ համակերպվելով, որ 2020-ից հետո հարցը տեղափոխվեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարթություն։ «Վերնախավն» արագ կողմնորոշվեց և երկպառակությունների մեջ ներգրավվեց՝ մրցելով Մոսկվայի, իսկ հուսալիության համար՝ ինչու չէ, նաև Բաքվի «յառլիկի» (թաթարական խաների` որպես իրենց ներկայացուցիչ իշխելու իրավունք ընձեռող հրամանագրի) համար` իշխելու այն ամենին, ինչ կմնար Արցախից:
Տեղահանման նախօրեին
Պատերազմի առաջին օրերին ամենաթեժ կետերից փախած կամ Արցախի իշխանությունների կողմից վերջին օրերին առանց որևէ բացատրության բռնի տեղահանված բազում խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում իրենց տներից զրկվածներ, վերադարձան փոփոխությունների հույսով, քանի որ նախորդած լճացման արդյունքն ակնհայտ էր: Իհարկե, զգալի մասը հույսը դրել էր նաև ռուս խաղաղապահների վրա՝ միամտաբար ենթադրելով, որ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն այսուհետ ընկալվելու է որպես Ռուսաստանի դեմ ուղղված։ Բայց նման հույսերի զուր լինելը ակնհայտ դարձավ շատ չանցած՝ արդեն 2020 թ. դեկտեմբերին, երբ, ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի, խաղաղապահ զորախմբի թողտվությամբ և հենց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Վիտալի Բալասանյանի անպատասխանատու և պոպուլիստական հայտարարություններից հետո, որոնք ադրբեջանական կողմից օգտագործվել էին որպես հարձակման առիթ, հայերը ստիպված եղան թողնել Հադրութի շրջանում հերոսական դիմադրության իրենց վերջին հենակետերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, իսկ դիրքերը պաշտպանող զինծառայողները գերեվարվեցին։
Անգամ վատթարացած միջազգային իրադրության և հայկական կողմի բանակցային բոլոր նախկին լծակների կորստի պայմաններում արցախյան «վերնախավը» դադար չէր տալիս «Մենք արդեն ինքնորոշվել ենք 1991 թ.» կատեգորիայի դատարկ կլիշեներին՝ նենգադուլելով բանակցություններում հայկական կողմի գործադրած բոլոր նախորդ և հետագա ջանքերը, որքան էլ վերջիններս չնչին էին հատկապես 2022-2023 թթ.: Ռուսաստանի կողմից պաշտպանությանը կույր հավատը թույլ էր տալիս դա էլ արհամարհել։ Այնտեղ, որտեղ իրականությունն այլևս հնարավոր չէր անտեսել, և քաղաքացիները սկսում էին հարցեր տալ, «վերնախավը» հորդորում էր ավելորդ լարվածություն չստեղծել։ Նրանք նոր տերերին հաճոյանալու համար արեցին հնարավոր ամեն ինչ. ռուսաց լեզվին պաշտոնականի կարգավիճակ տվեցին, ճանաչեցին Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները, նրանց հումանիտար օգնություն ուղարկեցին Ուկրաինայի տարածքում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո, խաղաղապահներին թույլ տվեցին սահմանափակել օտարերկրյա, այդ թվում՝ հայազգի, քաղաքացիների մուտքը Արցախ։
Իսկ ի՞նչ արեցին արցախյան «վերնախավերը» սեփական ժողովրդին օգտակար լինելու համար։ Եվ կրկին ավելի հեշտ է ասել, թե ինչ չարեցին: Միանգամայն չթեթևացրին նրա տառապանքները իննամսյա շրջափակման ընթացքում և նույնիսկ «փայ» մտան որոշ խաղաղապահների հետ, որոնց հասանելի էին Հայաստանում և Ադրբեջանում քաղաքակրթության բարիքները։ Հաստատ իրենց ժողովրդի կողքին չէին նույնիսկ իրենց կառավարման վերջին օրերին։ Չեն հոգացել սրբությունների և թանգարանային ֆոնդերի տարհանումը նախօրոք կազմակերպելու, մշակութային հուշարձանների, արխիվների, օրաթերթերի թվային պատճենների ստեղծման, այն ամենի մասին, ինչը կօգներ սխալների վրա համալիր աշխատանք կատարել և հնարավորինս ճշգրիտ վերականգնել Արցախը այդ աշխատանքը կատարելուց և այնտեղ վերադառնալուց հետո: Խայտառակությունից չպաշտպանվեցին ու միմյանց չպաշտպանեցին ադրբեջանական գերության մեջ ընկնելով (օրինակ՝ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կամավոր գնաց Շուշի՝ թշնամուն հանձնվելու)։
Այդ ցանկն, իհարկե, սպառված չէ։ Նրանք չկազմակերպեցին տարհանումը, չկանխեցին խուճապի սաստկացումը, ինչը վերածվեց սեպտեմբերի 25-ին գազալցակայանում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունի. նրանցից շատերն այն ժամանակ արդեն Արցախում չէին, չէ որ «վերնախավը» պետք է առաջինը տարհանվի: Դա կարող էր ահաբեկչություն լինել, որպեսզի հայերն արդեն առանց վարանելու լքեն իրենց հայրենիքը, բայց ինչ էլ որ դա իրականում լիներ, Արցախի կառավարիչները ուղղակի մեղսակից են այդ մի քանի ժամվա ընթացքում վրա հասած հարյուրավոր հայերի (հիմնականում տղամարդկանց) զոհվելուն և հաշմանդամ դառնալուն: Այդ ժամանակ Արցախում բժիշկներ նույնպես գրեթե չէին մնացել։ Հենց տարհանման և ֆիզիկական բնաջնջման ենթարկվելու վախի ֆոնին առաջացած խուճապը (շրջափակման վերջին ամիսներին Արցախում ընդհանրապես վառելիք չկար), ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, ոչ վերջին մարդուն պատկանող գազալցակայանում տեխնիկական չափորոշիչները չպահպանելը հանգեցրին նրանց և իրենց երևանյան գործընկերների կողմից` միջազգային բոլոր դերակատարների լուռ համաձայնությամբ փակված հայոց պատմության վերջին էջի այսպիսի ողբերգական վերջին տողին:
Իզուր չէ, որ Արցախը երբեմն անվանում էին «մինի-լաբորատորիա», որում հաջողված փորձերը ենթակա էին արդեն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում վերարտադրմանը։ Արցախի իշխող դասակարգը նմանակում էր հայաստանյանին, ավելին՝ քիչ էր մնում, որ հենց դա համարի իր առաքելությունը։ Արդյունքում Արցախի պահպանման համար փաստացի պատասխանատու չէր ոչ ոք, և հայկական աշխարհը շատ թանկ վճարեց անարժան կառավարիչների առանձնատների և ավանդների համար, իսկ հայկական աշխարհի թշնամիների գլխավոր նպատակը՝ անգամ ձևական պետականության ոչնչացումն ու հայերի ֆիզիկական բնաջնջումը, Արցախում փորձարկելուց հետո արդեն «ափի մեջ է»։ Այնտեղ էլ չկար բովանդակային ու պետականամետ վերնախավ, իսկ անվտանգությունը վստահված էր արտաքին ուժերին այնպես, ինչպես հիմա Տավուշը, Վայոց Ձորը, Սյունիքը, Շիրակը, Գեղարքունիքը և Հայաստանի մյուս մարզերը, որտեղ կանգնած են ռուս սահմանապահներն ու զինվորականները և պարեկում են Եվրամիության քաղաքացիական դիտորդները։ Նման ելքը կանխորոշեցին թուլությունը, անձեռնհասությունը, տհասությունը, պետականակենտրոն մտածողության բացակայությունը, հայկական աշխարհից բացի ցանկացածի վրա հույս դնելը և, վերջապես, ընդամենը մեկ ստորագրություն։ Հենց այն ստորագրությունը, որից հետո շատերը միամտորեն հույս էին տածում, որ Հայաստանը հանգիստ կթողնեն, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, քանի որ լաբորատոր փորձը «կանաչ լույս» ցույց տվեց՝ ենթափորձայինի մոտ առկա չէ վարակամերժ իմունային արձագանք:
