Իրենց դարաշրջանների մեծ մտածողներ Պտղոմեոսը և Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջին անգամ օգտագործեցին «հեղափոխություն» բառը ՝ աստղերի, մոլորակների և արբանյակների ցիկլային շարժումը նկարագրելու նպատակով: Սա խորը խորհրդանշական և բովանդակային բնույթ է կրում, քանի որ քաղաքական հեղափոխությունը, ինչպես և իրական կյանքում հանդիպող ցանկացած այլ հեղափոխություն, տիեզերաբանական նշանակություն ունի, որի հիմքում ընկած է վերակենդանացման տրամաբանությունը։ 1639 թվականի անգլիական հեղափոխությունը սկսվեց որպես երկու համակարգերի՝ ֆեոդալականի, որը հիմնված էր միապետի բացարձակ իշխանության վրա, և կապիտալիստական, որին աջակցում էին առաջադիմականները, միջև պայքար։ Ֆեոդալիզմն այլևս չէր բավարարում հասարակության սոցիալ-տնտեսական պահանջները և արգելակում էր բովանդակալից ազգակերտման և պետականաշինության անցնելու գործընթացը։ Այս պայքարի գագաթնակետը արյունալի քաղաքացիական պատերազմն էր, որը ծնեց Օլիվեր Կրոմվելի անձնավորությունը: Նա ոչնչացրեց վտանգավոր և կասկածելի իմաստներն ու դրանց մակաբույծ կրողներին, մոբիլիզացրեց առաջադիմականների պառակտված ուժերը և հին համակարգին պարտության մատնեց:
Բայց հեղափոխությունը ոչ թե ֆեոդալներին կապիտալիստներով փոխարինելն էր, այլ այն, որ Կրոմվելը ստեղծեց անգլինիզմի գաղափարախոսության առաջին ատրիբուտները (ինչ է անգլիականությունը, ով է անգլիացին և ինչ է Անգլիան): Նա ստեղծեց պետականություն, քաղաքական ազգ և դրա իրագործման ձևերը։ Անգլինիզմի դրոշի ներքո պետականամետ Կրոմվելը նվաճեց Իռլանդիան և Շոտլանդիան՝ ձևավորելով ռազմավարական կենսատարածք (բրիտանականությունը անգլինիզմի արտաքին պատյանն է): Այն պահին նա գիտակցեց, որ կելտական լուրջ սպառնալիքը (իռլանդացիներ-շոտլանդացիներ-ուելսացիներ) հնարավոր է վերացնել միայն նրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելով՝ անգլինիզմին հետագա ինտեգրմամբ:
Հետագայում Անգլիան ցնցվեց տարբեր ճգնաժամերով, իսկ քաղաքական ռեժիմները բազմիցս փոխարինեցին միմյանց։ Բայց պատմաբանների կողմից «հեղափոխություններ» կոչված այդ բոլոր գործընթացները (օրինակ՝ 1688 թվականի «Պանծալի հեղափոխությունը») կոսմետիկ, իրավիճակային և մարտավարական բնույթ էին կրում՝ չդիպչելով անգլիական ազգի և պետականության կենսական շահերին։ Առաջին հեղափոխությունը, որը սկսվեց որպես երկու համակարգերի պայքար, հիմք դրեց Անգլիայի վերածմանը մարդկության պատմության ամենամեծ և հզոր կայսրություններից մեկի: Նույնիսկ 1921 թ.-ին Բրիտանական կայսրության դեմ Անկախության պատերազմում իռլանդացիների տարած հաղթանակը չոչնչացրեց ո’չ անգլինիզմը, ո’չ էլ բրիտանիզմը, այլ պարզապես վերափոխեց դրանց ներքին բովանդակության որոշ ասպեկտները:
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը սկսվեց աբբատ Սիեսի ուղերձով, որ «երրորդ դասը» պետք է իր իրավունքները նվաճի միապետական արիստոկրատիայից: Տարբեր քաղաքական խմբավորումներ համախոհներ էին հավաքում իրենց և իրենց գաղափարների շուրջ՝ հաղթանակի հասնելու համար օգտագործելով բոլոր տեսակի գործիքները։ Այն պահին, երբ երկիրը վերակենդանացնելու գաղափարը հետին պլան մղվեց և «հեղափոխության» առաջնորդները սկսեցին իշխանության համար պայքարել, հայտնվեց Նապոլեոն Բոնապարտի կերպարը (նմանատիպ պատմություն էր Կրոմվելի Անգլիայում ի հայտ գալը): Նա դարձավ ուժեղ ֆրանսիական պետականամետ գործչի օրինակ, ով արհամարհանքով էր նայում Փարիզի քաղաքական ճահճին և նրա բնակիչներին։ Նրա շուրջ միավորվեցին տարբեր հայացքների, բայց մեկ գաղափարական՝ Մեծ Ֆրանսիայի կառուցման հիմքով մարդիկ։ Մեծամասնությունը հոգնել էր տարբեր շերտերի «ազատարարների» ու «դեմոկրատների» կողմից անընդհատ ստահոդ խոստումներից ու մանիպուլյացիաներից, իսկ իրական մտավորականությունը չէր կարողանում համակերպվել երկրի նվաստացած ու կիսազավթված վիճակին։ Գեներալ Բոնապարտը անգլիացիներին վռնդեց Տուլոնից, ցրեց քաղաքական ճահիճը, ստեղծեց ֆրանսիական ազգի և պետականության հիմքերը։
Բոնապարտիզմը դարձավ և մնում է Ֆրանսիայի խորքային գաղափարախոսությունը՝ չնայած հաջորդ երկու դարերի երկրի ապրած բոլոր վերելքներին և անկումներին: Համազգային հեղինակություն դարձած ղեկավարների մեծ մասը (օրինակ՝ Ժորժ Կլեմանսոն և Շառլ դը Գոլը) իրենց բացահայտորեն անվանում էին պետականամետ բոնապարտիստներ։
Պատմությունը նման բազում օրինակներ է տեսել՝ Ամերիկյան հեղափոխություն, որը նախկին ցրված գաղութները վերածեց Միացյալ Նահանգների, Իռլանդական հեղափոխությունը, Սիոնիստական շարժումը Իսրայելում, Լեհական «Համերաշխությունը», Իրանական հեղափոխությունը և այլն: Այսպիսով, հեղափոխության մեկնարկի, զարգացման և վերջնական հաջողության համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ: Առաջինը գաղափարախոսության առկայությունն է, որը խնդիր է դնում ստեղծել կամ վերակենդանացնել ազգի և պետականության ռազմավարական հիմքերը։
Ցանկացած բովանդակալից գաղափարախոսություն ոչ թե մարդկանց մեկուսացման և բաժանման մասին է ՝ ի շահ անձնական նպատակների (ինչպես դա տեղի է ունենում խռովություններում կամ ապստամբություններում), այլ նրանց միավորման մասին, որը «միավորողներից» (ազնվականությունից) պահանջում է անձնականի` ի շահ ընդհանուրի գիտակցված զոհաբերություն:
Երկրորդը բազմաշերտ ազգային արիստոկրատիայի առկայությունն է։ Արիստոկրատիայի առաջին շերտը իմաստներ ստեղծող փիլիսոփաներն են: Երկրորդ շերտը փոփոխությունների կարևորությունը գիտակցող ու տեսական իմաստները իրականացնելու ընդունակ քաղաքական գործիչներն ու կապիտալիստներն են: Ռազմավարական իմաստների գործնական իրականացումը հայեցակարգ է ծնում: Երրորդ շերտը հայեցակարգի պահապաններն են, որոնք կատարում են դրա պաշտպանության, արդիականացման և վերարտադրման գործառույթը (խորքային պետականամետ գործիչներ, deep state):
Հայկական հեղափոխությունը սկսվեց 1918 թվականի մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության հռչակմամբ։ Այսօր արդեն կարելի է ասել, որ այն նախապես դատապարտված էր ձախողման, քանի որ հայկական անկախությունը Առաջին աշխարհամարտից հետո աշխարհաքաղաքական կատակլիզմների հետևանք էր, այլ ոչ թե ձևավորված գաղափարական հենքի վրա երկար տարիների մանրակրկիտ պայքարի արդյունք։ Համընդհանուր գաղափարախոսության բացակայությունը հանգեցրեց ազդեցության առանձին նեղ խմբերի ստեղծմանը, որոնք յուրովի էին տեսնում ազգի և պետականության ձևավորման մոդելը: «Դաշնակցություն», «Ռամկավար» և «Հնչակ» կուսակցությունները կենտրոնացած էին իրար դեմ պայքարելու վրա, ջարդված ժողովուրդի մեջ խորը բաժանարար գծեր ստեղծելով: Չպետք է մոռանալ, որ Առաջին Հանրապետության կայացումն ընթանում էր Արևմտյան Հայաստանի հայերի ցեղասպանությանը և տեղահանությանը զուգահեռ։ Երևանն անգամ չի ստանձնել ցեղասպանության գաղափարախոսների և կազմակերպիչների ոչնչացման այնքան կարևոր առաքելությունը` այն զիջելով «Դաշնակցությանը»։
Անկախ Հայաստանը պետք է ամբողջ աշխարհին ցույց տար, որ այսուհետ հենց ինքն է պատասխանատու յուրաքանչյուր հայի կյանքի համար և ունակ է պատժելու բոլոր նրանց, ովքեր իր և իր ժողովրդի համար վտանգ են ներկայացնում: Այդ պահին յուրաքանչյուր հայ փնտրում էր հենց դա՝ վճռական հուսալի պաշտպան և վրիժառու մեկտեղ։ Դա միջազգային ասպարեզում որևէ քաղաքական հետևանքներ չէր ունենա երիտասարդ հանրապետության համար, քանի որ նույն երիտթուրքերը մահապատժի էին դատապարտվել Կոստանդնուպոլսի դատարանի կողմից։
Հայկական ծագում ունեցող ծանրաքաշ գործարարները չդարձան ազգային բուրժուազիա՝ ընտրություն կատարելով հօգուտ նավթն ու տարածաշրջանի այլ ռեսուրսները կիսող եվրոպական խոշոր խաղացողների հետ համագործակցության։ Այդ ժամանակ Գալուստ Գյուլբենկյանը, Ստեփան Լիանոզովը, Մանթաշովների և Արամյանցիների ընտանիքները Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդիկն էին և միջազգային մակարդակի ամենախոշոր կապիտալիստներից։ Սակայն իրենց բնույթով այդ մարդիկ ընդամենը անհեռատես կոմերսանտներ էին, որոնց գաղափարախոսությունը շատ պարզ էր՝ ավելի քիչ պատասխանատվություն և քաղաքական ռիսկեր, ավելի շատ շահույթ և հանգիստ գեղեցիկ կյանք։ Նրանք ոչ մի ընդհանրություն չունեին լորդ Ռոտշիլդի հետ, ով գնեց Պաղեստինի մանդատը, հովանավորեց սիոնիստական շարժումը և մեծ կապիտալ հավաքեց անկախ Իսրայելի կառուցման համար: Հայկական մոտեցման արդյունք դարձավ ոչ միայն կապիտալի կորուստը, այլև այն այդքան ջանասիրաբար վաստակողների ցմահ մոռացումը։ Իր ժառանգությունը Գյուլբենկյանը «նվիրել» է պորտուգալացի բռնապետ Սալազարին, Լիանոզովն իր հարստությունը թողել է ֆիններին ու ֆրանսիացիներին, իսկ Արամյանցների կապիտալները տրվել են Խորհրդային Բաքվին ու Թբիլիսիին։
«Առանց ինձ սիոնիստները շատ բանի չէին հասնի, բայց առանց սիոնիստների իմ սեփական գործը կկործանվեր»:
Էդմոն դե Ռոտշիլդ
Նույնիսկ ուժային խմբում չկար համաձայնություն և միասնական դիրքորոշում։ Նույնիսկ այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը, Դրաստամատ Կանայանը և Թովմաս Նազարբեկյանը, չկարողացան դառնալ Օլիվեր Կրոմվելի հայ նմանակը։ Չի կարելի ասել, թե Առաջին Հանրապետության կառուցման մեջ ներգրավված անձինք կատարյալ եսասերներ էին և չէին ցանկանում ազգ ու պետություն ստեղծել։ Արամ Մանուկյանը, Շահան Նաթալին, Արմեն Գարոն, Պողոս Նուբարը, Ալեք Մանուկյանը, Վահան Քարդաշյանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը և շատ ուրիշներ հայրենասեր էին, որ հանուն երկրի շատ բան տվեցին: Անգամ Ստեփան Շահումյանի, Անաստաս Միկոյանի և Կամո Տեր-Պետրոսյանի տիպի հայ բոլշևիկները յուրովի սիրում էին Հայաստանը և բարիք էին ցանկանում իրենց ժողովրդին։ Սակայն այդ ամենը հույզերի մասին է, որոնք խոչընդոտ են իրական բովանդակային հեղափոխությանը։ Վերջնական արդյունքն այն է, որ Առաջին Հանրապետությունը կուլ գնաց նորաստեղծ խորհրդային կայսրությանը. Որն իր հերթին 1917 թվականի համեմատաբար հաջող ռուսական հեղափոխության արդյունք էր: Այն ստեղծեց կայսերական ազգ, և 70 տարի շարունակ հայերը եղել են նրա անբաժան մասը՝ հավատարմորեն ծառայելով խորհրդային պետականության շահերին։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հայերը լավ են ինտեգրվում և հաջողության են հասնում օտարների համար, բայց հետևողականորեն տապալում են «յուրայինը»:
Պատմությունը հնարավորություն տվեց շարունակել հայկական հեղափոխությունը անցյալ դարի 80-ականների վերջին։ Դրա միջանկյալ արդյունքները բարդ են և հակասական, մանրակրկիտ վերլուծություն են պահանջում առանձին հոդվածի շրջանակներում:
Շարունակելի…
