Բովանդակային առաջնորդության ճգնաժամը տարեցտարի ավելի ցայտուն է դառնում։ Այն դիպավ բոլորին՝ սկսած Միացյալ Նահանգներից, որտեղ նախագահի պաշտոնի համար պայքարում են «աջ» պոպուլիստ-շոումեն Դոնալդ Թրամփն ու 81-ամյա Ջո Բայդենը, ով ժամանակ առ ժամանակ ձեռք է մեկնում դատարկությանը, վերջացրած Բրիտանիայով ու Եվրամիության, Ասիայի և հետխորհրդային տարածքի երկրներով: Մի կողմից՝ այս ճգնաժամը բնական է՝ պայմանավորված հստակ կոորդինատային համակարգի և խաղի կանոնների բացակայությամբ։ «Սառը պատերազմի» ժամանակ ամեն ինչ առավելագույնս հասկանալի էր, և երկբևեռ իրականության մեջ գոյատևել և բարգավաճել ձգտող երկրները չէին կարող իրենց թույլ և անպատասխանատու առաջնորդներ ունենալու շքեղություն թույլ տալ: Այսօր, պոպուլիզմի դարաշրջանում, երբ ռեալիզմի (իրատեսության) արժեքներն օրենքից դուրս են հայտարարվել, գոյատևումն այլևս արթնանալու և վերաիմաստավորելու համար բավարար մոտիվացիա չէ: Այնուամենայնիվ, ռեալիզմն անողոք է և մշտական, այն կգտնի և կպատժի յուրաքանչյուրին, ով իրեն վեր է դասում իր (այսինքն՝ բնության և լինելության) օրենքներից:
Կտուժեն բոլորը: Հարցը միայն հետևանքների ծանրությունն է։ Ամրության բավարար պաշար, ռեսուրսային բազա և խորքային դիմադրողականություն (իմունիտետ) ունեցող պետություններն անպայմանորեն կգոյատևեն։ Նրանք ստիպված կլինեն ընդունել նոր իրողություններն ու սխալների վրա հիմնարար աշխատանք կատարելու ներքին ուժ գտնել։ Այսօրվա պետությունների բացարձակ մեծամասնությունը ավգյան ախոռներ[1] են, և դրանք կարգի բերելու համար անհրաժեշտ կլինեն նոր Հերկուլեսներ։ Ռեսուրսներից և իմունիտետից զրկված երկրները բարձր ռիսկային գոտում են: Նրանց գոյատևման համար բովանդակային առաջնորդությունը ոչ միայն ցանկալի է, այլև հրամայական: Ժամանակին Վրաստանում իշխանության եկավ պոպուլիստ Միխեիլ Սաակաշվիլին, որի կառավարման չոր մնացորդը Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական կցորդ դարձած կիսաքանդ երկիր է։ Կորցրած տարածքները վերադարձնելու ոչ մի շանս, ոչ մի անդամակցություն ԵՄ-ին, ծայրը ծայրին հասցնող հարյուր հազարավոր քաղաքացիներ, փոխարենը` սիրուն համազգեստներ հագած ու ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կաշառք չվերցնող ոստիկաններ։
Ուկրաինան պաշարներով և մարդկային ներուժով հարուստ երկիր է, որն այսօր կանգնած է քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական աղետի եզրին։ Նրա պոպուլիստ առաջնորդն այնքան է կորցրել իրականության հետ կապը, որ բացահայտ սպառնում Է Չինաստանին և վերջնագրեր հղում Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ-ի) դաշինքին։ Զելենսկու համար միջազգային հարաբերությունները հոլիվուդյան մարտաֆիլմ (էքշն ֆիլմ) են, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսի դերը, ով պետք է փրկի ամբողջ աշխարհը չարիքից՝ ի դեմս Ռուսաստանի։ Նա այնքան է ընտելացել այդ դերին, որ պատրաստ է հանուն այդ հորինված առաքելության զոհաբերել իրական երկիր, որտեղ ապրում են իրական մարդիկ։
Նմանատիպ իրավիճակ է նաև Հայաստանում, որը 1994 թվականից ագահ թուլամիտ ֆեոդալների պատանդն էր, իսկ 2018 թվականից հայտնվել է դիլետանտ պոպուլիստների ճիրաններում։ Նիկոլ Փաշինյանն էլ Սաակաշվիլիի և Զելենսկու պես մի «արգասիք» է։ Երեքն էլ միանձնյա ռեժիմներ հաստատած «դեմոկրատներ» են՝ պետական կառավարումը ամենօրյա փիառով և թերթերի վերնագրերով փոխարինած։ Նրանց կառավարման հիմքը իրատեսության ժխտումն է, ընդհանուր արդյունքներն էլ՝ կորցրած տարածքներ, հսկայական զոհեր և տնտեսական ավերածություններ։ Փաշինյանն ընդամենը 6 տարվա կառավարման ընթացքում հասցրել է հայտարարել, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) «Հայաստան է և վերջ», իսկ հետո` փրփուրը բերանին սկսել ապացուցել, որ չկա որևէ Արցախ, այլ կա միայն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանի մաս է կազմում։ Ամեն օրը նոր թերթային վերնագիր է ՝ սկսած «խաղաղության խաչմերուկից», որն իրական քաղաքականության լեզվով «ճամփակողքի էժանագին մոթելի վերածած երկիր» կկոչվեր, մինչև «իրական Հայաստան», որը ամբողջ աշխարհում հեղինակություն ու հարգանք կվայելի: Սակայն ո՞վ և ինչո՞ւ պետք է հարգի հանուն «խաղաղության» սեփական պատմական հիշողությունից ու ինքնությունից, արժանապատվությունից ու տարածքներից հրաժարված մի երկրի: Փաշինյանը, որպես մանր լրագրող, պահանջում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բաժանելով այդ տարածքները։ Նա ցանկանում է խաղաղություն հաստատել՝ այն ծնկաչոք մուրալով նրանցից, ովքեր ոչ թե խաղաղություն, այլ լիակատար ու անվերապահ կապիտուլյացիա են կամենում։ Նա, ինչպես և Սաակաշվիլին և Զելենսկին, հավատում է ոչ թե նրան, ինչ իրական է, այլ նրան, ինչին ուզում է հավատալ։ Սարսափն ու ողբերգությունն այն է, որ ռեալիզմը պատժում է ոչ այնքան ապուշ կառավարիչներին, որքան ամբողջ երկիրն ու նրա ժողովրդին:
[1] Ըստ հին հունական լեգենդի՝ Էլիսի երկրում ապրում էր Ավգիոս թագավորը, ով անմտորեն ձիեր էր բուծում, սակայն անտեսում էր դրանց խնամքի և մաքրման հարցերը: Այդ ախոռների մաքրումը Հերկուլեսի 12 սխրանքներից մեկն է։ «Ավգյան ախոռներ» արտահայտությունը դարձել է թևավոր և նշանակում է լքվածություն, սարսափելի անկարգություն, քաոս ու կեղտ:
