Անձը կամ անձանց խումբը առանձնահատկություն ունի ինքն իրեն բնորոշելու որևէ նկարագրությունների միջոցով՝ համոզմունքների, արտաքին հատկանիշների, արժեքների և այլն։ Հենց նման նկարագրությունների ամբողջությունն է ինքնությունը։ Մեզ համար կարևոր են սոցիալական, այսինքն՝ մարդկանց խմբեր սահմանող, ինքնությունները: Մեծ մասամբ մենք խոսելու ենք էթնիկ, ազգային և քաղաքական ինքնությունների մասին։
Ապրելով այլ մարդկանց հետ՝ մենք ստիպված ենք ինչ-որ կերպ ինքներս մեզ նույնականացնել մարդկանց որոշակի համայնքին պատկանելու միջոցով: Այս կամ այն հանգամանքներում մենք նախ մեզ ասոցացնում ենք դրանց հետ, ապա հրաժարվում ենք այդ միությունից, բայց մեր կյանքի ցանկացած պահի մենք հակված ենք մեզ տեսնել որպես մեզանից ավելի մեծ բանի մաս: Օրինակ՝ մարդն իրեն բնորոշում է որպես ռուս, որովհետև մեծացել է մի ընտանիքում, որն իրեն բնորոշում է որպես ռուսական, համարում է ռուսական մշակույթն իրեն ամենամոտը և այլն: Բայց պատկերացնենք, որ նույն անձը տեղեկանում է, որ իր մայրական կողմի տատիկը հայ է: Նա սկսում է ավելին իմանալ իր հայ նախնու մասին, սովորել լեզուն, հետաքրքրվել հայաստանյան կյանքով, և ինչ-որ պահի, ըստ նրա, հենց հայկական էթնիկ ինքնությունն է սկսում լավագույնս նրան բնորոշել որպես մարդկանց համեմատաբար մեծ խմբի մաս: Հատկապես, բայց ոչ պարտադիր, այն դեպքում, երբ այդ բացահայտման պահը համընկնում է սկզբնային ինքնության` արտաքին կամ ներքին պատճառներով ճգնաժամի հետ։ Այլ կերպ ասած՝ մեր հերոսի մոտ սկսվում է դասակարգման գործընթացը։
Դասակարգվելով՝ անհատը, որպես համայնքի հաստատված անդամ, իրեն համեմատում է այլ համայնքների և նրանց անդամների հետ՝ իրեն գնահատելով նրանցից ավելի բարձր, հավասար կամ ցածր: Համեմատությունը հիմնված է իր և շրջապատող աշխարհի մասին առկա գիտելիքների վրա: Որքան խորն է այդ գիտելիքը, այնքան ավելի կայուն է ինքնությունը արտաքին ճգնաժամերի նկատմամբ: Վերջապես, տեղի է ունենում նույնականացում: Հասկանալով, թե ով ենք մենք, մենք սկսում ենք գնահատել ուրիշներին նաև մեր ինքնության միջոցով: Դա ամենահեշտն է հասկանալ «Ես – Ուրիշը» երկճյուզման միջոցով, Այսինքն՝ կա մեկ ուրիշը, ով նույնպես մարդ է, բայց նա տարբերվում է ինձանից, ինձ համարժեք չէ և հակադրվում է ինձ։ Գերմանացի փիլիսոփա Կառլ Շմիթը համարում էր, որ ազգը ինքնիշխան է այն ժամանակ, երբ ունի էքզիստենցիալ (գոյութենական) թշնամի և աշխարհում իր տեղը իմաստավորում է «Բարեկամ – Թշնամի» երկճյուզման շրջանակներում:
Եթե ազգը համարում է, որ թշնամի չունի, ապա այդպիսի ազգը ինքնիշխան չէ բառի ամբողջական իմաստով, և նրա համար մեկ այլ ազգ թշնամի կնշանակի:
Եվ այսպես, մարդկանց հատուկ է համեմատել իրենց այլ համայնքների և նրանց անդամների հետ։ Ըստ որում, մենք համակրանք ենք տածում այն համայնքի նկատմամբ, որում մենք գտնվում ենք և որին ինքներս մեզ դասում ենք: Մենք սիրում ենք զգալ, որ ինչ-որ դրական բանի մի մասն ենք, որը, մեր կարծիքով, արժանի է ճանաչման և նույնիսկ գովասանքի: Զվարթնոցից տաքսի վերցնելով՝ այլազգի ուղևորը վարորդից կարող է լսել, որ ինքը՝ Բայրոնը, հայերենն անվանել է «լեզու, որով խոսել են աստվածները», կամ որ մեքենան շարժվում է Իսակովի անվան պողոտայով, ով Երկրորդ համաշխարհային (Հայրենական Մեծ) պատերազմի ժամանակ եղել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ծովային շտաբի ղեկավարը։ Եվ կարևոր չէ, որ վարորդը Բայրոնի ոչ մի բանաստեղծություն չի կարդացել և ուղղակի կապ չունի Ծովակալ Իսակովի (Տեր-Իսահակյանի) հետ ու ճշգրիտ չէ անվանում նրա պաշտոնը: Հայության մաս լինելու գիտակցումը ցանկություն է առաջացնում գտնել այդ ինքնության ինչ-որ դրական գծեր և դրանք տարածել նաև իր վրա։
Բանն այն է, որ, փորփրելով իր ընտանիքի պատմությունը, վարորդը, ամենայն հավանականությամբ, կիմանար ոչ պակաս զարմանալի հերոսական դրվագներ, և նրա ինքնության հիմքն ավելի ամուր կլիներ: Սակայն դարերով տևած և Երրորդ հանրապետության օրոք «անկախության» քողի տակ շարունակված օտար տիրապետությունն անում է(ր) ամեն ինչ, որպեսզի հայ էթնիկ խմբի ազգային և քաղաքական ինքնությունը հնարավորինս աղոտ ու փխրուն լինի։
Պատմական առանցքային իրադարձությունների ոչ ամբողջական, հակասական գնահատականները, որոնք թույլ չեն տալիս հայերին սթափ դատել իրենց ուժեղ և թույլ կողմերի մասին, հպարտության իրական պատճառներից դեպի մտացածին կամ նույնիսկ կեղծ առիթներ շեղումը, գավառական ենթա-ինքնությունների կամ «հովանոցային» ինքնությունների (օրինակ, «կովկասցիների»), անբովանդակ քաղաքական բևեռների պարտադրումը. այս ամենը բնորոշում է հայ ազգի կայացման, ընդ որում՝ առավելապես ներքին, թշնամիների մանիպուլյացիաները:
Նրանց նպատակն է, եթե չի հաջողվում հայերին բնաջնջել ֆիզիկապես, ապա գոնե պահպանել նրանց որպես գաղութային Էթնոս, «փոքր ժողովուրդ», էթնիկ փոքրամասնություն, միայն թե հայկական աշխարհը սուբյեկտայնություն ձեռք չբերի, չգիտակցի իր բարձրագույն՝ քաղաքական ինքնությունը։ Այդ նպատակի իրականացման միջոցներն են մակերեսային պատմական կրթությունը Հայաստանում և արտերկրի հայ համայնքներում, ցածրակարգ ժամանցային նյութերի գերիշխանությունը մեդիադաշտում, կեղծ օրակարգի պարտադրումը սոցիալական մեդիայում: Արդյունքում ունենք մարդկանց ընդհանրություն, ովքեր ի վիճակի չեն պաշտպանել իրենց ֆիզիկական, հոգևոր, նյութական ժառանգությունը, քանի որ նրանք պարզապես անծանոթ են դրան, ինչը ինքնին արդեն կարող է ուրիշների աչքում նրանց ծիծաղի առարկա դարձնել: Իսկ թշնամիները դեմ չեն հայերի քթի տակից տանել իրենց տարածքները, մշակույթն ու պատմությունը, քանի դեռ նրանք Բայրոն ու Հին հռոմեացի պատմաբաններ են մեջբերում, ընդ որում՝ ոչ միշտ ստուգորեն:
Սոցիալական ինքնությունը կարող է վտանգվել, ինչը նույնպես ազդում է անհատի և իր խմբի վարքագծի վրա: Մենք նշել էինք, որ անհատի համար կարևոր է իրեն և իր համայնքին օժտել դրական հատկություններով։ Հետևաբար, իր համայնքի բարոյական արդարության վերաբերյալ կասկածը անհատին և խմբին ստիպում է անհատական և կոլեկտիվ դրսևորումների (գործողության կամ անգործության): 1990-ին Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածների համար պատասխանատվության խիստ ժխտումը, որը ադրբեջանցիների ազգային ինքնության մաս է կազմում, հանգեցրեց այդ ազգի հրապարակային դիսկուրսում դավադրության տեսության առաջացմանը, ըստ որի՝ կոտորածի կազմակերպիչը Գրիգորյան ազգանունով հայ էր, իսկ բուն իրադարձությունները առնվազն «միանշանակ չեն»։ Այս տեսությանը ջերմեռանդորեն աջակցում են ադրբեջանցիների նոր սերունդները, որոնք երբեք չեն մասնակցել սպանդին և նույնիսկ չեն ապրել այդ ժամանակ։
Եթե նախկին Ադրբեջանական Խորհրդային Հանրապետությունում հայերի կոտորածը երբևէ ճանաչվի, դա լուրջ հարված կհասցնի նրանց ազգային ինքնությանը և քաղաքական հետևանքներ կունենա որպես այդպիսին նրանց պետականության համար: Նմանատիպ «առաջին մեղք» է նաև հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը թուրք ազգի համար։
Սոցիալական ինքնության մեկ այլ սպառնալիք է շրջակա խմբերի կողմից որպես սոցիալական խումբ անբավարար ճանաչման զգացումը, այլ կերպ ասած՝ ինքնության մերժումը: Դա կարող է պայմանավորված լինել, մասնավորապես, գերիշխող համայնքի կողմից սահմանված հանրակեցության կանոններով: Ղարաբաղյան շարժումը սկսվեց անարդարության զգացումից, որը սնում էին ադրբեջանական ղեկավարության կողմից Մոսկվայի խրախուսմամբ ձեռնարկած հակահայկական միջոցառումները։ Այսպես, Հեյդար Ալիևի օրոք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ) սկսեցին զանգվածաբար բնակչավորել էթնիկ ադրբեջանցիներով; պետության կողմից գրգռած ջարդերը հանգեցրին հայերի զանգվածային արտագաղթի, Բաքվում իշխանությունը վերցրեցին պանթուրքիստական տիպի ադրբեջանցի ծայրահեղ ազգայնականները, որոնք չէին պատրաստվում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը լուծել խաղաղ քաղաքական գործընթացի շրջանակներում, ինչպես ցանկանում էին հայ ակտիվիստները: Հայկական ազգային ինքնության և ֆիզիկական գոյության համար անապահովության գիտակցումը հանգեցրեց ԼՂԻՄ և Հայկական Խորհրդային Հանրապետության միավորման՝ «Միացումի» քաղաքական պահանջներին։
Ցավոք, այս պարզ պատմական ճշմարտությունը չգիտեն նաև Հայաստանի և արտերկրի շատ հայեր։ Ավելին, հայ հասարակության մի հատվածին բնորոշ է համապատասխան քարոզչության և պետության ու «քաղաքացիական հասարակության» կողմից պատշաճ լուսավորության բացակայության արդյունքում, պատկերացում չունենալով և, հետևաբար, հեշտությամբ հավատալով Արցախում նախկին կենսաձևի մասին հերյուրանքներին, արցախահայությանը, որպես ամբողջություն, համարել գրեթե մեկ այլ՝ արտոնյալ սոցիալ-տնտեսական դաս և անտեսել նրա հսկայական մարդասիրական կորուստները, հետևաբար՝ չգիտակցել մայրցամաքային Հայաստանի համար նույնպիսի կորուստների վտանգը։
Շուրջ երեք տասնամյակի ընթացքում Արցախը (ինչպես և Հայաստանի մյուս մասերը) կարող էր և պետք է այցելեր առնվազն Հայաստանում հայտնված յուրաքանչյուր հայ ։
Նման բանալ անտեղյակության միջանկյալ արդյունքը հայկական ինքնության մասնատումն է, նրա անկյունաքարային հենակետերից մեկի կորուստը (Արցախի ազատագրումը կորուստների ու պարտությունների երկար շարքից հետո նրա վերածննդի խորհրդանիշն էր) և նրա մյուս հենասյուների հետևողական ոչնչացումը։ Չէ որ եթե Երևանի, Գյումրու, Իջևանի հայի ինքնությունը տարանջատենք Արցախի հայից, ապա շատ հեշտ է բթացնել նրանց զգոնությունը՝ համոզելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան մտադրությունները տարածվել են միայն Արցախի վրա։ Ավելին, եթե, ի տարբերություն արցախահայության, հնազանդ լինենք և «չհրահրենք» թշնամուն, ապա կարելի է նույնիսկ խաղաղ գոյակցել Ադրբեջանի հետ և դրանով գումար վաստակել։
Անշուշտ, ժամանակակից աշխարհում ազգային ինքնությանը բազմաթիվ սպառնալիքներ կան։ Նախ՝ շատ ավելի «նորաձև» ինքնություններ, ընդ որում՝ որքան խոցելի, այնքան գրավիչ։ Գենդերային նույնականացումը, հոբբիներն ու հետաքրքրությունները, սննդի նախասիրությունները մրցում են ազգային ինքնության հետ: Մարդկանց համար տարատեսակ ափիոնները՝ արտաքին պարտքից և բյուջետային այլ ներարկումներից մինչև առցանց խաղատների և թմրանյութերի օգտագործման խրախուսում, բնականաբար բթացնում են ավելի բարձր նյութերի մասին մտքերը, մարդը սկսում է իրեն ասոցացնել իր ֆիզիոլոգիական կարիքների, լավագույն դեպքում՝ ամենամոտ ընտանեկան շրջանակի, բայց հաստատ ոչ նույնիսկ բակի հարևանների հետ։ Որքան մակերեսային է ազգային ինքնությունը, այնքան ավելի խոցելի է այդ սպառնալիքների առջև. պարտքերի մեջ խրված մարդու համար ի՞նչ կապ ունի Բայրոնի՝ Հայաստանի մասին ասածը: Եվ ահա արդեն մեր առջև «իրական Հայաստանի» ևս մեկ քաղաքացի է, որովհետև հայկական խորքային ինքնությունից նրան պոկել են, գուցե դեռ ծնվելուց առաջ, իսկ մակերեսայինը նրան օրինաչափորեն քիչ է հետաքրքրում:
Այսպիսով, ինքնությունը մարդու համոզմունքների, արժեքների, արտաքին հատկությունների և այլ նշանների ամբողջությունն է, որոնք անհատին կամ մարդկանց խմբին առանձնացնում են բոլոր մյուսներից: Անձի կամ խմբի ինքնությունը անխուսափելիորեն հակադրվում է այլոց ինքնությանը, ինչը ստիպում է համեմատություններ կատարել հօգուտ համեմատողի: Մյուսներն օժտվում են բացասական բնութագրերով և ավելի ցածր են դասվում ինչևէ պատմական, սոցիալական, մշակութային և այլ առանձնահատկությունների պատճառով: Ինքնությունները շարժական են. դրանք կարող են բազմիցս փոփոխվել մարդու կյանքի ընթացքում, բայց ամեն անգամ անհրաժեշտ պայման է անձի ինքն իրենից և հասարակության մեջ իր ընկալումից բավարարվածության զգացումը: Ինքնության համար գլխավոր սպառնալիքը սեփական բարոյական վիճակից դժգոհությունն է անցյալում տեղի ունեցած որոշ ամոթալի իրադարձությունների պատճառով, ինչպես նաև որպես այդպիսին ինքնության ժխտումը։ Այս ամենը հանգեցնում է սոցիալապես նշանակալի արարքների, բարոյապես վեհ կամ անթույլատրելի ակտիվ գործողությունների կամ անգործության:
Արժե՞ արդյոք նշել, որ այս ամենի մասին քաջատեղյակ են այն դերակատարները, որոնք քայլ առ քայլ ապամոնտաժում են հայկական ինքնությունն ու, որպես հետևանք, պետականությունը: Հաղթանակների պատմության խեղաթյուրումը, ապա դրանց արժեզրկումը, ողբերգությունների պատմության խեղաթյուրումը, պատմության մակերեսային դասավանդումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայ համայնքներում, վերջապես պարտություններն ու հայերին իրենց տկարության, մտավոր և նյութական անկարողության մեջ համոզելու հետևողական աշխատանքը, հայկական աշխարհի հեռացումն իր կորիզից՝ Հայաստանից, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած հայ ղեկավարների, այնպես էլ Հայաստանի արտաքին թշնամիների կողմից՝ թերարժեքության բարդույթի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման պարտադրմամբ, հայկական հարցի վերջնական լուծմանն ուղղված կանխամտածված քայլեր են: Այդ քայլերը շատ պարզ են, ինչպես նաև անհրաժեշտ հակաքայլերը՝ միայն թե լիներ քաղաքական կամք և ցանկություն՝ սեփական ճակատագիրը Հայաստանի ճակատագրի հետ կապելու։ Սակայն նման ցանկության և այն իրագործելու համար անհրաժեշտ է ամենակարևորը` իմանալ, թե ինչ է նշանակում լինել հայ, և անել այն ամենը, ինչ պահանջվում է այդպիսին մնալու համար։ «Հայկական Հանրապետությունը» հայկական աշխարհին կուղեկցի այդ ճանապարհի ամեն մի քայլին։
