Փոքր պետություններ ու գլոբալ ազգեր

Հրեական և իռլանդական հաջողության մոդելները

Դժվար է գերագնահատել Իռլանդիայի և Իսրայելի իրավիճակի աննախանձելիությունը նրանց պետականության ձևավորման արշալույսին։ Ցեղասպանության ենթարկվելու դրվագներ, կոլեկտիվ տրավմաներ, զանգվածային արտագաղթ և վերադարձ, փոքր չափսեր, յուրովի անբարենպաստ կլիմայական պայմաններ, «կղզու» դիրք ծովում թե ցամաքում, անկախության համար արյունալի պայքար, օտար տիրապետության հարյուրամյակների ընթացքում գրեթե մեռած մայրենի լեզուներ` այս ամենը երկու պետությունների կիսած պատմական փորձն է:

Ներկայումս էլ երկու ազգերը կիսում են ազդեցիկ գլոբալ սփյուռքներ, ուժեղ դիվանագիտություն, համաշխարհային ասպարեզում նյութական հնարավորություններին անհամաչափ կարգավիճակ, ԱՄՆ-ի կողմից պաշտպանության լուրջ երաշխիքներ, տնտեսական բարգավաճում, նորարարություն և հարևանների հետ այս կամ այն չափով չլուծված հակամարտություններ: Ի՞նչ կարող էր իռլանդական և իսրայելական հիմնադիր հայրերից սովորել իսկական, պետականամետ հայկական վերնախավը:

Միասնությունը ամեն ինչից վեր

Հայերի պես` հրեաներն ու իռլանդացիներն էլ ժամանակին նպատակամետ բնաջնջման զոհ են դարձել։  Օտար ափերում, որտեղ հրեաները հիանալի ինտեգրվել էին սոցիալ-տնտեսական կյանքին և հավատարիմ հպատակներ, իսկ հետո նաև քաղաքացիներ էին, բազմադարյան հալածանքներն ու ջարդերը, պսակվեցին Հոլոքոստով, նախքան մշտական ճնշումների հետևանքով սկիզբ առած աստվածաշնչյան հայրենիք վերադառնալու գաղափարախոսությունը իսկապես համաժողովրդական դարձավ:

Ի տարբերություն հրեաների, իռլանդացիներին սկզբում բախտ վիճակվեց ապրել իրենց հայրենիքում՝ չնայած բրիտանական գաղութային կառավարման ներքո ապրած բազմաթիվ զրկանքներին: Միայն այն ժամանակ, երբ նրանցից խլեցին այն միակ բանը, որին նրանք այդ ժամանակ հավակնում էին իրենց սեփական հողում՝ կարտոֆիլը, որը նրանց սննդակարգի հիմքն էր կազմում, և երբ նրանց հայրենակիցների ավելի քան 10%-ը մահացավ Մեծ սովի պատճառով, իսկ ևս մեկ քառորդ մասը օվկիանոսն անցավ «դագաղ- նավերով» (coffin ships)՝ փախչելով սովից, իռլանդացիները հասկացան, որ ազատության համար մահը գերադասելի է անազատության պատճառով վախճանից:

Կրելով անհամար կորուստներ, գիտակցելով ճակատագրի ընդհանրությունը և ձևավորելով ըմբռնում, որ ազգն ապահով է միայն այս տարածքում և միայն ինքնուրույն կառավարման ներքո, երկու ազգերն էլ կարողացան հետին պլան մղել գաղափարական և նույնիսկ կրոնական հակասություններն ու մասնավոր շահերը։  Իռլանդացիների համար հանրապետականությունը և իսրայելացիների համար սոցիալիզմը լոկ գաղափարներ էին, որոնք կարող էին ժամանակավորապես զոհաբերվել հանուն միակ ճշմարիտ վերջնական նպատակի՝ սեփական հողում անկախության:

Իսրայելի հիմնադիր հայր Դավիդ բեն Գուրիոնը, պետականության պահպանման առաջիկա մարտահրավերներում իրեն հաշիվ տալով, չի փորձել նորաստեղծ պետությունն օգտագործել որպես հարստացման և անձնական շահերի առաջմղման գործիք: Սոցիալիզմն ու այնուհետև ժողովրդավարությունը չէին կարող իր և նրա համախոհների համար ինքնանպատակ լինել: Իրավունքներն ու ազատությունները, իշխանության թևերի տարանջատումը, անշուշտ, կարևոր արժեքներ էին, բայց միայն այնչափ, որքանով նպաստում էին Իսրայելի անկախությանն ու անվտանգությանը: Ընդ որում, դասական իմաստով սահմանադրության բացակայությամբ և մշտատև արտակարգ դրությամբ հանդերձ, գործադիր իշխանության ոչ մի ղեկավար իրեն թույլ չի տվել չարաշահել իրեն վստահված լիազորությունները։

Հրեական պետության հիմնադիր հայրերը նախատեսել են պետությունից անբաժան մեկ այլ բացարձակ արժեք՝ ժողովրդական բանակը:  ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի զինված ուժեր) դարձել է ավելին, քան բանակ:

Բանակը իսրայելական ազգի հիմնաքարն է, դպրոցը, որտեղ ազգը սովորում է բանակի պես լինել՝ ուժեղ, ընդհանուր գործին նվիրված, կարգապահ, իսկապես համընդհանուր և քաղաքականապես չեզոք:

Գործնականում դա արտահայտվել է կանանց համընդհանուր զինվորական ծառայության մեջ ներառմամբ, ինչպես նաև պահեստազորայինների ամենամյա հավաքներով: Բանակը դարձավ նաև ազգն ու նրա վերնախավը, Սփյուռքն ու պետությունը կապող օղակներից մեկը՝ մարմնավորելով «և՛ վշտի, և՛ ուրախության մեջ» սկզբունքը։

Անհնարինի մասին երազանքները` քաղաքական ռեալիզմ

Երկու հասարակություններն էլ, յուրացնելով իրենց թուլության ողբերգական դասերը, գիտակցում էին, որ կիսամիջոցներն ու երկչոտ երազանքները անթույլատրելի շռայլություն են: Համաշխարհային տեսլականի և աշխարհում սեփական տեղը հասկանալու համադրության շնորհիվ երկու ազգերն էլ միմյանցից անկախ եկել են ավանդականության, բացության և նորարարության, զարգացած գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների աշխարհի ամենաուշագրավ սիմբիոզներից մեկին: Նրանք պարզապես չէին կարող իրենց թույլ տալ տեխնոլոգիական հետամնացության պատճառով վատնել մարդկային կապիտալը։

Իռլանդիան իր հիմնադիր հայր դե Վալերայի երևակայությամբ պիտի դառնար ազատության և արդարության համար անկախ հանգամանքներից պայքարող երկիր: Եվ չնայած գելերենը վերածնվում է ավելի դանդաղ, քան երազում էր դե Վալերան, և Կաթոլիկ եկեղեցու դիրքերը թուլացել են, կրոնը, լեզուն, ազատասիրությունը և ճնշվածներին պաշտպանելու կամքը 80 տարի անց մնում են իռլանդացիների ինքնության հիմնասյուները, իսկ Հյուսիսի հետ վերջնական վերամիավորումը արդեն  միայն ժամանակի հարց է: Շատ առումներով դա հնարավոր դարձավ նաև վերնախավերի սառնասրտության շնորհիվ, որ կարողացան մի կողմ դնել հույզերն ու անձնական կարիերայի հավակնությունները և նախաձեռնել պառակտված իռլանդացիների և անկախության համար պայքարի ու վերամիավորման տարբեր ձևաչափերի կողմնակիցների պատմական հաշտեցման գործընթացը: Կղզու գաղափարական և տարածքային ապագաղութացումը ընթանում է ցայսօր։

Անկախության նախօրեին և դրանից հետո սեփական անապատում հրեաների գոյատևման դժվար պայմանների մասին շատերը գիտեն։ Մեկնաբանների ալարկոտութունը նրանց ստիպում է անապատում և թշնամիներով շրջապատված գոյատևման այս երևույթը ինչով ասես բացատրել՝ մետաֆիզիկայով, մտածածին բացարձակ միասնությամբ, ուժեղ դաշնակցի առկայությամբ՝ ի դեմս ԱՄՆ-ի, որն այն ժամանակ դեռ այդպիսին չէր։  Ինչպես ասես, բայց միայն ոչ գլխավորով` անկազմակերպ ու մասնատված մեծամասնությունը պետականաշինության շուրջ համախմբած վերնախավի առկայությամբ։  Ժողովուրդները չեն ծնվում ապրելու և աշխատելու այնպիսի պատրաստակամությամբ, կարծես կա միայն ապագա և ներկան գոյություն չունի:

Այնուամենայնիվ, ազգային առաջնորդ բեն Գուրիոնը կարողացավ համոզել Իսրայելի հողի յուրաքանչյուր վերաբնակիչին, որ համազգային «վաղը» վեր է անձնական «այսօր»-ից:

Հրեաները մի երազանք ունեին՝ պետություն ստեղծել, քանի որ այլապես նրանք դատապարտված էին մշակութային, ապա նաև ֆիզիկական ոչնչացման։  Դա հատկապես լավ էին հասկանում Հոլոքոստի ժամանակ փրկված հրեաները, որոնք պատրաստ էին ներքին վերափոխումների, որպեսզի այլևս երբեք չդառնան դահիճի անզեն զոհը, և կամենում էին դրանք։ Կարիք չկար նրանց համոզելու, որ Իսրայել պետությունը պետք է ամեն գնով հայտնվի քարտեզի վրա։  Սահմաններն էլ կարելի էր ճշգրտել ավելի ուշ։

Անկախության արշալույսին պատերազմի մեջ հայտնվելով՝ իսրայելացիները, որոնք այդ ժամանակ շրջապատված էին բացառապես քանակապես գերակշռող թշնամիներով, ընտրեցին իրատես լինելն ու իրենց երազանքի համար պայքարելը։ Հանուն դրա նրանք ստիպված էին մի կողմ դնել իրենց անձնական նախասիրություններն ու սեփական երեխաների մասնագիտական զարգացման և ապագայի նկատմամբ ծրագրերը:

Քանի որ արաբական աշխարհը հրաժարվեց ճանաչել տարածաշրջանում քաղաքական գոյության իրենց իրավունքը, հրեաները ընտրեցին ինքնապահպանման միակ հնարավոր ուղին՝ ամբողջ Իսրայելի Հողի (Էրեց-Իսրայելի) նվաճումը:

Էթնոսից դեպի անդրազգային քաղաքական ազգ

Պետականության պահպանումը հայրենադարձություն և ամբողջ ներուժի մոբիլիզացում էր պահանջում։  Հրեական և իռլանդական սփյուռքները աշխարհում ամենաազդեցիկներից են՝ հիմնականում «շնորհիվ» աշխարհում նրանց ցրվածության և տարբեր մշակույթների միջև կամուրջներ կառուցելու ունակության՝ ի շահ իրենց բնակության երկրի:

Իռլանդիայի սփյուռքը դարձավ անկախության և երկրի վերամիավորման համար պայքարի ռեսուրսների համալրման երաշխավորը: Իռլանդական Սփյուռքի քաղաքական ներուժը առաջինը ցույց տվեց Իմոն դե Վալերան՝ 1919-ին այցելելով Միացյալ Նահանգներ: «Ինքնահռչակ» Իռլանդիայի Հանրապետության Նախագահը 1,5 տարվա ընթացքում ելույթներ էր ունենում ամերիկյան տարբեր քաղաքներում և նահանգներում, վեհաժողովներում և համալսարաններում: Չնայած, որ տեղական համայնքների առաջնորդները միշտ չէ, որ հավատում էին նրա ընտրած «միսիոներ» մոտեցմանը և իրենց ավելի բանիմաց էին համարում ԱՄՆ-ում որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ, նրանք, այնուամենայնիվ, ֆինանսապես և կազմակերպականորեն աջակցեցին նրա ուղևորությանը: Չնայած այդ այցի ընթացքում դե Վալերային չհաջողվեց Իռլանդիայի` բրիտանական թագի ավանդական դաշնակից Միացյալ Նահանգների կողմից ճանաչմանը հասնել, նորաստեղծ հանրապետությունը՝ ի դեմս իր անզիջում նախագահի, գրավեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Դե Վալերան հայրենիք վերադարձավ իռլանդական պետություն կառուցելու համար սփյուռքի հավաքած ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարով:

Իռլանդական Սահմանադրության հիմնադիր հոր կողմից կազմված երկրորդ հոդվածը իռլանդական ազգի շարքին է դասում կղզում ծնված յուրաքանչյուրին, չնայած այն հանգամանքին, որ Հյուսիսային Իռլանդիան այս պահին պատկանում է բրիտանական իրավասությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարող են ըստ օրենքի հավակնել Իռլանդիայի քաղաքացիությանը: Այնտեղ ընդգծվում է նաև արտասահմանում իռլանդական ծագում ունեցող ու այդ ինքնությունն ու ժառանգությունը կիսող մարդկանց նկատմամբ հատուկ վերաբերմունքը։  Այսպիսով, մի կողմից, կարևորվում է իռլանդական Սփյուռքը, մյուս կողմից, կառուցվում է քաղաքացիության նկատմամբ էթնիկ պատկանելության որոշակի ստորակարգությունը:

Իր հերթին, հրեական սփյուռքը աշխարհում ամենահինն է: Հենց նա է, հաջողությամբ ինտեգրվելով բնակության երկրների սոցիալ-տնտեսական կյանքին, պահպանում է իրենց արտաքին քաղաքականության համար Իսրայելի կարևորությունը, այդ թվում՝ հղում անելով աստվածաշնչյան դրդապատճառներին և հրեա ժողովրդի ընտրյալ լինելուն։  Պետության և սփյուռքի շահերի հավասարակշռությունն միանգամից չէ ձևավորվել։ Մի շարք սիոնիստական գործիչներ, որոնք կանգնած էին հրեական պետության ակունքներում, բավականին խիստ մոտեցում էին ցուցաբերում սփյուռքի նկատմամբ, քանի որ այն չէր ցանկանում փոխել քաղաքային եվրոպական և ամերիկյան հարմարավետությունը անապատ մշակելով, հատկապես Հոլոքոստի ընթացքում և հետո, երբ միլիոնավոր հրեաներ հայտնվեցին անօգնական զոհի դիրքում և սաստկորեն խարխլեց հրեա ժողովրդի մարդկային ներուժը: Մասնավորապես, Բեն-Ցիոն Դինուրը՝ անկախ Իսրայելի կրթության և մշակույթի առաջին նախարարներից մեկը, հրեա ազգին հակադրեց «գալութին»` հարկադիր աքսորյալներին, արտագաղթածներին, գերեվարվածներին։

Հետաքրքրական է, որ հայերեն «գաղութ» բառը ծագում է նույն արամեական արմատից և ունի երկու հիմնական իմաստ՝ իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր (և նրա բնակչությունը) ու տարածքային համայնք (սփյուռքում):  Այսպիսով, հայերս դարեր շարունակ ինքներս մեզ «գալութ» ենք համարել նաև սեփական տարածքում։

Դինուրի, ինչպես և իռլանդական սահմանադրության հեղինակների համար, ազգին կարող էին պատկանել արտերկրում գտնվող միայն այն հայրենակիցները, ովքեր իրենց ճակատագիրը կապում են պետության հետ: Այլոց ժառանգությունը, որքան էլ արժեքավոր լիներ, չէր կարող տեղ գտնել հրեական մշակույթի և պատմության մեջ, քանի որ աքսորում կենդանի մշակույթը, ինչպես և ինքնին կյանքը, անհնարին էր: Հենց հրեա ժողովրդի և Իսրայելի հողի կապի վրա էր հիմնված Իսրայելի անկախության հռչակագիրը։ Այսօր Իսրայելը և նրա սփյուռքը երկու հաղորդակցվող անոթներ են, որտեղ պետությունը ներգրավում է հայրենադարձներին՝ միաժամանակ պետականակենտրոն վերնախավ դաստիարակելով երկրից դուրս։ Այսպիսով Իսրայելը հարստանում է Սփյուռքի և՛ որակական, և՛ քանակական ռեսուրսներով։

Այսպիսով, իռլանդացիներն ու հրեաները ստեղծեցին աշխարհի միակ անդրազգային քաղաքական ազգերը (Transnational Political Nations): Սփյուռքային ազգերի նման կառուցվածքը բնութագրվում է իրենց ներուժի ամբողջական համախմբմամբ` ծագման երկրների ներքին ամրապնդման և բնակության երկրներում նրանց շահերի առաջխաղացման համար: Անդրազգային քաղաքական ազգերի ուժն ու ազդեցությունը հիմնված չեն միջազգային հարաբերություններում հզորության ավանդական սյուների` աշխարհագրության, բնակչության, բնական ռեսուրսների վրա: Իռլանդիան և Իսրայելը ոչ միայն ռազմավարական հարաբերություններ են կառուցում իրենց սփյուռքների հետ՝ նրանց վստահելով ինչպես իրենց ներքին, այնպես էլ արտաքին հզորացումը, այլև պրոֆեսիոնալ դիվանագիտությամբ, իրավունքի գերակայության և կառավարման ժողովրդավարական սկզբունքների պահպանմամբ, արտաքին քաղաքականության հետևողականությամբ սնուցում են սփյուռքների ազդեցությունն ու հեղինակությունը բնակության երկրներում:

Չկա ոչ մի ազգի անկազմակերպ մեծամասնություն, որն ի վիճակի է ինքնուրույն իր եռանդն ու ուժը ուղղել ի շահ հայրենիքի: Արտասահմանում հրեաների մեծ մասը իրենց ինքնությանը համամասնակից կլինեն Խանուկայով և Պասեքով (Փեսախով), իռլանդացիները՝ Սուրբ Պատրիկի օրը, Ավագ ուրբաթի ժամանակ և փաբում պինտա խմելիս, ինչպես և հայերի մեծամասնությունը՝ միայն ապրիլի 24-ին` մեկ ըմպանակ հայկական կոնյակով:

Ուստի անդրազգային քաղաքական ազգերի արդյունավետությունը կախված է սփյուռքյան ազնվականության առկայությունից, որը կրում է բնակության երկրների քաղաքակրթական ծածկագրերը և միաժամանակ դատում է ծագման երկրի ազգային շահերի կատեգորիաներում:

Հայկական նոու-հաուն («գիտեմ-ինչպես»-ը)

Հրեական և իռլանդական ժողովուրդները և նրանց պետությունները լիովին նվիրվել են միմյանց և կառուցել են անդրազգային քաղաքական ազգեր, որոնք հուսալիորեն պաշտպանում են իրենց ինքնությունն ու անվտանգությունը: Ազգային ողբերգություններից հետո ընդհանուր ճակատագրի գիտակցումը նրանց ստիպեց բոլոր ռեսուրսներն ուղղել անկախ պետությունների կառուցմանը։ Քանի որ իրենց չափերով և աշխարհագրական դիրքով անհնար էր գոյատևել թույլի կարգավիճակում, նրանք ընտրեցին ձգել գոտիները, բայց դառնալ ուժեղ: Նրանց մշակույթի և ինքնության պահպանմանը առաջնահերթություն է տրվել` որպես գոյատևման երաշխիքի: Արժեհամակարգային և պետականամետ, այլ ոչ թե էթնիկ հատկանիշներով կառուցված սփյուռքները դարձել են հայրենիքում կյանքը գերադասողների անվտանգության և բարգավաճման առանցքային երաշխավորները:

Հայկական նոու-հաուն այն էր, որ այդ բոլոր պայմանները կատարվեցին ճիշտ հակառակ կերպով։  Երկրի անկախությունը դարձավ արտաքին իրադարձությունների, այլ ոչ թե միասնական ու անկախ պետության գաղափարական պահանջի հետևողական ձևավորման արգասիք: Ո՛չ Իռլանդիան, ո՛չ էլ Իսրայելը պետություններ կառուցելու պահին չունեին ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը: Ի տարբերություն Հոլոքոստի արդյունքում ջլատված և անապատում զրոյից կառուցված Իսրայելի՝ Հայաստանը սկսվում էր պատերազմում տարած հաղթանակով և գիտատեխնիկական ու գյուղատնտեսական լուրջ բազայով։  Այդ հիմքը համայնքների մարդկային կապիտալով պարարտացնելու փոխարեն հայ «հիմնադիր հայրերը» համայնքներին սահմանափակեցին «կթու կովի» դերով։  Այսպիսով, նրանք վանեցին այն, ինչ կոչվում էր հայկական պետություն կոչվածից վանեցին թե՛ սեփական քաղաքացիներին, թե՛ նրան հազիվ ծանոթացած համայնքային հայերին, որոնք առանց այն էլ սովոր էին դարեր շարունակ առանց անկախ Հայաստանի գոյությանը և հիմնականում իրենց նույնացնում էին կորսված Արևմտյան Հայաստանի հետ:

Երրորդ հանրապետության ղեկավարների ձախողումը պետություն կառուցելու և հայկական համայնքների ռեսուրսներն ի շահ նրա օգտագործելու հարցում արտաքին անբարենպաստ պայմաններով բացատրել չի ստացվի։  Իսրայելի և Իռլանդիայի օրինակները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ անբարենպաստ աշխարհագրական դիրքով, բնակչության քանակով և ածխաջրածինների բացակայությամբ արդարացումները ոչ այլ ինչ են, քան ճղճիմ ծուլություն:

Թողնել մեկնաբանություն