Ամեն ինչ կամ ոչինչ

Իլհամ Ալիևը կամենում է փոփոխել Սահմանադրությունը։ Լավ, ինչ կա որ, թող անի ինչ ուզում է։ Միակ խնդիրն այն է, որ նրա ախորժակով ոչ թե Ադրբեջանի սահմանադրությունն է, այլ Հայաստանի հիմնական օրենքը։

Թեև մի՞թե խնդրահարույց են նման հավակնությունները։ Սա Երևանի ներքին գործերին Բաքվի գրեթե սովորական դարձած միջամտություն է, որը տեղի է ունենում հայկական գործող ղեկավարության de facto լուռ համաձայնությամբ։ Այս տարվա փետրվարին Ալիևն արդեն պահանջում էր հայկական օրենսդրությունը «նորմալ վիճակի» բերել՝ հանուն խաղաղության պայմանագրի։ Ուստի, Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կոչով թարմ վերջնագիրը փետրվարյան ուղերձի օրինաչափ շարունակությունն է միայն։

Պետք է խոստովանել, որ Ադրբեջանը գործում է որպես միանգամայն բանական խաղացող: Ներկայիս համատեքստում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը իր էությամբ Հայաստանի քաղաքական կապիտուլյացիայի պաշտոնական ամրագրումն է։ Ալիևը ձգտում է երկաթը տաք-տաք ծեծել, որպեսզի անգամ նորմատիվ փաստաթղթերի մակարդակով հայ ժողովրդին ապագայում Արցախը վերադարձնելու համար ոչ մի սողանցք չթողնի։ Առավել ևս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ չէ ոանեքսիաներով և կոնտրիբուցիաներով խաղաղության» համար հանձնել «թագավորության կեսը»։ Իսկ ողբերգությունն այն է, որ առաջինն իրավիճակին նայում է ռազմավարական, քաղաքական իրողություններից ելնելով և գիտակցում, որ Արցախը օրենսդրական դաշտից հեռացնելը հավասարազոր է Երևանի նկատմամբ խորհրդանշական հաղթանակին, իսկ երկրորդը, ըստ ամենայնի, թևածում է իր երազանքների ու երևակայությունների աշխարհում՝ ամենայն լրջությամբ կարծելով, որ սանձը հակառակորդի ձեռքը հանձնելով և ձեռք քաշելով Արցախի հետ կապված ամեն ինչից՝ նրան կհաջողվի պատմության մեջ մտնել որպես «նորանկախ Հայաստանի» հիմնադիր հայր։

Արցախը հայոց պետականության այբն ու բենն է։ Չկա Արցախ, չկա Հայաստան։ Ցավալի է, որ այս բանաձևը լավ են հասկանում Բաքվում, իսկ Երևանի Կառավարական տանը աշխատասենյակներ զբաղեցնող գործիչները համառորեն անտեսում են այն։

Թողնել մեկնաբանություն