Անպատժելիության արմատները կամ ադրբեջանական լոբբիի համառոտ պատմությունը

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, որդեգրել էր աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացման ուղեգիծը` ուժի բոլոր կենտրոնների հետ բարդ, բազմամակարդակ և բովանդակային խաղ վարելով։ Բաքուն իրեն ատլանտյան աշխարհին ներկայացրեց ոչ միայն որպես էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուր, այլ նաև Ռուսաստանին և Իրանին զսպելու երկարաժամկետ ռազմավարության մեջ, ինչպես նաև իսլամական ֆունդամենտալիզմի դեմպայքարում դաշնակից։ Իսկ Երևանը, մատների արանքով նայելով ադրբեջանական գործոնի ուժեղացմանը, բավարարվեց Մոսկվայի կողմից տրամադրած անվտանգության հովանոցով`միայն անվանապես մասնակցելով առանձին արևմտյան նախագծերին։

1994 թվականն Ադրբեջանի համար խորհրդանշական էր։ Չնայած Արցախյան պատերազմում կրած ռազմական պարտությանը այդ պետությունը, խուսափելով կապիտուլյացիայից և դրանից բխող բոլոր հետևանքներից, ռազմավարական հաղթանակ տարավ։ Հայկական կողմն ընդունեց հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, ստորագրեց Բիշքեկյան արձանագրությունը և այդպիսով Բաքվին ռևանշի պատրաստվելու հնարավորություն ընձեռեց։ Հեյդար Ալիևին հաջողվեց իր երկրի էներգետիկ ներուժը «վաճառել» առաջատար համաշխարհային տերություններին (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Ճապոնիա), որոնք հայերին համոզեցին իրենց ռազմական հաջողությունը ծավալելու և ամրացնելու անհրաժեշտության բացակայության մեջ: Այն ժամանակվա երևանյան ղեկավարությունը բավական հեշտությամբ համաձայնեց դրան ի պատասխան հիմնավոր պահանջներ չներկայացնելով։ Նույն թվականին «Դարի պայմանագիրը» ստորագրելով, ադրբեջանական կողմը միջազգային լոբբիստական ցանց կառուցելու հնարավորություն ստացավ։ Հաջորդած 25 տարիների իրական արդյունքները ցույց տվեցին, թե որքանով է նրանց հաջողվել դա անել։

Մի շարք օբյեկտիվ պատճառներով ադրբեջանցիների լոբբիստական աշխատանքի հիմնական ուղղությունը դարձավ Միացյալ Նահանգները։ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Վաշինգտոնը դնում էր Հայաստանի վրա հաշվի առնելով երկրի ներսում մեծաթիվ հայ համայնքի գործոնը։ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններում շոշափելի հայկական տարր կար ի դեմս ազդեցիկ քաղաքական գործիչների և մեկենասների։ Կալիֆոռնիայի այն ժամանակվա նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը երկրի ամենաազդեցիկ հանրապետականների եռյակում էր։ 1988 թվականին նա մերժեց Ջորջ Բուշ ավագի նախագահական ընտրություններին որպես փոխնախագահի իր թեկնածու մասնակցելու առաջարկը։ Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ նա պատրաստվում էր նույն դերը ստանձնել հաջորդ ընտրական շրջանում (1996 թ.) մեկ այլ հանրապետական սենատոր Բոբ Դոուլի հետ, ով նվիրված ընկեր էր և Վաշինգտոնում հայկական շահերի ամենահզոր լոբբիստը:

Ադրբեջանի հետ Դարի նավթային պայմանագիրը, որը ստորագրվել էր արդեն դեմոկրատ Բիլ Քլինթոնի օրոք (ով ակտիվորեն աջակցում էր Հեյդար Ալիևի գծին), փոխեց ուժերի դասավորությունը։ Ամերիկյան նավթային կորպորացիաները կտրուկ կրճատեցին «Մեծ հին կուսակցության» (հանրապետականների) բյուջե իրենց ներդրումները բռնելով դեմոկրատների կողմը։ Փաստացիորեն ներքին հովանավորչական ֆինանսական հոսքերի վերաբաշխումը կանխորոշեց 1996 թ. նախագահական քարոզարշավի ճակատագիրը։ Հասկանալով պայքարի անհեռանկարայնությունը Դոքմեջյանը որոշում կայացրեց ավարտել իր քաղաքական գործունեությունը։ Նույնը, պարտվելով Քլինթոնին, արեց Դոուլը։ Քլինթոնների արկանզասյան կլանը հայության հետ ոչ մի առնչություն չուներ, ի տարբերություն Մասաչուսեթսի ու Դելավերի դեմոկրատական Քենեդիների խմբավորման, որի անդամներն էին սենատորներ Էդվարդ Քենեդին, Ջոզեֆ Բայդենը և Ջոն Քերին: Իր երկրորդ ժամկետի ընթացքում Քլինթոնի վարչակազմը փորձում էր «Ազատությանն աջակցելու բանաձևի» 907-րդ բաժինը չեղյալ հայտարարելու հնար գտնել, քանի որ սույն բաժինը ամերիկա-ադրբեջանական քաղաքական և տնտեսական երկխոսության ընդլայնման համար խոչընդոտներ էր հարուցում: Նավթի և նավթի սպասարկման սեկտորի լոբբիի ներկայացուցիչները ի վերջո հաջողության հասան 1999 թ.-ին` Կոնգրեսի միջոցով անցկացնելով «Մետաքսի ճանապարհի ռազմավարության մասին» օրենքը, որը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց միակողմանիորեն չեղարկել 907-րդ բաժնի շրջանակներում պարտադրված սահմանափակումները:

Այդ «սողելքից» օգտվեց հաջորդ նախագահը Ջորջ Բուշ կրտսերը իր որոշումը հիմնավորելով ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Ադրբեջանի ռազմավարական դերով։ Հմտորեն օգտագործելով Աֆղանստանում Միացյալ Նահանգների հակաահաբեկչական գործողությունը Բաքուն կարողացավ սերտ կապեր հաստատել մեկ այլ ազդեցիկ լոբբիստական խմբի ռազմա-հետախուզական լոբբիի (ադրբեջանական լոբբիի երկրորդ շերտի) հետ։ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, որդեգրել էր աշխարհաքաղաքական դիվերսիֆիկացման ուղեգիծը ուժի բոլոր կենտրոնների հետ բարդ, բազմամակարդակ և բովանդակային խաղ վարելով։ Բաքուն իրեն ատլանտյան աշխարհին ներկայացրեց ոչ միայն որպես էներգառեսուրսների այլընտրանքային աղբյուր, այլ նաև Ռուսաստանին և Իրանին զսպելու երկարաժամկետ ռազմավարության մեջ, ինչպես նաև իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարում դաշնակից։ Իսկ Երևանը, մատների արանքով նայելով ադրբեջանական գործոնի ուժեղացմանը, բավարարվեց Մոսկվայի կողմից տրամադրած անվտանգության հովանոցով միայն անվանապես մասնակցելով առանձին արևմտյան նախագծերին։

Որևէ դիմադրություն չհանդիպելով Ալիև ավագը և հետագայում նրա ժառանգը կարողացան բավականին հեշտությամբ ստեղծել Հայաստանի որպես անլուրջ և ոչ ինքնուրույն, Ռուսաստանին և Իրանին անմտորեն նվիրված երկրի կերպարը: Նրանք կարողացան լրջորեն իրենց օգտին փոխել աշխարհառազմավարական ընկալման հավասարակշռությունը։ Զարմանալի չէ, որ ադրբեջանական կողմի հետ ռազմատեխնիկական համագործակցության խորացման լոբբինգով են զբաղվել ամերիկյան արտաքին քաղաքականության այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը (Նիքսոնի վարչակազմում պետքարտուղար), Զբիգնև Բժեզինսկին (Քարթերի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական), Դիք Չեյնին (Բուշ կրտսերի օրոք փոխնախագահ), Լեոն Պանետան (Կենտրոնական Հետածուզական վարչության տնօրեն և պաշտպանության նախարար Օբամայի վարչակազմում) և Ռոբերտ Գեյթսը (Բուշ կրտսերի վարչակազմում պաշտպանության նախարար)։ Մոսկվան, ականատես լինելով Արևմուտքի հետ Ադրբեջանի սրընթաց մերձեցմանը, եկավ այդ ուղղությամբ ակտիվանալու անհրաժեշտության մասին եզրակացությանը: Սակայն դա արդեն հավասար գործընկերների երկխոսություն էր, քանի որ Բաքուն առաջարկելու և մանիպուլյացիայի առարկա ուներ։ Ռազմավարությունն աշխատեց, և ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկման գործընթացն ի սկզբանե ընթանում էր հայկական շահերի հաշվին, քանի որ Մոսկվայի ընկալումը բխում էր այն բանաձևից, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։

Ադրբեջանական լոբբիի երրորդ շերտն Իսրայելն է։ Բաքուն Թել Ավիվին առաջարկեց էներգառեսուրսներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ, Ադրբեջանում հրեական համայնքի մասին հոգ տանել և պահպանել նրա պատմամշակութային ժառանգությունը: Ոչ պակաս կարևոր դեր խաղաց առավելապես շիա Բաքվի հօգուտ երկրում աշխարհիկ ապրելակերպի պահպանման դիրքորոշումը, ինչը պայմանավորում էր հարևան Իրանի ժամանակակակից Ադրբեջանի տարածքի մեծ մասի պատմական տիրոջ, հետ զգուշավոր հարաբերությունները։ Ի պատասխան իսրայելցիները սկսեցին ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին, հնարավորություն ստեղծեցին կադրեր պատրաստել և վերապատրաստել իրենց էլիտար հաստատություններում և սկսեցին տրամադրել Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում իրենց կազմակերպությունների լոբբիստական ծառայությունները։

Եվ վերջապես, վերջին շերտը անմիջական լոբբիզմն է։ Միջինում Ադրբեջանը լոբբիստական գործունեության համար տարեկան ավելի քան 1,5 մլն դոլար է հատկացնում, մինչդեռ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում դրա վրա ծախսել է ընդամենը 55 հազար դոլար: Իհարկե, ուղղակի լոբբիզմի վրա ծախսված գումարները չեն վկայում լոբբիստական գործունեության արդյունավետության մասին, բայց դրանք պակաս կարևոր և ցուցանշական չեն։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2023 թ. Փաշինյանի կառավարությունը ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 մլն դոլար էր հատկացրել։

Այսպիսով, ընդամենը 25 տարվա ընթացքում Ադրբեջանին հաջողվեց զրոյից կառուցել բազմաշերտ լոբբիստական մեքենա, որը բավականին արդյունավետ կերպով պաշտպանում է ինչպես երկրի, այնպես էլ անձամբ Ալիևի կլանի շահերը: Արդյունքներն իրենք են են իրենց մասին վկայում: Արցախի դեմ ագրեսիայի և այնտեղից ողջ հայ բնակչությունը (150 հազար մարդ) վտարելու, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, Հայաստանի տարածքների օկուպացիայի և օրեցօր սաստկացող ուլտիմատիվ պահանջների համար որևէ լուրջ պատժամիջոցների և պատասխանատվության ենթարկելու ջանքերի բացակայություն։ Սպիտակ տունը չի արգելակում Բաքվին և նույնիսկ չի վերակենդանացնում 907-րդ բաժինը գոնե որպես պատմական հողի վրա հարյուրավոր տարիներ ապրած հայ բնակչության փաստացի էթնիկ զտումների վերաբերյալ իր դիրքորոշման խորհրդանշական ժեստ։ Ընդհակառակը տնտեսական, էներգետիկ և ռազմատեխնիկական երկխոսության հետևողական խորացում է ընթանում։ Եվ այս ամենը տեղի է ունենում երևանյան իշխանությունների անգործունյա դիտման ներքո և ժամանակին հայկական լոբբի համարվող երևույթի դեգրադացիայի գործընթացին զուգահեռ։

Թողնել մեկնաբանություն