Ազգային Բուրժուազիան: Մաս Երկրորդ

Հայազգի բարեգործներից ոչ մեկը չի փորձել սեփական բովանդակային օրակարգեր ստեղծել և հարցեր չի տվել, թե որքանով է ճիշտ աջակցել այն քաղաքական գործիչներին, որոնք չկարողացան տրամաբանական ավարտին հասցնել Արցախյան պատերազմում տարած հաղթանակը՝ Ադրբեջանին վերականգնվելու և հզորանալու համար ժամանակ տրամադրելով։ Անկախ նրանց ազնիվ մղումներից՝ ունենք շատ կոնկրետ արդյունք՝ նրանց փողերն ուղղվել են ոչ թե ազգ ու պետություն կառուցելուն, այլ արատավոր, կեղտոտ ու այլասերված ֆեոդալական համակարգին։

Անկախ Հայաստանի ի հայտ գալը աշխարհասփյուռ հայազգի բազմաթիվ գործարարների շրձանում մեծ ոգևորություն առաջացրեց։ Նրանցից շատերը տասնամյակների ընթացքում մասնակցում էին իրենց համայնքների գործունեությանը, որոնք իրենց հերթին միավորված էին 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի շուրջ: Կարևոր է հասկանալ, որ խոսքը հայրերի և որդիների այն սերնդի մասին է, որը տեսել և իր մաշկի վրա է զգացել կոտորածի բոլոր սարսափները: Նրանց չէր հուզում աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյունը, նրանք գործում էին ցանկացած միջոցներով արդարությունը վերականգնելու տրամաբանությունից ելնելով։ Նման էմոցիոնալ ֆոնն ավելի քան հասկանալի էր, թեև անընդունելի։ Այն ժամանակվա տեղական համայնքային կազմակերպությունները սկսեցին ակտիվորեն շահագործել այդ մարդկանց զգացմունքները՝ որպես իրենց բիզնես մոդելի հիմք: Այնպիսի ազդեցիկ բարերարներ, ինչպիսիք էին Քըրք Քըրքորյանը կամ Վահագն Հովնանյանը, չէին էլ ձգտում խորանալ, թե ինչ են ֆինանսավորում: Նույն դասավորվածությունն էր տիրում համայնքային գործարարների մեծ մասի պարագայում՝ Լոս Անջելեսից մինչև Փարիզ և Բեյրութից մինչև Կանբերա։ Նրանք գործում էին պարզ ու հասկանալի տրամաբանության շրջանակներում՝ պետք է փող տալ հայկական գործերի համար։

Հայկական գործ ասելով այն ժամանակ հասկանում էին Ցեղասպանության ճանաչումը։ Եվ այն ժամանակվա բարերարներից ոչ մեկին չէր հետաքրքրում, թե ով է այդ ճանաչման առաջմղման սուբյեկտը և ինչ է դա նշանակում։ Հայաստանը մի մասն էր Խորհրդային կայսրության, որի ջանքերի շնորհիվ էր նաև գոյատևել և կայացել Քեմալական Թուրքիան։ Եվ չնայած Լոզանի կոնֆերանսից հետո դեպի արևմուտք ակնթարթային շրջադարձին և նացիստական Գերմանիային հետագա պասիվ աջակցությանը, բոլշևիկները հարյուրավոր կողպեքների տակ դրեցին հայոց պատմությունը (հատկապես Ցեղասպանության թեման)։ Ատլանտյան աշխարհը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, վարվեց նույն կերպ, որպեսզի չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ, որին նախագահ Հարի Թրումանը փրկեց հնարավոր աշխարհաքաղաքական վախճանից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրան ՆԱՏՕ ընդունելով: Վաշինգտոնը չէր ցանկանում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել Անկարայի հետ, որպեսզի դրանից չօգտվի Մոսկվան։ Ամերիկյան խոշոր հարկատուներն էլ՝ ի դեմս անդրազգային կորպորացիաների, ակտիվորեն աշխատում էին թուրքական շուկայում և շահագրգռված էին երկու երկրների միջև կայուն դրական երկխոսության պահպանման լոբբինգում։

Ակնհայտ էր, որ սառը պատերազմի համատեքստում Հայոց ցեղասպանության խնդիրը ունակ է վերակենդանացնել ուժի երկու կենտրոններից միայն մեկը (ԱՄՆ կամ ԽՍՀՄ-ն)՝ որպես սեփական նպատակների իրականացման գործիք։ 1962 թ. Կարիբյան ճգնաժամից հետո Սովետները թույլ տվեցին Երևանում կառուցել Ծիծեռնակաբերդը (Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը)։ Մոսկվան ցանկանում էր պատժել Անկարային ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի միջև` Թուրքիայի տարածքից ամերիկյան «Յուպիտեր» հրթիռների ապամոնտաժման և դուրսբերման մասին պայմանավորվածությունը սաբոտաժի ենթարկելու փորձի համար: Իսկ ամերիկացիները Հայոց ցեղասպանության քննարկումը «բացեցին» 1974 թ. Հյուսիսային Կիպրոսի ներխուժման և օկուպացիայի մասին թուրքական ղեկավարության միակողմանի որոշումից հետո: Վաշինգտոնը չէր կարող անտեսել նման քայլը, քանի որ այդ դեմարշը (ցուցադրական անհնազանդությունը) հանգեցրեց Հունաստանի և ԽՍՀՄ-ի կտրուկ մերձեցմանը։ Ահա և երկու գերտերությունների` տասնյակ տարիների լռությունից հետո, հայկական հարցին վերադառնալու համառոտ պատմությունը:

Արդյո՞ք դա վատ է: Միանշանակ ոչ։ Սեփական պետության բացակայության պայմաններում պետք է կարողանալ ճիշտ օգտագործել ցանկացած հնարավորություն։ Թուրքիայի վարքագծի աշխարհաքաղաքական հետևանքները մեծ հնարավորություններ էին բացում հայկական աշխարհի համար։ Խնդիրն այն էր, որ հայկական աշխարհը չուներ ո’չ ձև, ո’չ էլ բովանդակություն։ Ճզմված, բաժանված և աշխարհով մեկ սփռված ժողովուրդը թողնված էր բախտի քմահաճույքին։ Այսպես կոչված «վերնախավերը»՝ ի դեմս երեք կուսակցությունների՝ դաշնակցականների, ռամկավարների և հնչակների, կռվում էին միմյանց դեմ՝ կոտրած հայության ներսում էլ ավելի բաժանարար գծեր ստեղծելով։ Այդ «կուսակցությունների» առաջնորդները չէին ձգտում երկխոսություն հաստատել և բովանդակալից համազգային օրակարգ ստեղծել, ընդհակառակը՝ նրանք ոչնչացնում էին այն իմաստները, որոնց շուրջ Գարեգին Նժդեհն ու Շահան Նաթալին փորձում էին միավորել համայնքները։ Այդ «քաղաքական կուսակցությունները» գործում էին իրենց նեղ բանաձևերի շրջանակներում ՝ «դու հայ ես, եթե դաշնակցական, ռամկավար կամ հնչակ ես»։

Նման դասավորությունից ելնելով, հայ բարերարները, որոնք իրապես ցանկանում էին տեսնել միասնական ուժեղ Սփյուռք, պետք է առնվազն դադարեին ֆինանսավորել այն ուժերին, որոնց բիզնես մոդելը կառուցվում էր «բաժանիր և տիրիր» սկզբունքով։ Ժամանակին հրեա գործարարները (ներառյալ Ռոտշիլդների ընտանիքը) համայնքների ներսում տարբեր քաղաքական հոսանքների առաջնորդների առջև պայման էին դրել՝ ստեղծել մեկ հարթակ, որը յուրաքանչյուր հրեայի թույլ կտա հասկանալ համազգային նպատակները և օգնել դրանց հասնելու գործում: Այսպիսով, 1936-ին ծնվեց Հրեական համաշխարհային վեհաժողովը (ՀՀՎ)՝ «բոլոր հրեաները պատասխանատու են միմյանց համար» կարգախոսով: Այն կազմակերպությունները, կուսակցությունները և շարժումները, որոնք հրաժարվեցին ՀՀՎ-ի մաս դառնալ, ինքնաբերաբար դարձան մարգինալ՝ ժամանակի ընթացքում կորցնելով սեփական անդամների վստահությունն ու աջակցությունը: ՀՀՎ-ի ստեղծումը հանգեցրեց տարբեր համայնքների վերափոխմանը քաղաքական միավորի՝ Սփյուռքի, որի շրջանակներում ձևավորվեց գաղափարական ճանապարհային քարտեզ։ Իսրայելի ի հայտ գալով ՀՀՎ-ը մտցրեց միայն մեկ, բայց հույժ կարևոր ճշգրտում՝ ճանաչելով համաշխարհային հրեականության ինքնորոշման գործում պետության առանցքային դերը: Այսօր Իսրայել պետությունը և ՀՀՎ-ը կազմում են մեկ անդրազգային համակարգ, որը հսկայական ազդեցություն է տածում համաշխարհային քաղաքականության և տնտեսության վրա:

Սա ընդամենը մեկ օրինակ է: ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում իռլանդացի բարերարները երկար ժամանակ ֆինանսավորել են հարյուրավոր տարբեր կազմակերպություններ, որոնք առաջընթաց էին խոստանում Իռլանդիայի ազատագրման համար պայքարում (այդ ժամանակ այն Բրիտանական կայսրության մաս էր կազմում): Սակայն 1845-1849 թթ. Մեծ սովի ողբերգությունից հետո շատ հովանավորներ դադարեցրին այդ գործունեությունը։ Ոմանք հիասթափված էին, մյուսները սկսեցին անհանգստանալ իրենց անվտանգության համար, երրորդներն արդեն մահացել էին՝ թողնելով ամեն ինչ երեխաներին, ովքեր այլևս իրենց իռլանդացի չէին զգում: Այդ շրջադարձային պահին ի հայտ եկավ Օ’Մարա ընտանիքը: Ջեյմս Օ’Մարան, լինելով մտավորական գործարար, ի տարբերություն փող բաժանող իր նախորդների, ժամանակի զգալի մասը հատկացնում էր քաղաքականության և միջազգային հարաբերությունների հիմունքների ուսումնասիրությանը: Խորասուզվելով դրանց մեջ, նա եկավ այն եզրակացության, որ Բրիտանական կայսրությունը կարելի է հաղթել միայն համազգային ազնվականության ստեղծման միջոցով։

Այս մոտեցման շուրջ նա համախմբեց բազմաթիվ բարերարների, այդ թվում՝ նախկինում հիասթափվածներին։ 1881 թ. Չիկագոյում տեղի ունեցավ Համաշխարհային իռլանդական ազնվականության առաջին համագումարը (Irish Race Conventions), որը պիտի պառակտված համայնքները Սփյուռքի միավորելու ռազմավարություն մշակեր։ Այս վերափոխումը Իռլանդիայի անկախացման ազգային շարժման հիմք դարձավ, որը պսակվեց հզոր կայսրության նկատմամբ տպավորիչ հաղթանակով: Վերոնշյալ օրինակը (ինչպես և հրեականը) հստակ ցույց է տալիս, որ ռեսուրսներով օժտված նույնիսկ մեկ պասիոնար (ոչ անտարբեր) մտավորականը լիովին բավարար է վիթխարի հաղթանակի համար: Նման օրինակներով են դաստիարակվել բարերարների բազում սերունդներ, որոնք առ այսօր շարունակում են ազգակերտման և պետականաշինության գործը, քանի որ դա մշտական գործընթաց է, որն անկարելի է ընդհատել և դադարեցնել: Առանձին քաղաքական գործիչներ, բյուրոկրատներ, կուսակցություններ և շարժումներ գալիս ու անցնում են, նրանք լինում են տարբեր որակի և ուղղվածության, բայց նրանց նույնիսկ գերդիլետանտական, ոչ պրոֆեսիոնալ իրագործումներն ի վիճակի չեն ոչնչացնել ամուր իմունիտետը, դիմադրողականությունը, որի հիմքերը դրել են այնպիսի հզոր անհատներ, որոնց թափն անչափելի է որևէ երկրային գործիքներով։

Միամտություն կլիներ ենթադրել, թե այն ազնիվ բարերարները, որոնք չգիտակցեցին Սփյուռքի և ազգային ազնվականության ձևավորման կարևորությունը, կընդունեին անկախ երկրի համար պատասխանատվության իրենց բաժինը: Նրանք գործել են նույն տրամաբանությամբ, ինչ իրենց նախորդները՝ ֆինանսավորել են իշխանության առաջարկած օրակարգը։ Տարբերությունն այն է, որ նախկինում նրանք գործ ունեին այսպես կոչված «ավանդական կուսակցությունների» (Դաշնակցության, Ռամկավարի, Հնչակյանի) ղեկավարության, իսկ ապա` Բաղրամյան 26-ի (ՀՀ Նախագահի նստավայրի) մեծ աշխատասենյակներում բազմածների հետ։ Նման մեկենասներից ոչ մեկը, ներառյալ Հայաստանի ազգային հերոսներ Քըրք Քըրքորյանին և Էդուարդո Էռնեկյանին, չեն փորձել սեփական բովանդակային օրակարգեր ստեղծել և հարցեր չեն տվել, թե որքանով է ճիշտ աջակցել այն քաղաքական գործիչներին, որոնք չկարողացան տրամաբանական ավարտին հասցնել Արցախյան պատերազմում տարած հաղթանակը՝ Ադրբեջանին վերականգնվելու և հզորանալու համար ժամանակ տրամադրելով (Հայաստանը համաձայնեց ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը` 1994 թ. Բիշքեկյան արձանագրությունը)։ Անկախ նրանց ազնիվ մղումներից՝ ունենք շատ կոնկրետ արդյունք՝ նրանց փողերն ուղղվել են ոչ թե ազգ ու պետություն կառուցելուն, այլ արատավոր, կեղտոտ ու այլասերված ֆեոդալական համակարգին։ Եվ եթե հայազգի բարերարներից գեթ մեկը կարծում է, որ դրա համար պատասխանատվություն չի կրում, ապա չարաչար սխալվում է։ Գործում է պարզ և անվիճելի տրամաբանություն՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։

Որոշ բարերարներ այսպիսի կեցվածք էին ընդունել՝ օգնել երկրին, բայց հեռու մնալ քաղաքականությունից, ոմանց էլ տասնյակ տարիներ են պահանջվել՝ հասկանալու համար, թե ինչ արատավոր ֆեոդալական իշխանությունների հետ են գործ ունենում (ընդ որում՝ դրանից հետո որոշելելով ընդմիշտ հեռանալ ու պարփակվել), երրորդները պարզապես Հայաստանը դիտարկեցին բիզնես անելու գործիք, իսկ չորրորդները շարունակում են իրենք իրենց ու շուրջբոլորին համոզել, որ երկրի ու ազգի համար պայքարը նախապես դատապարտված է ձախողման։ Հենց այդպիսի խմբերի առկայությունը զարմանալի չէ, քանի որ հայկական բիզնես հանրությունը ցույց տվեց նույնիսկ իր ամենավառ ներկայացուցիչներին պաշտպանելու անկարողությունը։ Հատկանշական օրինակ է Լևոն Հայրապետյանը, ով անկեղծ ու մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին ու Արցախին, սակայն ձերբակալվել ու մահացել է ռուսական բանտում: Մյուս բարերարները (օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը) քաղաքական գործընթացների սառնասիրտ խորը վերլուծության և երկարաժամկետ ռազմավարության մշակման փոխարեն թույլ են տալիս այլ (ներքին և արտաքին) ուժերին իրենց ներքաշել կասկածելի խաղերի մեջ՝ իրենց, ժողովրդի և երկրի համար սպասելի բացասական արդյունքով։

Կարելի է երկար-բարակ խոսել Երրորդ Հանրապետության տապալման նրբությունների և «մեծ բարերար» համարվողների դերի մասին։ Մեծ ցանկության դեպքում մենք կարող ենք հարյուրավոր արդարացումներ և պատրվակումներ գտնել այդ բարերարների համար, սակայն այս պարագայում պետք է ազնվորեն արձանագրենք, որ Քըրք Քըրքորյանի հայկական ժառանգության պսակը հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմն է, Էդուարդո Էռնեկյանինը` «Զվարթնոց» օդանավակայանը, Ռուբեն Վարդանյանինը` «Տաթև» ճոպանուղին, ինչպես էլեկտրացանցերը՝ Սամվել Կարապետյանինը և այլն: Այդժամ մենք նույնպես պետք է համաձայնվենք և ընդունենք, որ հայկական աշխարհում ոչ ոք (ո’չ Երևանի ֆեոդալները, ո’չ բարերարները) պատասխանատվություն չի կրում Արցախի կորստի և այնտեղից հայ բնակչության (ավելի քան 120 հազար մարդու) արտաքսման, Հայաստանի սողացող օկուպացիայի, նվաստացած և պառակտված ժողովրդի համար։

Շարունակելի…

Թողնել մեկնաբանություն