Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ վերջերս կատարված մահափորձը դարձել է ամբողջ աշխարհում ամենաքննարկվող լուրը: Այսպես կոչված «պահպանողական» լրատվամիջոցներն արդեն նրան Ամերիկայի հերոս են հայտարարել, ով, անկասկած, պարտության կմատնի 81-ամյա դեմոկրատ Բայդենին։ Նման մեկնությունը թեև մակերեսային է, բայց միանգամայն հասկանալի։ Առհասարակ հոլիվուդյան կինոնկարներով և քանթրի երաժշտությամբ դաստիարակված ամերիկացիները կարևորում են թեկնածուների առնականությունը: Բանակում ծառայելու փաստը, հերոսական սխրանքները և համառորեն առաջ շարժվելը ամերիկացի քաղաքական գործիչների միջև բոլոր մակարդակների պայքարում տասնամյակներ շարունակ առավելություններ են եղել: Նախընտրական փուլում փամփուշտ ստանալը լուրջ փիառ (PR) փաստարկ է, սակայն ոչ ավել։ 1912 թ. ընտրություններից առաջ նախագահի թեկնածու Թեոդոր Ռուզվելտի (նախագահել է 1901-1909 թթ.) կրծքավանդակին կրակել են ընտրողների առջև ելույթ ունենալու ժամանակ։ Չնայած արյունահոսող վերքին, նա շարունակեց մարդկանց հետ խոսել:
Հսկայական քաղտեխնոլոգիական էֆեկտ, որը, սակայն, բավարար չէր համեստ դեմոկրատ պատմաբան Վուդրո Վիլսոնին հաղթելու համար: Սա թեև վառ (հաշվի առնելով, որ Թեոդոր Ռուզվելտը հայտնի պատերազմած ազգի հերոս էր), բայց ամենևին բացառիկ դեպք չէ։ 1992 թ.-ին հիպպի իրավաբան Բիլ Քլինթոնը պարտության մատնեց բրուտալ Բուշ-ավագին, որը մինչ այդ Սովետական Միությանը կապիտուլյացիայի էր պարտադրել և ազատել Քուվեյթը իրաքյան օկուպացիայից: Չորս տարի անց Քլինթոնը գետնով տվեց Ամերիկայի մեկ այլ բրուտալ հերոս՝ սենատոր Բոբ Դոլին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր՝ ծանր վիրաստացությամբ (գնդացիրային կրակահերթով` մեջքին), ինչի համար էլ կրկնակի «Ծիրանագույն սրտի» մեդալակիր էր: 2008 թ. մեկ այլ իրավաբան ու հասարակական գործիչ Բարաք Օբաման հաղթեց Վիետնամի պատերազմի բազմաթիվ մրցանակներով հայտնի վետերան Ջոն Մաքքեյնին: ԱՄՆ նախագահական ընտրությունները գործոնների և դրանցից նույնիսկ ավելի շատ` ամեն ինչ տակնուվրա անող սև կարապների, մի ամբողջ զուգակցություն են:
Բազմաշերտ, բարդ ու նրբերանգ ընտրական համակարգը մեզ այնքան չի հուզում, որքան հայկական աշխարհի տարբեր մասերում բարձրացած աղմուկը, թե թեկնածուներից ով է ավելի շահեկան Հայաստանի համար: Նման աղմուկն ու բանավեճն ինքնին խորը հիվանդության նշան են, քանի որ Երևանի գահին հենց հիմա նստած է Նիկոլ Փաշինյանը, ով օր օրի ապասարում է երկրի մնացորդները: Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումներ ո՛չ Ջո Բայդենն է կատարում, ո՛չ էլ նույնիսկ Դոնալդ Թրամփը, ով սերտ բարեկամական և գործնական հարաբերություններ ունի ադրբեջանական Աղալարովների ընտանիքի հետ [1]։ Եվ նրանք չէին, որ ի շահ Թուրքիայի ստորագրեցին հայ ժողովրդի պատմությունը մինչև ներկայիս Երրորդ Հանրապետության պատմությունը կարճացնելու հրամանագրերը։ Կա նաև երկաթե վստահություն, որ Բայդենն ու Թրամփը Փաշինյանին չեն համոզելու իրար հետևից դավաճանական ու դիլետանտական քայլեր չկատարել։ Նույնիսկ հայ ժողովրդի կողմից մեծարված նախագահ Վուդրո Վիլսոնը, ով Առաջին աշխարհամարտից հետո նկարում էր Մեծ Հայքի քարտեզը, ջանքեր չգործադրեց Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությանը քաղաքականության ու միջազգային հարաբերությունների կառուցվածքը բացատրելու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների պարագայում պետք է հասկանալ և ընդունել միայն մեկ բան՝ այնտեղ գոյություն չունի ո՛չ Հայաստան, ո՛չ հայկական գործոն։ Թեկնածուները ակտիվորեն քննարկում են Իսրայելը, Իռլանդիան, Լեհաստանը (որպես կարևոր գործընկեր սուբյեկտներ), ինչպես նաև Ուկրաինան և Թայվանը (որպես օբյեկտներ և գործիքներ): Երբեմն խոսում են Ադրբեջանի մասին, երբ խոսքը վերաբերում է եվրատլանտյան աշխարհի էներգետիկ անվտանգության նոր կառուցվածքի դասավորման տարբերակներին կամ մի շուկայի, որտեղ հարկատու կորպորացիաները կարող են լավ գումար վաստակել։ Թեև Բաքուն, որն ունի Թուրքիայի և իսրայելյան լոբբիստների աջակցությունը Վաշինգտոնում, առանց վերը նշվածի էլ կայուն աջակցություն է վայելում (խոսքը գործողությունների, այլ ոչ թե դատարկ հռետորաբանության մասին է)։ Համենայն դեպս, թեկնածուներից ոչ մեկը ոչ մի անգամ չի հիշել Արցախի դեմ «ավտորիտար» Ադրբեջանի ագրեսիայի մասին, ինչի արդյունքում Արցախից վտարվել է ողջ հայ բնակչությունը, պղծվում են գերեզմանները և ոչնչացվում կրոնական ու մշակութային հուշարձանները: Նրանց հետաքրքիր չէ նաև քննարկել Հայաստանի տարածքների օկուպացիան և նույնիսկ փաշինյանական «հանճարեղ» ու «գլոբալ» «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը։ Իսկ ի՞նչ կա «ազդեցիկ» ամերիկահայությունից։ Առաջին հերթին խոսքը մեկ միլիոնանոց Կալիֆոռնիայի համայնքի մասին է՝ Գլենդել մայրաքաղաքով, որն ավելի քան 20 տարի Կոնգրեսում ներկայացնում է Ադամ Շիֆը։ Կալիֆոռնիան առանցքային նահանգներից մեկն է, որն ունի 54 ընտրող նախագահական ընտրություններում (ընտրողների թվով երկրում առաջինը): Այո, այն ավանդաբար քվեարկում է Դեմոկրատական կուսակցության օգտին, ուստի հանրապետականները ձգտում են այնտեղ ավելորդ ժամանակ կամ գումար չծախսել: Սակայն ո՞ւր է դեմոկրատների թեկնածուի հետաքրքրությունը հայության և Հայաստանի նկատմամբ։ Տեղի հայ համայնքն իսկապես մեծ ու հարուստ է, բայց անկազմակերպ է (մեղմ ասած) և չունի որևէ բովանդակային օրակարգ, բացի 1915 թ.ապրիլի 24-ի իրադարձությունները ցեղասպանություն անվանելու մշտնջենական խնդրանքից: Միանգամայն հնարավոր է, որ մինչև 2120-22 թվականը (Արցախի օկուպացիայից և այնտեղից հայերի արտաքսումից 100 տարի անց) տեղի քաղաքական գործիչներին խնդրանք առաջանա այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանել։
[1] Էմին Աղալարովը` կլանի հիմնադիր Արազ Աղալարովի որդին, ամուսնացած էր նախագահ Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսինն է:
