Մոնթեն ծնվել է 1915-1923 թթ. ցեղասպանության և հայ բնակչության բռնի տեղահանման ժամանակ հրաշքով փրկված հայերի ընտանիքում: Նրա հայրը՝ Չարլզը, իր որդիներին է փոխանցել այդ իրադարձությունների հիշողությունը և նույնիսկ ընտանեկան շրջագայություն կազմակերպել Արևմտյան Հայաստանի կորսված հողերով: Այս իրադարձությունը կարևոր դեր խաղաց հետաքրքրասեր ամերիկացի դեռահասի մոտ հայկական ինքնության հիմնական տարրերի ձևավորման գործում: Հենց այս փուլում սկսվեց ամերիկանիզմի և հայկականության միջև ներքին պայքարը։ Իրենց ժողովրդի պատմությունը փոխած անհատները միշտ էլ անցել են ներքին վերափոխման այս բարդագույն փուլը։ Իռլանդական պետականության հայր Իմոն դե Վալերան ծնվել է Նյու Յորքի խառնակազմ իռլանդա-բասկյան ընտանիքում, Լեհաստանի Պլոնսկից էր Իսրայելի պետականամետ գործիչ բեն Գուրիոն դարձած երիտասարդ սոցիալիստ մտավորական Դեյվիդ Գրյունը, Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանիայի միավորողը և միացյալ գերմանական ազգի հիմնադիրը, սաքսոնական գավառական ապստամբ Օտտո Լեոպոլդն էր:
Նրանցից ոչ մեկի առաջ չի ծառացել մեկից` հանուն երկրորդի լիովին հրաժարվելու հարցը։ Ընդհակառակը, բազմակի ինքնությունը (multifaceted identity) անվիճելի արտոնություն է, քանի որ հետը բերում է ճկունություն, հարմարվողականություն (բառիս դրական իմաստով), լայն աշխարհայացք, ոչ ստանդարտ մտածելակերպ և այլն: Ավելին, մեկ ինքնություն ունեցող անձը, որպես կանոն, ի վիճակի չէ ճանաչել դրա բոլոր ուժեղ և թույլ կողմերը, քանի որ զուրկ է համեմատական ինքնավերլուծություն անցկացնելու համար անհրաժեշտ երկրորդ ներքին տարրից: Հարցն այն է, թե ինքնություններից որն է դառնում կենսական առաջնահերթությունները և այս կամ այն արարքների դրդապատճառները որոշող ալֆա: Դառնալով ներքին ինքնորոշման հիմք՝ այն ստորադասում է երկրորդ և այլ ինքնությունները՝ օգտագործելով նրանց ինչպես դրական, այնպես և կործանարար էներգիան ալֆայի կողմից սահմանված նպատակներին և խնդիրներին հասնելու համար: Մոնթե Մելքոնյանը հայկական խորքային ինքնությանը հանգել է բարդ, վտանգավոր և փշոտ ճանապարհով՝ օրեցօր իրեն կատարելագործելով որպես անձ (ձևաչափով) և նրա մեջ ինտեգրելով ձեռք բերած գիտակից հայկականությունը (բովանդակությամբ):
Նրա անհատականության հիմնական հատկանիշներն էին համեստությունը, նպատակասլացությունը, պատրաստակամությունն ու նվիրվածությունը։ Դպրոցական տարիներից նա առանձնանում էր հետաքրքրասիրությամբ և դեպի գիտելիք ձգմամբ: Նա ամենուր տեղեկություններ էր հավաքում իրեն շրջապատող աշխարհի մասին՝ ամիսներ ու տարիներ անցկացնելով Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի տարբեր ուսումնական հաստատություններում: Զարմանալի չէ, որ նա ընտրեց պատմաբան-հնագետի մասնագիտությունը։ Մարդիկ, ովքեր գիտակցաբար ընտրում են այդ մասնագիտությունը, ի սկզբանե պատրաստվում են ոչ թե լոկ թղթային գիտական աշխատանքի, այլ բարդ հարցերի պատասխանների որոնմանը: Այդ պատասխանները կարելի է գտնել միայն անցյալում` դրա կառուցվածքի նրբությունները իմանալու և հետը ճիշտ աշխատելու ձևերը սովորելու պարագայում: Ամեն մասնագետի չէ, որ պատմությունը պատրաստ է մոտ թողնել իր փակ գանձարանին։ Մոնթեն այն մարդկանցից էր, ում հաջողվեց դրան արժանանալ։ Նրա լայն աշխարհայացքը, ինքնադաստիարակումը, կարգապահությունն ու քրտնաջան աշխատանքը ստեղծեցին ուժեղ անհատականություն, որն ունակ էր իր մեջ զետեղել մեկից բազում բարդ ինքնություններ: Նա կարող էր գնալ դյուրին ճանապարհով և ընտրել պատրաստի գրավիչ մոդել՝ ամերիկյանը, եվրոպականը և նույնիսկ ճապոնականը։ Այդ դեպքում նրան երաշխավորված կլիներ խելահեղ հաջողությունըանկախ նրա հետագա զբաղմունքի տեսակից։
Սակայն Մոնթե Մելքոնյանի իրական մեծությունը կայանում է նրանում, որ նա գիտակցաբար ընտրել է հայկական ինքնությունն իր մեջ կերտելու և իր միջոցով փոխանցելու բարդագույն ճանապարհը:
Այն, թե ինչպես էր նա պատկերացնում հայությունն ու հային, լավ է լուսաբանում մի պատմություն։ 1975 թ. Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի հայկական «վերնախավը» ռազմավարական մտածողության իսպառ բացակայության պատճառով ստեղծեց մի վտանգավոր իրադրություն, երբ հայկական գործոնը իրենց շահերից ելնելով պրագմատիկ կերպով օգտագործեցին հակամարտության բոլոր կողմերը: Ընդ որում, ֆալանգիստները՝ աջ ազգայնական մարոնիտները (քրիստոնյա արաբներ), սպանում էին անզեն հայ քաղաքացիական անձանց, առևանգում ամբողջ ընտանիքներ և փրկագին պահանջում։ Նրանք կարծում էին, որ հայերն աջակցում են պաղեստինցիներին, և այդ պատճառով նրանք չափազանց բիրտ էին գործում։ Տեղի այսպես կոչված «հայկական ղեկավարությունը» ընտրել է հնարավոր մարտավարություններից վատթարագույնը՝ անվերջ միակողմանի զիջումների միջոցով ագրեսորին խաղաղեցնելը։ Ժամանակին բրիտանացի պետական գործիչ Ուինսթոն Չերչիլը նշել էր, որ «խաղաղարարը նա է, ով կոկորդիլոսին կերակրում է` հուսալով, որ կոկորդիլոսն իրեն կուտի վերջինը»: Հավանաբար, նրա աշխատությունները շրջանցել են այն ժամանակվա լիբանանահայ «վերնախավին», կամ նրանք պարզապես Չերչիլին այդքան նշանակալից պատմական դեմք չեն համարել, որպեսզի նրա գրած «հիմարություններն» ուսումնասիրելու վրա ժամանակ ծախսեն։ Բնականաբար, խաղաղեցումը չէր գործում, իսկ որպես հետևանք հայերն էին շարունակում զոհվել։
Մի օր զինված ֆալանգիստները կրակ բացեցին հայկական թաղամասում գտնվող Airplane Building բնակելի շենքի վրա։ Նրանք գիտեին, որ տանը միայն կանայք և երեխաներ կային, քանի որ տղամարդիկ ցերեկային ժամերին աշխատանքի էին։ Չկար որևէ պահակախումբ կամ պաշտպանություն: Բնակիչներից Մանուշակ Ստեփանյանը, տեսնելով տանը մոտեցող ազգայնականներին, արագ կապ է հաստատել «Արագած» կազմակերպության հետ, որը պատասխանատու էր հայ բնակչության պաշտպանության համար: Նրանք ագրեսիան հետ մղելու համար ուղարկեցին երկու անզեն երիտասարդ տղաների, որոնք շփոթվեցին երկու զինված գրոհայինների տեսքից։ Մոնթեն տեղ հասավ մի քանի րոպե անց, լցրեց իր հրացանը և ավազի պարկերի բարիկադների հետևից կրակ բացեց։ Նա խախտեց տեղական «ղեկավարության» կողմից սահմանված կանոնները՝ առանց թույլտվության զենք չվերցնել և չկրակել առանց համաձայնեցման։
Մինչ ֆալանգիստները նահանջում էին դեպի ճանապարհի իր կողմը, Մոնթեն կռանալով նետվեց դեպի բարիկադի մյուս ծայրը, կրակ բացեց այնտեղից, ապա ցատկեց մեջտեղը և ևս մի քանի փամփուշտ արձակեց։ Մայրուղու մյուս կողմում տեղակայված ֆալանգիստներին թվում էր, թե շենքը պաշտպանում է մարտիկների մի ամբողջ զորակազմ։ Գրեթե մեկ ժամ Մոնթեն, աջ ու ձախ թռչկոտելով, պահպանում էր այդ պատրանքը: Մանուշակ Ստեփանյանի ավելի ուշ նկարագրությամբ, նա ֆալանգիստներին մոտ չէր թողնում այնքան ժամանակ, մինչև աշխատանքից վերադարձան տղամարդ բնակիչներն ու զորավիգ ուժերը:
Մարգար Մելքոնյանի «Իմ եղբոր ճանապարհը» գրքից
Սա հոլիվուդյան բլոկբաստերային Ֆիլմի նկարագրություն չէ, այլ իրական դրվագ, որը հետագայում վառ գույներով նկարագրում էին այդ տան բնակիչները, երկու վախեցած հայ տղաները, որոնց ղեկավարությունն առանց զենքի ուղարկել էր պաշտպանելու հայկական տունը, և հենց իրենք՝ ֆալանգիստները, ովքեր կարծում էին, որ տասնյակ զինված մարտիկների դեմ են կռվում։ Նա արեց այն, ինչ այն ժամանակվա հայերի մեծ մասի համար խելագարության պես մի բան էր. պատասխանատվություն ստանձնեց ՝ առաջնորդվելով տրամաբանությամբ, սառնասրտությամբ և ողջախոհությամբ: Մոնթեն չվարվեց որպես հայերի կյանքը վտանգի տակ դնող բացարձակ ոչ կոմպետենտ (առնվազն) ղեկավարության հրամանները կատարող սողուն։ Ավելի ուշ իր «Ինքնաքննադատություն» (A Self-Criticism) աշխատության մեջ նա լիբանանյան կյանքի շրջանը կանվանի իր հայկական ինքնության հասունացման համատեքստում առանցքային կետերից մեկը: Բեյրութում Մոնթեն հասցրել է լավ ուսումնասիրել տեղի «հայկական վերնախավերին» և հասկանալ, որ «ղեկավարության» մեջ գերակշռում են նյութապաշտությունն ու քաղաքականությունը: Նրանք հաճախ պարզապես օգտագործում էին ամբողջ աշխարհի երիտասարդ մոտիվացված հայ տղաներին իրենց անձնական խաղերում՝ օգուտ քաղելու համար։
Մոնթեն, ինչպես և իր հասակակիցներից շատերը, ոգևորված էր, որ վերջապես ի հայտ եկավ մի կազմակերպություն, որը կարող էր առաջնորդել պատմական արդարության վերականգնման և հայկական հարցը հայկական պայմաններով լուծելու համար մղվող պայքարը: Խոսքը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մասին է։ Մելքոնյանը, ով արդեն մի քանի օտար լեզուներ էր յուրացրել և որոշակի մարտական փորձ ձեռք բերել Լիբանանում, դարձավ կազմակերպության գլխավոր շարժիչ ուժը: Նա իր մեջ համադրել է չափազանց հազվադեպ հանդիպող հատկանիշներ՝ ռազմավարական խելք և դաշտում գործելու ունակություն։ Մոնթեն կարող էր սկզբից մինչև վերջ գծագրել ամենաբարդ գործողությունը և լինել դրա անմիջական կատարողը։ ԱՍԱԼԱ-ի ճամբարում գտնվելու ժամանակ նա եկել է այն եզրակացության, որ այդ կազմակերպության ղեկավարությունը զբաղվում է մոտավորապես նույն բանով, ինչ հայկական «վերնախավը» Բեյրութում։ Նրան և շատ այլ տղաների ձեռնտու չէր, որ ԱՍԱԼԱ-ի ռեսուրսները (մարդկային և նյութական) օգտագործվում էին ոչ նպատակային և ծառայում որպես այլ ուժերի գործիք։ Դա հանգեցրել է կազմակերպության հիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ բաց ընդհարման։
Որպես տեղեկություն
Շատ աղբյուրներում Հակոբ Հակոբյանը ներկայացված է որպես Հարություն Թագուշյան։ Նույն աղբյուրների համաձայն՝ նա ծնվել է իրաքյան Մոսուլում և 15 տարեկանում միացել Պաղեստինյան շարժմանը։ Նրա ուսուցիչը բժիշկ Վադի Հադդադն էր՝ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հիմնադիրը։ Հադդադի շուրջ միավորվել են այդ ժամանակաշրջանի այնպիսի նշանավոր մարտիկներ, ինչպիսիք էին վենեսուելացի Իլյիչ Ռամիրես Սանչեսը (Կառլոս Շակալ), Լեյլա Խալեդը և ճապոնական Կարմիր բանակի ղեկավար Ֆուրայա Յուկատան։ Հադդադի խմբավորումը վայելում էր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ֆինանսական և քաղաքական աջակցությունը:
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայում թուրք հյուպատոսի և փոխհյուպատոսի վրա Գուրգեն Յանիկյանի կրակոցից հետո ստեղծված իրավիճակը Հակոբյանին հնարավորություն տվեց պաղեստինյան շարժման առաջնորդներին ներկայացնել «հայկական նախագիծը»: Նրանք կտրականապես կողմ էին, քանի որ դաշնակիցներ էին փնտրում Մերձավոր Արևելքում, հատկապես Լիբանանում։ Այդ իսկ պատճառով Մոնթեն շատ մանրամասներ իմանալուց հետո խիստ նյարդայնացավ։ Նա սկսեց Հակոբյանի մեջ տեսնել մի մարդու, ով «հայկական հարցը» պարզապես վաճառեց օտարներին և հայկական գործոնը մտցրեց Հայաստանի ազատագրման հետ որևէ կապ չունեցող պայքարի մեջ։ Նրան դրանում համոզում էր ոչ միայն այն, թե Հակոբյանը որքան հեշտությամբ էր հայ մարտիկներին ուղարկում անիմաստ հայկական գործերի հետ չկապված առաջադրանքների, այլև այն փաստը, որ ԱՍԱԼԱ-ն որևէ իրական ռազմավարական ճանապարհային քարտեզ չուներ:
Այդ ընթացքում Մոնթեն հստակ որոշեց, որ պետք է հայկական գործոնը հանել «մանիպուլացված և օգտագործվածի» կարգավիճակից։ Վերջնական հաջողության հասնելու համար պետք էր լուծել բարդագույն խնդիր՝ հայկական հարցին տալ հայկական սուբյեկտայնություն։
Ընդ որում, նա չէր պատրաստվում հրաժարվել «համաշխարհային հեղափոխության» տեսքով համաշխարհային «ձախ» հովանոցից։ Ընդհակառակը, անհրաժեշտ էր դրա հովանավորների ռեսուրսներն ու հնարավորությունները օգտագործել հանուն հայկական շահերի: Բասկյան ETA-ն («Բասկերի Երկիր և Ազատություն» շարժում) հայտարարեց մարքսիզմ-լենինիզմի գաղափարներին իր նվիրվածության մասին, թեկուզ իրականում նրան մտահոգում էր միայն մեկ պայքար՝ Բասկերի երկրի անկախության համար: Իռլանդիայի Հանրապետական բանակը (IRA) պատերազմ հայտարարեց համաշխարհային իմպերիալիզմի դեմ, սակայն դրա իրական նպատակը Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորումն էր անկախ Իռլանդիայի հետ: Պաղեստինցիները իրենց առաքելությանը հասնելու համար նույնպես պատրաստ էին սիրաշահել պանարաբիստներին, կոմունիստներին և կրոնական ֆունդամենտալիստներին: Մինչև Մոնթե Մելքոնյանի հայտնվելը հայկական հարցը լուրջ, կազմակերպված ու բովանդակային շարժումների համար հարմար ու բավականին էժան գործիք էր: Այն շահագործել են բոլորը՝ մեծ տերությունների հատուկ ծառայությունները, եվրոպական աջերն ու ձախերը, ազգայնականներն ու կոմունիստները, եգիպտական, իրաքյան և սիրիական Մուհաբարաթը, թուրքերը, իրանցիները, բասկերը, պաղեստինցիները և այլն։
Այս ինքնիշխանության առաջին քայլը դուրս գալն էր այն կազմակերպությունից, որը ոչ միայն դարձավ ուրիշի շարժման կցորդը, այլ սկսեց կատարել հայությանը վնասող անխոհեմ գործողություններ (օրինակ՝ ֆրանսիական Օռլի օդանավակայանում պայթյուն): Մոնթեն և նրա կողմնակիցները հեռացան Հակոբյանից և ստեղծեցին ՀԱՀԳԲ-ՀՇ (հեղափոխական) շարժումը։ Այն առանձնանում էր քաղաքական ծրագրի, հստակ ռազմավարության և գործողությունների ծրագրի առկայությամբ։ Խոսքը, ըստ էության, հայկական առաջին իմաստավորված սուբյեկտային ռազմաքաղաքական շարժման մասին է։
1985 թվականին Մոնթեն, ով արդեն հասցրել էր բազմաթիվ հաջող գործողություններ ծրագրել (այդ թվում՝ «Վանը»1), ձերբակալվեց Ֆրանսիայում։ Դա հերթական փուլն էր, որը նա ընդունեց արժանապատվությամբ և հետաքրքրությամբ։ Նամակներից մեկում նա նշել է. «նման վայրում գտնվելը գրեթե պատիվ է»: Բանն այն է, որ Մելքոնյանն «առանձնապես կարևոր կալանավորի» կարգավիճակ ուներ։ Այդպիսիք շատ քիչ էին, և նրանցից բոլորն էլ ծայրահեղ գաղափարական անձնավորություններ էին, որոնցից կարելի էր անգնահատելի փորձ վերցնել։ Նա այս ժամանակաշրջանին վերաբերվում էր որպես ազատության բարդ երևույթի բոլոր բաղադրիչները հասկանալու փիլիսոփայական քննության։ Նա գիտակցում էր, որ իր անձնական ֆիզիկական ազատության ժամանակավոր բացակայությունը միայն չնչին վճարում է հայության ազատության համար մղվող պայքարում։ Եվ սա ո՛չ առիթ է, ո՛չ էլ խոչընդոտ այդ պայքարը կանգնեցնելու կամ նույնիսկ կասեցնելու համար։
Մշտական պայքարը, դրա հետևանքների արժանապատիվ ընդունումը և իր առաքելությանը անմնացորդ նվիրումը իսկական ազգային ազնվականության հատկանիշներն են: Մոնթեն դարձավ դրանց կրողն ու տարածողը՝ ստեղծելով հայկականության և հայկական ինքնության սկզբունքորեն այլ մոդել։
1989 թվականին նա դուրս եկավ բանտից։ Նրա հայրենիքում ընթանում էր «Միացումը»՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման համար շարժումը։
Մոնթեն ռազմական ստրատեգ, գաղափարախոս ու փիլիսոփա էր՝ մեկ անձում, կենդանի հայ ազնվական, որի մեջ միավորվեցին հայկական աշխարհի երեք սկզբները՝ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը:
Ի տարբերություն մեծամասնության՝ նա չէր հպարտանում, որ հայ համայնքների ներկայացուցիչները վերադարձել են Հայաստան և մասնակցում են Արցախի ազատագրմանը։ Մոնթեն դա միանգամայն բնական էր համարում իրեն հայ կոչող յուրաքանչյուրի համար և ապշած էր, թե որքան քիչ են իր սփյուռքահայ հայրենակիցները մասնակցում համազգային պայքարին, որտեղ որոշվում է համայն հայության ճակատագիրը: Թեժ պահին նա, որպես փիլիսոփա, ձևակերպեց անբաժանելի անվտանգության հայեցակարգը՝ հայտարարելով, որ Արցախի կորստով կավարտվի հայոց պատմությունը։ Նրա մեծ նախորդը՝ Գարեգին Նժդեհը, կարծում էր, որ դեպի անմահություն տանող ճանապարհը անցնում է գիտակցված պայքարում մահվան միջով։ Հենց այդպես էլ ավարտվեց Մոնթե Մելքոնյանի ֆիզիկական ուղին: Արդյո՞ք նա պատրաստ էր դրան: Դրանում կասկած չկա։ Ինչպես և առ այն, որ հայապահպանության և անկախության համար մղվող պայքարում ընկնելը նրա համար մեծ պատիվ էր։
Ցավոք, երկրի ղեկավարներն անգամ խնդիր չէին դնում հասկանալ նրա անձի մասշտաբը։ Նա դարձավ մշակած գիտակից հայկական ինքնության կենդանի և իրական օրինակ, և այդ օրինակով պետք էր ստեղծել ազգակերտման պետական հայեցակարգը (ո՞վ է հայը):
Շատերն են հարցնում՝ իշխանությունն ու փողը կփոխեի՞ն Մոնթեի բնավորությունը, եթե նա ողջ մնար։ Միանշանակ ոչ։ Եթե այս մահկանացու կատեգորիաները որևէ արժեք ունենային նրա համար, նա ծայրահեղ հարուստ մարդ կդառնար դեռ 80-ականներին։ Այդ դարաշրջանի այսպես կոչված ազատամարտիկների մեծ մասը, զգալով փողի համը, դառնում էին սովորական վարձու մարդասպան և զբաղվում էին մասնավոր պատվերների կատարմամբ (ինչպես, օրինակ, Կառլոս Շակալը)։ Իսկ նա հյուսված էր պողպատե սկզբունքներից, որոնք հնարավոր չէ գնել որևէ նյութական բարիքի դիմաց: Ինչ-որ չափով Մոնթեին կարելի է համեմատել ֆրանսիացի հռչակավոր պետականամետ գործիչների` Ժան Վիկտոր Մորոյի և Ժիլբեր Լաֆայետի հետ, որոնք Նապոլեոն Բոնապարտից, որը, նրանց կարծիքով, հանուն անձնական իշխանության խախտել է Հանրապետության սկզբունքներին հավատարմության իր երդումը, ո՛չ պաշտոն են ընդունել, ո՛չ էլ աշխատավարձ։
Մոնթե Մելքոնյանի մեծությունը սահմանափակվեց առանձին ռազմական գործողությունների շրջանակներով, իսկ հիշատակը պղծվեց, երբ երկրի «ղեկավարությունը» դռները փակեց հայության առջև՝ այն դիտարկելով ոչ թե որպես ռեսուրսային բազա, այլ որպես իր իշխանության պահպանման և վերարտադրության համար սպառնալիք։ Նրանք զրոյացրին համազգային պայքարի բոլոր ձեռքբերումները, հրաժարվեցին Արցախից և կրկին վերադարձրին երկիրն ու ողջ հայությանը «օգտագործվողների» կարգավիճակի։ Այսօր Մոնթեն զայրացած կլիներ, բայց ոչ մի վայրկյան չէր ծախսի հիասթափության վրա, այլ կստանձներ միակ անհրաժեշտ աշխատանքը՝ սովորեցնել, մաքրել ու կառուցել։ Առանց դրա անհնար է հայությանը դուրս բերել այս ճահճից և ծուռ հայելիների թագավորությունից։
- Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կողմից 1981 թ. սեպտեմբերի 24-ին Փարիզի թուրքական դեսպանատան գրավումը: ↩︎
