Արտաքսյալ և ավելորդները

Մի պահ պատկերացնենք, որ մեր տրամադրության տակ ժամանակի մեքենա է հայտնվել, և կծիկը մի քանի տարի ետ տանք։ 2018-ն է, Երևանի կենտրոնում հանրահավաք է, որտեղ նորաթուխ “վարչապետ” Փաշինյանը ամբոխին է զեկուցում իր` կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին հարյուր օրվա գործունեության արդյունքների մասին։

Եթե հավատանք 6 տարվա վաղեմության Փաշինյանին, ապա պետք է հաջողություններից անընդհատ գլխապտույտ ապրել։ Նա բառացիորեն մի քանի ամսում իբրև թե արմատախիլ է արել բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիան, ստեղծել ազատ և անկողմնակալ արդարադատության համակարգ, վերացրել մենաշնորհները և տնտեսությունը աշխարհում գրեթե առաջինների շարք հանել։ Դե, առաջին “աշխատանքային արդյունքներն” իսկապես տպավորիչ են: Ոչ պակաս տպավորիչ են նաև նոր իշխանության առաջին խոստումները։ Մասնավորապես, Փաշինյան-2018-ը երդվում է Ադրբեջանին “հողեր չհանձնել” և Արցախում իրավիճակի կարգավորմանն առնչվող որևէ փաստաթուղթ հայ ժողովրդից թաքուն չստորագրել: Եվ այդ ամենը` պսակազարդված վարչապետական երաշխիքներով, որ երկրի նման ղեկավարի հետ յուրաքանչյուր հայ կարող է վստահ նայել ապագային, իրեն ապահով զգալ հայրենիքում, մեծացնել երեխաներին և բացահայտել իր ներուժը: Գրի առնենք և լուսաբռնկումից հետո վերադառնանք 2024 թիվ:

Մեր օրեր: Հողերը չհանձնելու խոստումն այնքան լավ է “կատարվել”, որ Հայաստանի քաղաքական կապիտուլյացիայի պաշտոնական ամրագրումը լոկ ժամանակի հարց է դարձել։ Արցախը հանձնված է, ավելի քան 120 հազար մարդ` տեղահանված իրենց տներից, նրանք վերադառնալու տեղ չունեն։ Դեռևս վերջին տարիների “ձեռքբերումների” ցանկում կարմիրով նշված է “26571”-ը՝ 2020-2024 թթ. ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացած արցախցիների թիվը: Այսինքն՝ Արցախի բնակիչների մոտ 18%-ը մեկնել է ավելի բարվոք կյանք փնտրելու, ով ուր պատահի՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան, ԱՄԷ և այլն: Ընդ որում, դրանք պաշտոնական վիճակագրության տվյալներն են։ Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել:

Ամեն դեպքում, սա արտագաղթի միայն առաջին ալիքն է։ Մարդիկ հեռանում են, որովհետև Հայաստանում իրենց համար հեռանկար չեն տեսնում։ Նրանց կարելի է հասկանալ։ Ըստ երևույթին, նրանց ծրագրերի մեջ չի մտնում թուրքերի վերածվելը։ Հակառակ դեպքում նրանք հանգիստ կմնային Ադրբեջանին հանձնված Արցախում։ Փաշինյանին ու գործող իշխանությանը նրանք նույնպես պետք չեն, ինչպես և 90-ականներին ներկայիս “վարչապետի” ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանին չէին պետք Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի (Գանձակի) հայերը։ Ասա ինձ, թե ով է քո ուսուցիչը, և ես կասեմ, թե ով ես դու. պտուղը, ինչպես գիտենք, ծառից հեռու չի ընկնի:

Թողնել մեկնաբանություն