Հայաստանը թյուրքական աշխարհի խաչմերուկում

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումն անշուշտ կամրապնդի տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը` նոր հնարավորություններ տալով Անկարային ընդլայնելու ազդեցությունը թյուրքական աշխարհում։ Պաշտոնական Երևանը կանգնած է, առանց չափազանցության, պատմական որոշումների առջև, որտեղ սխալվելու գինը կարող է ճակատագրական լինել:

Կարեն Վերանյան
Կարեն Վերանյան - Արևելագետ 17702
12

Թյուրքական ինտեգրման ինստիտուտները

ԽՍՀՄ փլուզմամբ Անկարայի քաղաքական հովանավորությամբ սկսեցին ձևավորվել թյուրքական աշխարհի ինտեգրման առաջին հանրային ինստիտուտները։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը հիմնադրվել է 2009թ. Նախիջևանի համաձայնագրով, վերջերս անվանափոխվեց` Թյուրքական պետությունների կազմակերպություն (այսուհետ` ԹՊԿ)։ ԹՊԿ-ի հիմնադիր անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, որ կազմակերպության անվանափոխությունը նոր ինտենսիվություն կհաղորդի վերջինիս գործունեությանը։ Նրա խոսքով, այն չպետք է մտահոգության տեղիք տա, հակառակը, անհրաժեշտ է ձգտել դառնալ պատմական ընդհանրության վրա հիմնված այդ կազմակերպության մասը։ Կազմակերպության անվանափոխությամբ Էրդողանն էլ ավելի մեծ ակնկալիքներ ունի թյուրքական աշխարհի ազդեցության հարցում։

2019թ. հոկտեմբերին Բաքվում կայացած կազմակերպության 7-րդ համագումարում Ուզբեկստանը դարձավ դրա լիարժեք անդամ։ 2018թ. սեպտեմբերին կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացավ Հունգարիան, 2021թ. և 2022թ.` համապատասխանաբար Թուրքմենստանն ու Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունը, իսկ 2023թ.` Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (Economic Cooperation Organization, չշփոթել համաշխարհային Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ)։

2021թ. նոյեմբերին Ստամբուլում կայացած ԹՊԿ 8-րդ համագումարում ընդունվեց «Թյուրքական աշխարհի 2040թ. տեսլականը» (Turkic World Vision 2040), որտեղ խոսվում է արագ փոփոխվող աշխարհակարգի մարտահրավերներին հակազդման նպատակով թյուրքալեզու երկրների ու ժողովուրդների ջանքերի համատեղման անհրաժեշտության մասին։

Փաստաթղթով ԹՊԿ-ը, հիմք ընդունելով թյուրքական պետությունների միջև պատմական կապերը, ընդհանուր լեզուն, մշակույթն ու ավանդույթները, հաստատում է անդամ-պետությունների միջև քաղաքական երկխոսության ու համերաշխության անհրաժեշտությունը` ամրապնդելով գործակցությունն ու փոխադարձ աջակցությունը ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։

Փաստաթղթի երկարաժամկետ լինելու հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ռազմավարական հեռանկարներ է կապում առաջիկա առնվազն երկու տասնամյակում միջազգային ու տարածաշրջանային հարաբերություններում թյուրքական աշխարհի ներկայացվածության ընդլայնման հետ։

Կազմակերպության վերջին կարևոր գործնական քայլերից կարելի է առանձնացնել Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որի նպատակն է թյուրքական երկրների միջև տնտեսական աճի ապահովումը` փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ճանապարհով։

2022թ. սեպտեմբերին Թուրքիայում կայացած համագումարին ստեղծվեց Համընդհանուր այբբենական հանձնաժողովը (Common Alphabet Commission)` թյուրքալեզու պետությունների` միասնական այբուբենին անցնելու գործընթացի արագացման նպատակով։

Թյուրքալեզու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում զգալի է Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (TÜRKSOY) ավանդը։ Այն հիմնադրվել է 1993թ. Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի Մշակույթի նախարարների համատեղ համաձայնագրով։ Հետագայում կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացան Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնության տարածքային միավորներից Թաթարստանը, Ալթայը, Տուվան և այլք, ինչպես նաև Գագաուզիան (Մոլդովա): 2015 թ. ռուս-թուրքական հարաբերությունների անկման ֆոնին Ռուսաստանի հանրապետությունների ղեկավարներին հրամայվել է խզել կազմակերպության հետ բոլոր կապերը, սակայն Բաշկորտոստանն ու Թաթարստանը որոշեցին պահպանել դիտորդների կարգավիճակը: Կազմակերպությունը գործունեություն է իրականացնում թյուրքական մշակույթի տարածման, թյուրքալեզու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։ 2023թ. կազմակերպությունը Շուշին հռչակեց «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:

Թյուրքական մշակույթի ու ժառանգության հիմնադրամը ձևավորվել է 2015թ. Աստանայի գագաթաժողովում ընդունված որոշմամբ Հիմնադրամի քարտուղարությունը Բաքվում է։ Թյուրքական աշխարհը միավորող կարևոր ինստիտուտներից է Թյուրքական ակադեմիան, որը հիմնադրվել է 2012թ. Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի կողմից` որպես ԹՊԿ-ի հովանու ներքո գործող միջազգային կազմակերպություն։ Ակադեմիայի գործունեությունը կենտրոնանում է թյուրքական գրականության, լեզվի, մշակույթի պատմության շուրջ գիտակրթական, սոցիոլոգիական հետազոտությունների կոորդինացման ուղղությամբ։ Այն հովանավորում է նաև հնէաբանական հետազոտություններ։ Մասնավորապես, վերջերս կազմակերպությունը հաղորդեց Մոնղոլիայում թյուրքական դարաշրջանի գոյության մասին վկայող հնագույն արտեֆակտներ հայտնաբերելու մասին։

Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը (TURKPA) ստեղծվել է 2008թ. Ստամբուլում կայացած անդամ-պետությունների խորհրդարանների որոշմամբ։ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը տեղակայված է Բաքվում։ Վեհաժողովը գործունեություն է իրականացնում թյուրքական երկրների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ` խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով։

Թյուրքական աշխարհը և տարածաշրջանային շահերը

Թյուրքական աշխարհի քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից է Կենտրոնական Ասիայում Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցության հավասարակշռումը։ Ռուսաստանը փորձում է Կենտրոնական Ասիան պահել իր քաղաքական, տնտեսական ազդեցության գոտում։ Մի կողմից Մոսկվան դինամիկ քաղաքական, անվտանգային հարաբերություններ ունի Անկարայի հետ, մյուս կողմից, խանդով է ընկալում հետխորհրդային տարածքում հնարավոր այլ տարածաշրջանային դաշինքների ձևավորումը։

Թյուրքական գործոնը մարտահրավեր է նաև Պեկինի համար։ Խնդրահարույց են Անկարա-Պեկին քաղաքական հարաբերությունները, որոնց վրա բացասական ազդեցություն ունի նաև Չինաստանի Սինցզյան շրջանի ույղուրական փոքրամասնության խնդիրը։ Անկարան հավակնում է ստանձնել թյուրքախոս ույղուրների պաշտպանի դերը։

Չնայած Պեկին-Անկարա քաղաքական հարաբերություններում առկա խնդիրներին, կողմերը համագործակցում են տարածաշրջանային ու միջազգային տրանսպորտային-հացորդակցական խոշոր նախագծերում։ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային հաղորդակցության (Trans-Caspian International Transport Route) զարգացումը որպես մուլտիմոդալ միջանցք (երկաթուղային, ծովային և մայրուղային), հնարավորություն կտա Թուրքիային ու Ղազախստանին կապել Եվրոպան Ասիայի հետ։ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային հաղորդակցական ուղին, որը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բաղկացուցիչ մասն է, մեկնարկում է Հարավարևելյան Ասիայում ու Չինաստանում և Ղազախստանի, Կասպյան ծովի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով շարունակվում դեպի եվրոպական երկրներ։

Ղազախստան. թյուրքական վեկտոր թե՞ անկախ խաղացող

Թյուրքական աշխարհում առանցքային դերակատարություններից մեկը վերապահված է Ղազախստանին, որը նույնպես զգալի ներդրում ունի թյուրքական մշակութային, տնտեսական ու քաղաքական ինտեգրման գործընթացում։ Միաժամանակ Ղազախստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ առանցքային անդամներից մեկն է, որը մշտապես բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերություններում, հատկապես 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո: Այնուամենայնիվ, 2024թ. ապրիլին հայկական կողմի հետ հարաբերություններում ղազախական կողմի առնվազն դեկլարատիվ դիրքավորումն արդեն ավելի բարյացակամ էր: Մասնավորապես, Հայաստանի եւ Ղազախստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որն արվել է Երեւանում կայացած հանդիպումից հետո, ընդգծում էր հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ ինքնիշխանության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը (ինչը այնքան էլ չի տեղավորվում թյուրքական աշխարհում առկա «Զանգեզուրի միջանցքի» տեսլականի հետ)։ Ուստի թյուրքական աշխարհի այս ուժեղացող խաղացողի դերի և շարժառիթների ըմբռնումը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունը` աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանի համընդհանուր զարգացմանը։ Անկարայի համար Ղազախստանի դերը առանցքային է այն առումով, որ երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, ներկայանում է որպես տարածաշրջանային ու միջազգային հաղորդակցական-տարանցիկ կարևորագույն հանգույցներից մեկը։

Ըստ էության, Թյուրքական խորհրդի, ինչպես նաև Թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի ձևավորման գաղափարը պատկանում է Ղազախստանին։ 2021թ. Ղազախստանը նախաձեռնեց Թյուրքական ակադեմիա հիմնելու գործընթացը` թյուրքական մշակութային ու պատմական ժառանգության պահպանման նպատակով։ Ղազախստանին է վերագրվում նաև Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը։ Պատահական չէ, որ Ղազախստանը հռչակվեց որպես թյուրքական աշխարհի ֆինանսական կենտրոն։

ԹՊԿ-ում 2024թ. նախագահում է Ղազախստանը` առաջնորդվելով ութ հիմնասյուներով` ավանդույթներ, միավորում, բարեփոխումներ, գիտելիք, հավատ, ներդրում, միջնորդություն և էներգետիկա (traditions, unification, reforms, knowledge, trust, investment, mediation, and energy/TURKTIME-«թյուրքական ժամանակաշրջան»):

Թուրքիան Ղազախստանի խոշորագույն ներդրող երկրներից է։ 2022թ. դրությամբ Թուրքիայի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը $6.3 մլրդ էր։ Վերջին 13 տարիներին Թուրքիան Ղազախստանում իրականացրել է $4.7 մլրդ ներդրում։

Թյուրքական աշխարհի տեսլականում առանձնակի կարևորություն է տրվում տարածաշրջանային էներգետիկ նախագծերի զարգացմանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղները, Հարավային գազային միջանցքն ու նրա բաղադրիչները` Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազամուղները։

Մյուս կողմից, Ղազախստանը հայտ է ներկայացնում տարածաշրջանում վարելու իր առանձին քաղաքականությունը` ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ներքաշման ֆոնին։ Ղազախստանը փորձում է դիվերսիֆիկացնել քաղաքական, տնտեսական-էներգետիկ ազգային ռազմավարությունը` հավասարակշռելով տարածաշրջանային խոշոր խաղացողների` Մոսկվայի, Անկարայի և Պեկինի հետ հարաբերությունները։ Թյուրքական գործոնը կարևոր հարթակ է Ղազախստանի համար թուլացնելու Մոսկվայից քաղաքական ու տնտեսական կախվածությունը։ 2023թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Պուտինի Աստանա կատարած այցի ժամանակ Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջին անգամ դելեգացիաներին դիմեց ռուսերենի փոխարեն ղազախերենով։

Վերլուծաբանները նման ուղերձները դիտարկում են որպես Ռուսաստանից Ղազախստանի օտարման փորձեր։ Այդուհանդերձ, շարունակում է զգալի մնալ Ղազախստանի տնտեսական-էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։ Ռուսաստանը վերահսկում է այդ երկրի հիմնական արտահանման էներգետիկ հաղորդակցությունը` Կասպյան նավթային կոնսորցիումը, որն արտահանում է Ղազախստանի հում նավթի շուրջ 80%-ը` կազմելով վերջինիս ՀՆԱ-ի 60%-ը։

Թուրքիան` թյուրքական աշխարհի առաջնորդ

ԽՍՀՄ փլուզումը, Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների անկախության ձեռքբերումը նոր հնարավորություններ բացեցին Թուրքիայի առջև թյուրքական աշխարհում իր ազդեցությունն ընդլայնելու համար։

Թյուրքալեզու պետությունների համագործակցության առաջին քայլերը ձեռնարկվեցին 1992թ., երբ Անկարայում կազմակերպված գագաթնաժողովում հետխորհրդային հինգ հանրապետությունների (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Թուրքմենստան) հետ ընդունվեց համատեղ հռչակագիր։

Թուրքիան Էրդողանի առաջնորդությամբ հավակնում է դառնալ ոչ միայն թյուրքական կամ իսլամական, այլ նաև արաբական աշխարհի առաջնորդը։ Վերջերս Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարեց. «Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի տեղավորվում իր սահմաններում: Մեր երկրի մի հատվածը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում։ Նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են սեփական սահմաններից։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել մեր եղբայրների հետ շփման համար»։

Դեռևս 2013թ. Էրդողանը հայտարարում էր, որ «21-րդ դարը լինելու է Թուրքիայի և թյուրքական աշխարհի դարաշրջան»: Էրդողանը ցանկանում է դառնալ մերօրյա Թուրքիայի սուլթանը։

2024թ. մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված համագումարում, որը նվիրված էր թյուրքական աշխարհում ինտեգրման ու համագործակցության թեմային, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, նախկին ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց. «մենք Թուրքիայի դարաշրջան ասելով հասկանում ենք նաև թյուրքական աշխարհը»: Չավուշօղլուն ընդգծեց տարածաշրջանում թյուրքական ուժեղ ռազմավարության անհրաժեշտությունը, որը կնպաստի Ասիայի ու Եվրոպայի միջև կայուն տնտեսական կապերի զարգացմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին մեջբերեց Իլհամ Ալիևի խոսքերը` «մեր ընտանիքը թյուրքական աշխարհն է»:

Ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, Թուրքիան զգալի աշխատանքներ է տանում ինչպես իսլամական, այնպես էլ թյուրքալեզու աշխարհում Հայաստանի տարածաշրջանային դիրքերը թուլացնելու, Հայաստանի շուրջ օղակը սեղմելու ուղղությամբ։ Այդ գործելաոճը, որպես կանոն, քաղաքական ու քարոզչական աջակցություն է ստացել թյուրքական աշխարհում։

2021թ. մայիսին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը` Իլհամ Ալիևին Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային` նշելով, որ այդ ծրագրի իրագործումը կմիավորի թյուրքական աշխարհը ու կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը։

Հայացք Երևանից

Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակումն անշուշտ կամրապնդի տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը` նոր հնարավորություններ տալով Անկարային ընդլայնելու ազդեցությունը թյուրքական աշխարհում։

Հասկանալի է Հայաստանի մտավախությունը. Թուրքիայի գլխավորությամբ` Հայաստանը շրջապատող թյուրքական երկրների ազդեցության տարածումը կնեղացնի տարածաշրջանում Հայաստանի մանևրելու հնարավորությունները։

Մյուս կողմից, Հայաստանը չի կարող շարունակ ներփակվել իր սահմաններում և դուրս մնալ տարածաշրջանային տրանսպորտային-հաղորդակցական, էներգետիկ նախագծերից, ինչին և ձգտել են Բաքուն ու Անկարան երեք տասնամյակ։

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ի վերջո ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ինչը տարբեր պատճառներով շարունակում է կրել հարցականներ, ապա կոմունիկացիաների ապաշրջափակումը կարող է տնտեսական նոր հնարավորություններ բացել նաև Երևանի համար։

Խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն, չի լուծում թերևս կարևորագույն հարցերը` անվտանգության երաշխիքներն ու Ադրբեջանում տարածված հայատյացության ֆոնին երկու հասարակությունների` տասնամյակներ շարունակ արմատացած թշնամանքի մթնոլորտը կոտրելը։

Հայաստանի քաղաքական ու հանրային որոշ շրջանակներում մտավախություն կա, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի վերջինիս տնտեսական էքսպանսիային։ Չմոռանանք, որ երրորդ երկրների տարածքով Հայաստանն ու Թուրքիան ունեն առևտրային դինամիկ հարաբերություններ և Թուրքիայից ներմուծված ապրանքները արդեն իսկ հայկական շուկայում զգալի տեղ են զբաղեցնում։

Հայաստանի քաղաքական օրակարգի լուրջ հարցերից մեկն էլ հայ-ռուսական օրեցօր վատթարացող հարաբերություններն են, ինչը նույնպես մտահոգիչ է։ Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձերը չուղղորդվեն երրորդ երկրի կամ երկրների հետ լարվածության հասունացմամբ կամ շահերի լիարժեք հակադրմամբ։ Դրա հետ մեկտեղ ցանկացած կապիտալի մենաշնորհը Հայաստանի կայուն զարգացման և անվտանգության տեսակետից առնվազն խնդրահարույց կլինի:

Իսկապես, պաշտոնական Երևանը կանգնած է, չափազանցրած չենք լինի ասել, պատմական որոշումների առջև, որտեղ սխալվելու գինը կարող է ճակատագրական լինել:


Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Հայկական Հանրապետության» տեսակետներին:

Թողնել մեկնաբանություն