Վերջերս Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը «Դաշնակցություն» կուսակցության անդամ և Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար Մուրադ (նույն ինքը՝ Ֆրանկ) Փափազյանին պարգևատրեց պետական բարձրագույն պարգևով՝ Պատվո Լեգեոնի շքանշանով [1]: Այլ հանգամանքներում այս լուրը կարող էր հպարտության առարկա դառնալ. հայությանը և Հայաստանին նվիրված հերթական հայը հասավ ակնառու արդյունքի: Նման հայերը կարևոր ռեսուրս են ազգային և պետական շահերի միջազգային լոբբինգի գործում (իհարկե, նախ պետք է ստեղծել այդ ազգն ու կառուցել պետությունը): Բայց առկա իրողություններում այս լուրը դժվար է ընկալել միանշանակ։ Բանն այն է, որ Մուրադ (նույն ինքը՝ Ֆրանկ) Փափազյանին կարելի է անվանել Փաշինյանի թուրքամետ ռեժիմի ամենակոշտ քննադատներից մեկը։ «Քննադատությունը հանդուրժող» «իմաստուն դեմոկրատ» Նիկոլ փաշան իր ենիչերիներին հրահանգել է թույլ չտալ իր քննադատին երկիր մուտք գործել։ Ցավոք, Մուրադը (նույն ինքը՝ Ֆրանկը) չհասկացավ, որ Փաշինյանի կողմից այդ քայլը լավագույն նվեր էր։ Նման անհատները ճանաչում են ստանում հակառակորդի կողմից և դառնում պայքարի իրական խորհրդանիշներ:
Փաշինյանն այդ խորհրդանիշին հուժկու հարված հասցրեց, երբ Մուրադը միանգամայն անհասկանալի պատճառով ընդունեց այդ հակամարտության կարգավորման համար Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությունը: Դրան համաձայնելն արդեն իսկ նշանակում է ընդունել, որ դա ամենևին էլ ռեժիմի դեմ անզիջում պայքար չէր, այլ երկու հայերի սովորական կենցաղային հակամարտություն, որը լուծվեց օտարերկրյա միջնորդի շնորհիվ։ Ընդ որում, այդ միջնորդը ղեկավար է մի երկրի, որին դու քննադատում ես Հայաստանի անվտանգության ապահովման գործում պոպուլիզմի համար։ Մուրադը (նույն ինքը՝ Ֆրանկը) կասկածի տակ է դնում (և ոչ իզուր) Հարավային Կովկասում Ֆրանսիայի աշխարհաքաղաքական հնարավորությունները և (արդարացիորեն) խոսում Անկարայի և Բաքվի հետ Փարիզի սերտ տնտեսական կապերի մասին։ Արժանի՞ է արգանքի և հիացմունքի, որ մարդը հանուն Հայաստանի շահերի քննադատում է իր քաղաքացիության և կացության երկիրը: Անշուշտ։ Սակայն եթե դա արվում է անկեղծորեն:
Անկեղծության միակ չափանիշները հետևողականությունն ու սկզբունքայնությունն են: Չի՛ կարելի պայքարել ռեժիմի դեմ և հետո նրա հետ երկխոսության մեջ մտնել (նույնիսկ անուղղակիորեն, միջնորդի միջոցով), չի՛ կարելի խոսել Հայաստանին անիրատեսական բաներ խոստացող Ֆրանսիայի իշխանությունների պոպուլիզմի մասին, բայց միևնույն ժամանակ այդ իշխանության ներկայացուցչի ձեռքից պետական բարձրագույն պարգև ընդունել։ Հատկապես, եթե այդ պարգևը սպեղանու դեր է խաղում, որով այն քեզ հանձնողները պատրաստվում են բերանդ փակել։ Ինչևէ, Մուրադը (նույն ինքը՝ Ֆրանկը), որպես հասարակական գործիչ, կարծիքի և հայտարարությունների ազատության տեսակետից մեկ պատմություն է, իսկ Պատվո Լեգեոնի շքանշանով Մուրադը (նույն ինքը՝ Ֆրանկը)` մեկ ուրիշ, ինքնաբերաբար սահմանափակված և իր հռետորաբանության մեջ զսպված անձնավորություն։
Պատկերացնո՞ւմ եք, որ Շառլ դը Գոլը, ով պայքարում էր վիշիստական ռեժիմի [2] դեմ, ընդուներ իտալացի Բենիտո Մուսոլինիի միջնորդությունը, որպեսզի համաձայնության գա Անրի Պետենի հետ Ֆրանսիա մուտք գործելու իր վրա դրած արգելքը վերացնելու վերաբերյալ: Կասկածելի է: Կրկնենք. հետևողականություն ու սկզբունքայնություն` ահա և պետականամետ գործիչների, մարտիկների և ազատարարների չափանիշները: Մենք չենք շտապում Մուրադ (նույն ինքը՝ Ֆրանկ) Փափազյանի մասին որևէ հետևություններ անել՝ հուսալով, որ վերը նշված փաստերը լոկ քաղաքական հեռատեսության բացակայության արդյունք են: Անկեղծ ցանկության առկայության դեպքում այդ սխալները կարելի է շտկել, ուստի մենք կշարունակենք հետևել Փափազյանի հռետորաբանությանը, հայտարարություններին և Նիկոլ փաշայի ռեժիմի դեմ պայքարին: «Հայկական Հանրապետությունը» հուսով է, որ նրա կողմից ստացած շքանշանը չի խափանի այդ պայքարը։ «Հայկական Հանրապետությունը» նաև պատրաստ է պարոն Փափազյանին տրամադրել իր հարթակը՝ մեր բարձրացրած թեմայի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու համար:
[1] Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը: Շքանշանը հիմնադրվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թվականի մայիսի 19-ին՝ ասպետական շքանշանների օրինակով։
[2] 1940-ին նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի գրավումից հետո երկրի մեծ մասը հայտնվեց նացիստների հետ համագործակցող գեներալ Անրի Պետենի կողմից վերահսկվող «գորշ գոտում»: Ֆրանսիայի մայրաքաղաքը ժամանակավորապես դարձավ բավականին փոքր առողջարանային քաղաք Վիշին, որտեղից Պետենը ղեկավարում էր երկիրը: Պետենի հակառակորդը գեներալ Շառլ դը Գոլն էր, որը, գտնվելով Լոնդոնում, վիշիստական ռեժիմի դեմ քաղաքական և պարտիզանական պայքար կազմակերպեց։ Այդ ռեժիմի անկումից հետո դը Գոլը կվերադառնա Ֆրանսիա, կդառնա Հինգերորդ Հանրապետության հիմնադիր հայրն ու առաջին նախագահը։
