Ժամանակակից առաջին հայկական պետությունը՝ Առաջին Հանրապետությունը, ձևավորվեց 1918 թվականի մայիսի 28-ին, կես հազարամյա արտաքին տիրապետությունից հետո՝ Օսմանյան կայսրության/Թուրքիայի կողմից պատերազմի և շարունակվող ցեղասպանության ֆոնին: Անկախությունը կերտվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում, որոնք այդքան երկարատև դադարից հետո առաջին անգամ հայերին հավատ ներշնչեցին իրենց սեփական ուժերի հանդեպ, երբ անհնար էր թվում ոչ միայն պետության կառուցումը, այլ նաև մշակութային ինքնության պահպանումը։
Այդ ժամանակաշրջանում այն հողակտորի վրա, որտեղ հաջողվեց անկախություն հռչակել, կեսից ավելին աղքատներ և անօթևաններ էին՝ փախստականներ գաղթած Օսմանյան կայսրությունից և Արևելյան Հայաստանի օկուպացված տարածքներից, հայկական պետականության համար թշնամական էթնիկ խմբեր (թուրքեր և թաթարներ), ավերված էին գյուղերը, քայքայված էր գյուղատնտեսությունը։ Նորաստեղծ պետությունը չուներ սեփական արդյունաբերություն, բժշկություն, խաթարված էին ավանդական տնտեսական կապերը և կտրված էին արտաքին հաղորդակցության ուղիները, և այս ամենը չորս հարևաններից երեքի հետ տարածքային հակամարտությունների պայմաններում։ Անգամ այս ծանրացուցիչ հանգամանքների բացակայության պայմաններում՝ վերահսկվող տարածքի գերակշռող լեռնային տեղանքն արդեն իսկ անբարենպաստ էր գյուղատնտեսության և փոխադրումների ապահովման համար։
Վրաստանում այն ժամանակվա Հայաստանի դեսպանը գաղտնի գրում էր, որ արտաքին աշխարհի հետ միակ կապող ուղին Վրաստանն էր, իսկ Թիֆլիս գնացքը 3-4 շաբաթը մեկ էր մեկնում։
Անկախության առաջին տարում Հայաստանը համաճարակների և սովի պատճառով կորցրեց մոտ 200 հազար մարդու, այդ թվում՝ առաջին վարչապետ Արամ Մանուկյանին։ Նախորդների փորձի տեսքով որևէ հիմք գոյություն չուներ ժամանակակից կենտրոնաձիգ պետական ապարատ կառուցելու համար։ Այսպիսով, սկզբնական նպատակները կապված էին ոչ այնքան պետականաշինության, որքան լիակատար սոցիալական աղետից ու բարոյալքումից խուսափելու փորձերի հետ, որպեսզի այդպիսի շինարարությունը հնարավոր դառնար։ Այս պայմանները հաղթահարելու համար անհրաժեշտ էր քաղաքական կամք, գերմարդկային ջանքեր և անխոնջ աշխատանք։
Չնայած բոլոր դժվարություններին և ստացած նվաստացումներին, հինգ դար անց առաջին հայկական պետականությունը, որի մայրաքաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա արդեն նշմարվում էին թուրքական հրանոթները, իր հարևանների համար ակնհայտ և միակ հնարավոր ելքը չէր և դրեց ապագա անկախության հիմքերը։ Իր գոյության կարճ ընթացքում Առաջին Հանրապետությանը հաջողվեց 6 անգամ գերազանցել Բաթումի պայմանագրով ի սկզբանե իրեն թողած տարածքը, իսկ հետո միաժամանակ կորցնել և´ տարածքի մեծ մասը, և´ անկախությունը։ Առաջին Հանրապետությանը հատկացված 2,5 տարիների ընթացքում նրա ղեկավարներին չհաջողվեց հասնել ներքաղաքական և արտաքին կայունության։ Որպես արդյունք՝ Հայաստանը պարտություն կրեց Թուրքիայի հետ հերթական պատերազմում և բռնի խորհրդայնացվեց։ Ի տարբերություն Ռուսական և Օսմանյան կայսրությունների նախկին շատ այլ գաղութների՝ Հայաստանը չկարողացավ կառուցել դիմակայուն պետականություն։ Ինչու՞ այդպես ստացվեց։
Պետության մասին մտածողության առանձնահատկությունները
Ձախողման բուն պատճառն այն էր, որ մենք այն ժամանակ էլ գործեցինք ռեակտիվ կերպով. մենք վերջինը լքեցինք Անդրկովկասյան դաշնությունը, և դարեր շարունակ անկախության սպասած ժողովրդի համար այն դարձավ ավելի շատ պարտադրված քայլ, քան թե ձեռք բերված նպատակ։ Նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, մի քանի տարի անց խորհելով 1918 թվականի մայիսյան իրադարձությունների մասին, գրել է, որ այն ժամանակ այլևս հնարավոր չէր հարցեր բարձրացնել այն մասին, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք սեփական պետության ձևավորմանն ու պահպանմանը, և արդյո՞ք անհրաժեշտ է անկախություն հռչակել։
Թուրքիայի հետ պետական սահմանի շուրջ համաձայնության գալու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը հայ քաղաքական վերնախավի մտածողության մեջ բացահայտեց ևս մեկ կայուն միտում՝ բավարարվել քչով։ Ոմանք, համերաշխությունից դրդված, դա անվանում են ռեալպոլիտիկ, բայց ռեալիզմն ավելի շուտ բացատրում է սեփական անվտանգությունը ցանկացած միջոցներով առավելագույնի հասցնելուց հրաժարվելու տխուր հետևանքները:
Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը հիշում է, որ դառնության հետ մեկտեղ հպարտություն էր ապրում, որ Հայաստանը վերջապես քարտեզի վրա ունեցավ գոնե մի փոքրիկ անկյուն, որը, այդուհանդերձ, կարող էր էլ ավելի փոքրանալ Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանների հստակեցման արդյունքում։
Օսմանյան զորահրամանատար Վեհիբ փաշան դեռևս այն ժամանակ ներկայացնում էր Թուրքիայի աշխարհաքաղաքական նպատակները, որոնք գրեթե չէին տարբերվում այսօրվա նպատակներից, և նման ազնվությունը հայ պետական այրերին զուսպ մտածողություն էր պարտադրում: Ըստ Վեհիբի, եթե հայերը պահանջեին Վանը, ապա կփակեին Թուրքիայի ճանապարհը դեպի Իրան, Նախիջևանը և Զանգեզուրը պահանջելով՝ դեպի Քուռ գետի հովիտ և Բաքու, իսկ Կարսը և Ախալքալաքը՝ դեպի Ղազախ և Գանձակ։ Եվ արդեն այն ժամանակ Հայաստանին 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք տրամադրելը ներկայացվում էր որպես Հայոց ցեղասպանությունը դեռևս ավարտին չհասցրած հարևանի առատաձեռնություն։ Անկախ պետության հիմքում ընկած Բաթումի պայմանագրի 6-րդ հոդվածը «մահմեդական համայնքներին» Հայաստանի նաև այդ մասը փաստացի գաղութացնելու լայն հնարավորություններ էր ընձեռնում։ Թուրքիան նաև իրավունք էր ստանում պատերազմի դեպքում օգտվել Հայաստանի տարածքում առկա տրանսպորտային հաղորդակցության ուղիներից։ Հայաստանը պարտավորվում էր օսմանցիների վերահսկողությամբ զինաթափել իր տարածքում գտնվող հակաթուրքական «բանդաներին»՝ իրականում կամավորական ջոկատներին, ինչը և դարձավ մեծ զորավար Անդրանիկի հետ տարաձայնությունների պատճառ, ով նախ շարունակեց կռիվը Տավուշում և Սյունիքում, իսկ այնուհետև մեկնեց արտերկիր։
Այն ժամանակվա տնտեսական վերնախավի ու մտավորականության մեծ մասն ամենևին էլ չէր ցանկանում անկախության հռչակումը։ Հիմնականում նրանք ապրում և գործունեություն էին ծավալում Հայաստանից դուրս՝ ռեսուրսներով անհամեմատ ավելի հարուստ և բարեկեցիկ Բաքվում և Թիֆլիսում, և Հայաստանը տեսնում էին որպես Անդրկովկասյան դաշնության մաս:
Չնայած այն հանգամանքին, որ 1918 թվականից սկսած նրանք սիստեմատիկորեն այնտեղից դուրս էին մղվում տիտղոսակիր էթնիկ խմբերի մրցակիցների կողմից, որպես նոր հայրենիք նրանք ընտրում էին ոչ թե նորաստեղծ Հայաստանը, այլ Եվրոպան և Ռուսաստանը։ Սփյուռքին նույնպես չէր հետաքրքրում հայկական փոքրիկ պետությունը։
Բնակչության կողմից խնդիրն արտահայտվում էր գավառական մտածողությամբ՝ անեծք, որից հայությունը չի ձերբազատվել առ այսօր։ Յուրաքանչյուր շրջան ցանկանում էր իշխանության ղեկին տեսնել իր ներկայացուցիչներին, և թերևս ամենամեծ վրդովմունքն ապրում էին Երևանի բնակիչները, քանի որ իշխանությունը փաստացի ձևավորվել էր նախկինում վտարանդի կամ Արևմտյան Հայաստանում գտնված հայերից։ Մյուս կողմից, իշխանությունն ինքը կարծես թե այնքան էլ ակտիվորեն չէր ներգրավում տեղի բնակիչներին քաղաքական գործընթացներում՝ ստիպելով նրանց անմասն զգալ երկրի ճակատագրից և ցածր պատասխանատվություն դրսևորել հասարակական համերաշխության պահպանման հարցում։
Այսպիսով, նորաստեղծ պետության փոքրաթիվ բնակչությունն ավելի շուտ դարձավ դիտորդ ու զոհ, քան թե իր երկրի ճակատագրի մասնակիցը։ Վանեցի փախստականները նորաստեղծ պետության առաջնահերթ խնդիրն էին համարում Վանի ազատագրումը, ինչպես նաև առաջնահերթ հոգածությունը նրա փախստականների նկատմամբ: Օրինաչափորեն, նմանօրինակ դիրքորոշումներ ունեին մարդիկ Արցախում։ Սասունցի փախստականները բավականին ինքնավար էին ապրում և ինքնամեկուսացել էին մնացած հայերից։ Ընդհանուր առմամբ, քանի որ չկար մի անկյուն, որտեղ մարդիկ անկախության նախօրեին ողբերգություն ապրած չլինեին, բնակչության ոչ մի խումբ ունակ չէր ինքնիշխան պետությանը վստահել ընդհանուր նպատակադրումը։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր աջակցել կառավարությանը միայն այն դեպքում, եթե այն բավարարեր իրենց պահանջները, այդ թվում՝ անվտանգության մասին իրենց պատկերացումները։ Վերջինս խարխլեց պետության առանցքային բնութագիրը՝ օրինական բռնություն կիրառելու մենաշնորհը։
Նոր Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, ովքեր տեսել էին միայն գաղութային իշխանություն, որը սիստեմատիկորեն խոչընդոտում էր ազգաշինությանը, անկախության գաղափարն անհասկանալի էր և նույնիսկ անիմաստ։
Իրավիճակը սրվեց նորաստեղծ պետության նկատմամբ զանգվածային անվստահությամբ։ Առկա դրության համեմատությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Ռուսական կայսրության կազմում համեմատաբար կուշտ և հեշտ կյանքի հետ հաճախ թե՛ գյուղացու, թե՛ բուրժուայի համար երկար դարերի ընթացքում առաջին հայկական պետության օգտին չէր, որը միաժամանակ անցնում էր բազմաթիվ սոցիալ-տնտեսական ճգնաժամերի միջով։
Ականատեսների վկայությամբ՝ անկախության առաջին ամիսներին այն չէր էլ ընկալվում որպես ինչ-որ հարատև բան։ Արևելյան Հայաստանը սպասում էր ռուսական տիրապետության վերադարձին, Արևմտյան Հայաստանն իրեն տեսնում էր Անատոլիայում։ Ռուսաստանի հետ վերամիավորումն առկա էր քաղաքական օրակարգում նաև խորհրդարանականների ելույթների մակարդակով։ Անկախության հռչակագրի ընդունման ձգձգումն, ըստ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի, ազդանշան էր, որ ոչ միայն Հայաստանի հարևանները, այլ նաև հենց հայերը նրա անկախության կողմնակիցները չէին։ Այնուամենայնիվ, այդ մեղքը զանգվածների վրա բարդելն առաջին հերթին մերկացնում է վերնախավերի և նրանց ղեկավարած պետության անկարողությունը։
Արտաքին քաղաքականության սխալներ
Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցություններում դիվանագիտական ձախողումները հիմնականում պայմանավորված էին Հայաստանի վերահսկողությունից դուրս հանգամանքներով և ի վերջո հանգեցրին նրան, որ Հայաստանն ընդունեց Արցախի, Սյունիքի և Նախիջևանի ժամանակավոր խորհրդային օկուպացիան՝ կասկածի տակ դնելով հայկական պետության՝ իր տարածքների վրա ռազմական վերահսկողություն սահմանելու կարողությունը։ Քեմալականներն Ադրբեջանին հմտորեն դիրքավորում էին որպես խորհուրդների հենակետ, իսկ Հայաստանին՝ իմպերիալիզմի որջ։ Նույն կերպ վարվեց նաև Վրաստանը, որը Թուրքիայի մերձավորն էր այդ թվում Գերմանիայի հովանավորչության շնորհիվ, հրապարակայնորեն հայկական քաղաքականությունը որակելով որպես ռուսամետ։ Վճռական պահին Հայաստանը, նախապես չստանալով երաշխիքներ հակախորհրդային ուժերից, մնաց ռազմական և դիվանագիտական մեկուսացման մեջ և ի վերջո պարտություն կրեց։
Տարածաշրջանային և գլոբալ տերությունների համար հայկական գործոնի համեմատաբար ցածր նշանակությունն էլ ավելի սրվեց Հայաստանի կառավարության ազդակների անհստակության և մտադրությունների անորոշության պատճառով։ Օրենսդիր ժողովի առաջին իսկ նիստում, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրության հետ Բաթումի պայմանագրի վերանայման և վերջնական հաշտեցման ծրագրերի քննարկմանը զուգահեռ, հայտարարվեց, որ պետության սահմանները կընդլայնվեն օկուպացված տարածքների վերադարձի չափով։
Միևնույն ժամանակ, Առաջին Հանրապետության հիմնադիրները և´ հասկանում էին, որ Թուրքիան ցանկանում է ոչնչացնել հայկական գործոնը տարածաշրջանում, և´ խոսում էին ռազմական առճակատման անհնարինության մասին։ Նման մտածողությունը, թեև շատ առումներով իրատեսական էր, բայց իրականում ոչ մի տեղ չէր տանում և չէր բացատրում, թե ինչպես Հայաստանը կարող է գոյատևել:
Խորհրդարանում քվեարկության դրված առաջին արտաքին քաղաքականության ծրագրում անգամ չէր հիշատակվում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին. Քաջազնունին պնդում էր, որ եթե Ռուսաստանը վերադառնա Անդրկովկաս, կստանա Հայաստանի կառավարության աջակցությունը, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, նման խաղերը վտանգավոր են։ Սա ևս մեկ անգամ ի ցույց դրեց Հայաստանի իշխանությունների ռեակտիվ մոտեցումն արտաքին քաղաքականությանը։ Բացի այդ, նրանք գաղտնի պարտավորվել էին դիվանագիտական հարաբերություններ չունենալ Օսմանյան կայսրության հետ պատերազմող երկրների հետ (այսինքն Անտանտի երկրների հետ)։ Հարևան երկրների դիվանագիտական ջանքերի ֆոնին հստակ ազդանշանների բացակայությունը հայկական նոր պետության նկատմամբ եվրոպական տերությունների (մասնավորապես՝ դեռ չպարտված Գերմանիայի) ցածր հետաքրքրության պատճառներից մեկն էր։ Որպես հետևանք, նոր պատերազի մեջ ներքաշված Հայաստանի կառավարությունը չվավերացրեց Սևրի բարենպաստ պայմանագիրը և վերջնականապես հրաժարվեց դրանից՝ պատերազմում պարտությունից և սեփական հրաժարականից հետո ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Կայունության ներքին սպառնալիքները
Առաջին Հանրապետության հիմքում ևս մեկ վառոդով լիքը տակառ էր դրված՝ գաղութային ժառանգություն ստացած թուրք և թաթար բնակչության կոմպակտ բնակությունը մի շարք տարածքներում։ 1920 թվականի ձախողման ակնհայտ պատճառներից մեկը թուրք և թաթար գործակալների «խրախճանքն» էր, որոնց պատճառով կառավարությունը պարբերաբար կորցնում էր վերահսկողությունը որոշ տարածքների նկատմամբ։ Թաթարներին հաջողվեց ստեղծել մահմեդական ինքնավարություններ՝ «շուրիներ», Նախիջևանում կազմակերպվեցին հայերի ջարդեր։
Սա նշանակում է, որ ի սկզբանե ապահովված չէր պետության առաջին գործառույթը՝ իր տարածքում օրինական բռնության կիրառման մենաշնորհը։ Քաջազնունին ավելի ուշ խոստովանեց, որ Ադրբեջանի հետ, ում անունից այդ խմբերը Հայաստանի տարածքում գործում էին, հնարավոր չէր եղել հասնել որևէ ընդունելի մոդուս վիվենդիի [1]։
Որոշ վայրերում, որտեղ նրանք բնակվում էին կոմպակտ, հնարավոր չէր եղել հասնել Հայաստանի իշխանության ճանաչմանն ու վերահսկողությանը նույնիսկ զենքի կիրառման սպառնալիքի ներքո։ Արդյունավետ կառավարումը կարող էր օգնել մեղմել առկա խնդիրները: Սակայն, տարաձայնություններ կային նաև հենց իշխանության ներսում, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանական հանրապետությունը թույլ էր տալիս ներդաշնակեցնել իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի միջև հարաբերությունները: Քաջազնունին խոստովանում էր, որ Դաշնակցությունը բացահայտորեն կուսակցական դիկտատուրա հայտարարելու համարձակություն չունեցավ, ուստի տատանվում էին իշխանության իրագործման տեսանելի և ոչ ակնհայտ կողմերի միջև, որտեղ ստվերում բոլոր առանցքային որոշումները կայացվում էին կուսակցության և նրա մարմինների կողմից։ Կուսակցության միջամտությունը դանդաղեցնում էր որոշումների կայացումը և կառավարությանը, որն ակնհայտորեն ավելի մեծ փորձառություն ուներ, թույլ չէր տալիս ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնել:
Սա զարմանալի չէ, քանի որ ժողովրդավարական գործընթացները կարող են կառուցվել միայն ուժեղ պետությունում, և երկուսը համատեղելու ցանկությունը հանգեցրեց ձախողման հաջորդ պատճառին՝ տեղ-տեղ չափից դուրս ազատությանը, որը հասնում էր անիշխանության:
Առաջին Հանրապետությունում ազատ գործում էին և նույնիսկ քաղաքական ներկայացվածություն ունեին բոլշևիկները, որոնք էլ ամստամբություն բարձրացրեցին, հենց որ Կարմիր բանակը հաղթեց Խորհրդային Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում և վերադարձավ Անդրկովկաս։ Ադրբեջանի խորհրդայնացման և հայ բոլշևիկների ոգևորվածության պահին պետական ուժերը տոկունություն ցուցաբերեցին ի շնորհիվ պահպանված հանրային աջակցության և կարողացան ճնշել առաջին ապստամբությունները։ Այդ խնդիրն ավելի բարդ էր իրագործել Ադրբեջանին սահմանակից շրջաններում, քանի որ այնտեղ բոլշևիկներին օգնության հասան կարմիրբանակայինները։ Հայաստանի իշխանությունն իր թվացյալ ժողովրդավարության հետ մեկտեղ, պարզվեց, որ ընդունակ է ռեպրեսիաների՝ գնդակահարելով ապստամբությունների մի շարք բոլշևիկ պարագլուխների, սակայն մասնակի ռեպրեսիաները սովորաբար ունենում են ոչ միանշանակ և անկանխատեսելի հետևանք։
Հետագայում հայ բոլշևիկների մի մասը սատարեց հանրապետությունը տապալելու և դրա բռնի խորհրդայնացման նպատակով Հայաստան ներխուժելու խորհրդային-քեմալական ծրագրերին։ Ներխուժումից հետո նրանք եղան միակ քաղաքական ուժը, որը Հայրենիքի պաշտպանության կոչեր չարեց։
Ավելին, նրանք թուրքերին չդիմակայելու կարգախոսներ էին առաջ քաշում, քանի որ վերջիններս այն ժամանակ դաշնակիցներ էին և գործում էին Ռուսաստանի բացահայտ համաձայնությամբ։ Այս կոչերը կոտրեցին զինվորների մարտունակությունը, իսկ դրանք հնչեցողները չպատժվեցին՝ չնայած դասալիքների նկատմամբ կոշտ միջոցներին։ Ազգային իշխանությունը չընկավ, բայց առանց այն էլ փխրուն պետականության մեջ խորը ճեղք հայտնվեց՝ երկու կողմերն էլ կորուստներ կրեցին, և թուրքական հերթական ներխուժման շեմին հասարակությունը պառակտվեց։
Ձախողման նախաշեմին և դրանից հետո
Արտաքին մեկուսացումից օգտվեցին հենց պետականության ներքին թշնամիները՝ անմիջապես լծվելով Հայաստանի տարածքում խորհրդային կարգերի հաստատման գործին։ Արդյունքում Հայաստանը փաստացի խաղաղ կերպով հանձնվեց բոլշևիկներին՝ հույս ունենալով, որ նրանք կկասեցնեն իրենց իսկ հովանու ներքո գործարկված գործընթացները՝ թուրքերի առաջխաղացումը Հայաստանի տարածքում և Խորհրդային Ադրբեջանի աճող ախորժակը Արցախի և Սյունիքի նկատմամբ։
Կարևոր է ի նկատի ունենալ, որ Գարեգին Նժդեհը երկար ժամանակ և հաջողությամբ պահում էր Սյունիքը՝ դիմակայելով ադրբեջանական զորքերի հարձակմանը, քանի դեռ Ադրբեջանը չէր խորհրդայնացվել, և Կարմիր բանակը չէր մտել Արցախ, ապա Գորիս։ Այս անգամ արդեն Նժդեհը չկարողացավ ստանալ տեղի բնակչության աջակցությունը, որը հավատում էր, որ փրկությունը խորհրդայնացման մեջ է, և նա ստիպված եղավ հեռանալ դեպի Խուստուփ լեռը։ Նժդեհը չէր կիսում այդ համոզմունքը, քանի որ Կարմիր բանակի հետ միասին Արցախ և Սյունիք ներխուժեցին բազմաթիվ «կարմիր» ադրբեջանցիներ և քեմալականներ։
Բնակչությունը համոզվեց նրա իրավացիության մեջ միայն այն ժամանակ, երբ թուրքերը սկսեցին ազատորեն իրականացնել հայերի ջարդեր ու կոտորածներ։ Բոլշևիկների դեմ հայկական ապստամբությունը հաջողությամբ պսակվեց, և Կարմիր բանակը ծանր պարտություն կրեց։
Այդ նույն ժամանակ Բաքվում համախմբված հայ բոլշևիկները որոշեցին հասնել խորհրդայնացման առանց նախապայմանների (Հայաստանի կառավարությունը Մոսկվայի առջև պայման էր դրել՝ Խորհրդային Հայաստանի սահմանները 1914 թ. դրությամբ) և արհեստականորեն ապստամբություն բարձրացրին Իջևանում, իսկ հետո հայտարարեցին Հայկական ԽՍՀ-ի ստեղծման մասին։ Նրանք չհանդիպեցին բանակի դիմադրությանը, քանի որ այն ժամանակ շատերն արդեն Հայաստանի միակ փրկությունը տեսնում էին Ռուսաստանին միանալու մեջ։ Նույն օրը շնորհավորական հեռագրեր հղեցին թուրքական օկուպացիոն զորքերի հրամանատար Կարաբեքիրը և Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիմանովը։
Իշխող խմբակցությունը, Դաշնակցության բյուրոն և նրանց ձևավորած կառավարությունը ևս պայմաններն ընդունեցին նույն օրը։ Այն ժամանակ ենթադրվում էր, որ մինչև հեղափոխական կոմիտեի ներկայացուցիչների Երևան ժամանելը իշխանությունը կփոխանցվի Կարմիր բանակի ղեկավարությանը՝ Դրոյի և ռուս կոմիսար Սիլինի գլխավորությամբ։ Հեղկոմի կազմում պետք է լինեին հինգ բոլշևիկ և երկու դաշնակցական։ Բոլշևիկները պարտավորվում էին բռնի լյուստրացիաներ չիրականացնել նախկին իշխանության և նրա կողմնակիցների նկատմամբ, ինչպես նաև աջակցել Հայաստանին հայ-թուրքական սահմանի հաստատման հարցում։
Բնականաբար, խոստումները չկատարվեցին, և Հայաստանում ամենասեղմ ժամկետներում հաստատվեց բոլշևիկյան մենաշնորհ և ստեղծվեց արտակարգ կոմիտե՝ «հակահեղափոխության» դեմ պայքարելու համար։
Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագիրը, որով ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի միջև պատերազմը, Ալեքսանդր Խատիսյանը ստորագրեց հաջորդ օրը՝ փաստացի արդեն լինելով պաշտոնաթող։ Հայաստանը կորցրեց իր տարածքի հսկայական մասը, այդ թվում՝ Սուրմալուն, որը նախկինում երբեք չէր պատկանել Օսմանյան կայսրությանը։ Նախիջևանում սահմանվեց կառավարման հատուկ ռեժիմ՝ թուրքերի վերահսկողության ներքո։ Հայաստանը փաստացի ապառազմականացվեց՝ պարտավորվելով բանակի թիվը սահմանափակել մինչև 1500 ծառայող, իսկ զինանոցը՝ 8 թնդանոթ և 20 գնդացիր։
Նժդեհը շարունակեց պայքարը Սյունիքում անգամ Հայաստանի մնացած մասի խորհրդայնացումից հետո և հիմնեց անկախ պետություն, որը պետք է վերամիավորվեր Հայաստանի հետ, հենց որ դա հնարավոր լիներ։ Մի քանի ամսվա ընթացքում այն դարձավ հայ մտավորականության և զինվորականների փրկության վայրը, այնուհետև ամբողջությամբ վերանվանվեց «Հայաստանի Հանրապետություն»՝ որպես հակակշիռ Խորհրդային Հայաստանին։
1921 թվականի փետրվարին Սյունիքը Անդրկովկասի միակ ոչ խորհրդային միավորն էր։ Նժդեհն ու նրա զինակիցները այն լքեցին միայն այն ժամանակ, երբ համոզվեցին, որ Սյունիքը մնալու է Խորհրդային Հայաստանի վերահսկողության ներքո։ Այսպիսով, թշնամիների շրջափակման մեջ դիմադրությունը հնարավորություն տվեց հայկական պահել այս առանցքային շրջանը, որը ներկայացվում էր որպես «վիճելի»:
Ինչո՞ւ Առաջին Հանրապետությունը կանգուն չմնաց
Վերոշարադրյալի լույսի ներքո Առաջին Հանրապետության ձախողման ամենապարզ բացատրությունը բոլշևիկների և քեմալականների դավադրությունն է: Բայց եթե անգամ այս հավասարման մեջ հաշվի առնենք պետականությունը ներսից խարխլած հայ բոլշևիկներին, ապա մենք բաց կթողնենք այն պատճառները, որոնց ուժով Առաջին Հանրապետությունն անկարող էր դիմակայել նման մարտահրավերներին այն խաղացողների կողմից, ովքեր նրա ձևավորման պահին նույնպես ծանր ժամանակներ էին ապրում, չնայած որ ունեին անհամեմատելիորեն ավելի շատ ռեսուրսներ:
Հանրապետության ղեկավարների՝ բոլշևիկա-քեմալական դավադրության դեմ անզոր լինելու նարատիվը թույլ չի տալիս դասեր քաղել նրանից, թե ինչ են նրանք արել կամ չեն արել երկրի ներսում և նրա սահմաններից դուրս՝ արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի դիրքերն ամրապնդելու և հնարավոր վնասը մեղմելու համար։ Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունը զրկվում է իր սուբյեկտայնությունից և լիակատար կախվածության մեջ է ընկնում այլ պետությունների կամքից ու գործողություններից։ Ակնհայտ է, որ բոլշևիկյան Ռուսաստանը, ինչպես և որևէ այլ մեկը, Հայաստանի հանդեպ հանուն նրա իր շահերը զոհաբերելու բարոյական պարտավորություններ չուներ, հատկապես այն պայմաններում, երբ ակնհայտորեն հակաբոլշևիկյան Հայաստանը այդպես էլ չկարողացավ հարաբերություններ կառուցել այդ երկրի հետ կամ գոնե ճիշտ մատուցել իր տեսլականը։
Դիվանագիտական ձախողումները, չնայած այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքին, մերկացրեցին հայկական պետության ապագայի իրական երկարաժամկետ տեսլականի բացակայությունը։ Գործող իշխանությունը փաստացի չէր ներկայացնում հասարակության լայն շերտերի շահերը, այլ ծառայում էր որպես հողատերերի, եկեղեցու, կապիտալիստների և ռեսուրս ունեցող այլ խմբերի, ինչպես նաև արտաքին առևտրային շահերի փոխանցող: Այդ իսկ պատճառով նրան չհաջողվեց ստանալ նորաստեղծ պետության քաղաքացիների լայն աջակցությունը։
Մարտավարական առաջադրանքների վրա կենտրոնացումը և խնդիրների լուծման ռեակտիվ մոտեցումը թույլ չտվեցին ուշադրություն դարձնել տարասեռ հասարակության մեջ պետականաշինության և ազգաշինության կենսական խնդիրներին։ Արմատական փոփոխությունների բացակայության պայմաններում տեղի ունեցավ ունեզրկված բնակչության լիակատար օտարում վերնախավից և պետությունից, որոնք դժվարությամբ էին գլուխ հանում անգամ կարճաժամկետ խնդիրներից։ Այս հանգամանքները մեծացնում էին բոլշևիկյան գաղափարների և հարևան երկրներից ռեսուրսներ ստանալու խոստման գրավչությունը, թեկուզ և անկախության կորստի գնով, հաշվի առնելով, որ հայ բոլշևիկները օգտագործում էին ցանկացած դժգոհություն ապստամբություններ հրահրելու համար։
Ե´վ 1918 թվականին, և´ 1991 թվականին, չնայած անկախության անչափ բարձր գնին, մենք այն ստացանք ավելի շուտ հանգամանքների զուգադիպության արդյունքում, քան թե դեպի այն նպատակադրված և գիտակցված ճանապարհի և բոլոր ռեսուրսներն դրան ուղղելով շնորհիվ։ Երկու անգամ էլ բախվեցինք նեղ մտածողությանը, որտեղ խումբը կամ անհատը միշտ ավելի կարևոր է, քան ազգային շահերը։ Երկու անգամ էլ մենք այդպես էլ չկարողացանք ձևակերպել ազգային շահերի մեր տեսլականը և մնացինք փլուզման դիտորդներ, և ոչ թե եղանք շինարարության մասնակիցներ։ Երկու անգամ էլ մենք չստեղծեցինք գործուն պետական ապարատ և աշխատող փոխկապակցված քաղաքական ինստիտուտներ։ Երկու անգամ էլ չստեղծեցինք դիմակայուն պետություն, որը խաղաղություն կպարտադրեր հարևաններին։ Ճիշտ է, այս անգամ մենք շատ ավելի շատ ժամանակ ունեինք կրկնությունից խուսափելու համար։
[1] Եզրույթը, որն ի սկզբանե առաջացել է լատինական փիլիսոփայության մեջ, ներկայացնում է գոյության ձև, որտեղ տարբեր սուբյեկտներ գոյակցում են՝ իրենց հարաբերությունները կառուցելով փոխզիջման վրա։
