Ոսկորների վրա «կառուցողը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յոթերորդ երկնքում է:  Նա վերջապես այցելեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության նոր շենքը։ Դեղին լրագրությունը մնայուն է, ուստի հպարտ հայ հարկատուների արյուն-քրտինքով վաստակած 17,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլարով) ձեռք բերված շենքի ռում-տուրը (room-tour, սենյակների ակնարկ) շատ մանրամասն ստացվեց։

Այնտեղ ցուցադրվեց ամեն ինչ՝ խորհրդային ոճի աշխատասենյակներից մինչև օրավարձով տալու համար կատարյալ ննջասենյակ, դեսպանատան տարակուսած աշխատակիցներ և այլն: Շրջանցվեց միայն ցնցուղի թեման: Սակայն այդ տեսանյութում թերևս ամենակարևորը Հայաստանի «գերագույն գլխավոր հրամանատարի» երեխայական ուրախությունն է, կարծես նա ոչ թե Լոնդոն, այլ կրկին ազատագրված Հադրութ է ժամանել, կարծես հենց նոր չէ, հայոց պատմության հազարամյա ու միակ երբևէ չընդհատված էջը շրջելով, Արցախը և նրա 120 հազարից ավել բնիկ հայերին հոշոտման մատնել, ի վերջո, կարծես թե ինքն է, այլ ոչ թե նրա հետ Լոնդոնում երես առ երես բանակցելուց հրաժարված  «հավերժ խաղաղության» հարցերով «կառուցողական գործընկեր» Իլհամ Ալիևը հանդիպել Անգլիայի թագավորի հետ, մինչ նա ռում-տուրեր և հեծանվային զբոսանքներ է անցկացնում Լոնդոնում:

Ախր չէ՞ որ Փաշինյանին կարող էին նույնիսկ հրավիրել Բուքինգհեմյան պալատ՝ մի բաժակ թեյի, թեկուզ «Իրական Հայաստան» (նույն ինքը՝ «Խաղաղության խաչմերուկ») զբոսաշրջային գործակալության լոնդոնյան նոր ներկայացուցչության կապակցությամբ շնորհավորելու։  Մանավանդ որ դեսպանատունն այժմ գտնվում է, վարչապետի խոսքով, Լոնդոնի «ամենաքաղաքականացված փողոցներից մեկում»։ Միայն չգիտես ինչու, նույնիսկ նման փողոցում հայ իշխանավորների ներքո Հայաստանի համար մի օր տոն չի լինում, միայն կորուստներ ու սպառնալիքներ։ Օրինակ՝ Ալիևի կողմից օրեցօր ավելի հաճախ բարձրացվող Հայաստանում «արևմտյան» ադրբեջանցիների բնակեցման հարցերով: Չէ՞ որ նրան ոչ ոք չի հիշեցնի Նախիջևանում, Հյուսիսային, ապա նաև ողջ Արցախում հայերի ամբողջական հայրենազրկման, Բաքվի, Սումգայիթի, Շամախի և Գանձակի հնագույն հայկական համայնքների ոչնչացման մասին։

Միևնույն ժամանակ, այդ հարցերը միայն վարչապետի պաշտոնում ժամիշխանին չեն վերաբերում` նրա հետ ամեն ինչ վաղուց պարզ է, թեև ժամանակը նրա սահմանափակության նոր եզրեր է բացահայտում։  Իսկ ի՞նչ կարող ենք ասել Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրատետության դեսպան Վարուժան Ներսեսյանի մասին, որը փորձառու դիվանագետ է, ով նախ պետք է իր մասնագիտական արժանիքների վրա հիմնվելով  կառավարությանը զերծ պահի համատեքստից անտեղյակության և քաղաքական տհասության հետ կապված սխալներից, երկրորդ՝ ցանկացած պարագայում ապահովի իր ղեկավարների պատշաճ ընդունելությունը այն երկրում, որտեղ նա կատարում է իր պարտականությունները։ Պարոն Ներսեսյանը, ըստ ամենայնի, իր իրավասություններն ու պարտականությունները մի փոքր ավելի ցածր է գնահատում. առայժմ մենք միայն տեսնում ենք, թե ինչպես է նա գլխով անում վարչապետի խոսքերին և լուսանկարում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին Եղիսաբեթ թագուհու դագաղի մոտ՝ խախտելով բոլոր հնարավոր նորմերն ու ընթացակարգերը։

Անշուշտ, Ներսեսյանը համեստորեն լռեց այն մասին, որ նոր շենքը ոչ մի կերպ չի օգնի բարելավել բրիտանական թագի հետ հարաբերությունները։  Դեռևս 2021թ. ամռանը Մեծ Բրիտանիայում դեսպանի պարտականությունները ստանձնելով՝ նա չէր կարող չիմանալ, որ Անգլիայի ներկայիս թագավորը, թագաժառանգ հանդիսանալով, իր ծննդյան տոնախմություններին էր հրավիրել և Հայաստան ժամանելուն պես հյուրընկալվել նախագահ Արմեն Սարգսյանին: Պարոն դեսպանը չէր կարող տեղյակ չլինել նաև այն մասին, որ Սարգսյանը, լինելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում իր նախորդը, այդ ամենին հասել է նման մակերեսային բաների վրա պետական բյուջեից ոչ մի լումա չծախսելով, որպես նստավայր և դեսպանատան շենք օգտագործելով սեփական կացարանը։  Ներսեսյանը չէր կարող չիմանալ, որ նոր շենքի վրա ծախսված միլիոնները չեն վերադարձնի կորցրած անգին կապիտալն ու հարգանքը։  Շա՞տ դեսպանների եք ճանաչում, որոնց տանը Մեծ Բրիտանիայի թագավորն է հյուրընկալվել։

Վարուժան Ներսեսյանը վարչապետին թանկարժեք ու անօգուտ խաղալիք ձեռք բերելուց ետ չպահեց, և պատմությունն իր`դրա և էապես թուլացած հայ-բրիտանացիների հետ կապված հարցերը, կուղղի ոչ թե Փաշինյանին, ոչ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, այլ Վարուժան Ներսեսյանի պես որակավոր մարդկանց, ովքեր գիտակցաբար ընտրեցին սպասավորել ժամիշխաններին, այլ ոչ թե ծառայել պետությանը:

Միևնույն ժամանակ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ պատկերելով Ալիևի ու թագավոր Չարլզ Երրորդի ջերմ ողջույնը, վկայակոչում է ադրբեջանական «Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը» ասացվածքը: «Նոր դեսպանատունն ավելի բերկրալի է, քան պատմական հայրենիքը», – հակադարձում է նրանց կյանքի համը նույնիսկ Արցախի կորստից հետո պահպանած Հայաստանի վարչապետը: Նրան պետք չեն ո՛չ հին, ո՛չ էլ նոր ընկերներ՝ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ հայկական աշխարհի թշնամիները, նրա ընկերներն են։ Անտիկ փիլիսոփաները Փաշինյանին կհուշեին, որ դա իրականում նշանակում է, որ նա ոչ մեկի ընկերը չէ, բայց անտիկ ժամանակները մինչև Լևոն Տեր-Պետրոսյանն են եղել, ուստի Փաշինյանին քիչ են հետաքրքրում։

Թողնել մեկնաբանություն