Հայաստանից դուրս բնակվող հայության հիմնահարցերը անհրաժեշտ է դիտարկել երկու գլխավոր հարթությունում` ըստ բնակության երկրի և ներհամայնքային։
Հասկանալի է, որ տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները լուրջ մարտահրավեր են նետում տեղի հայությանը` թե ազգապահպանության, և թե առհասարակ գոյութենականության առումով։ Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում ռազմաքաղաքական զարգացումները մեծ հաշվով հանգեցրել են Մերձավոր Արևելքում խոշորագույն հայկական համայնքներից մեկի` սիրիահայության քայքայմանն ու տեղահանությանը։
Մտահոգիչ են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի հետևանքները, որի արդյունքում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների բազում ներկայացուցիչներ, այդ թվում` հայության մի հատված լքեց այդ երկիրը։ Տեղի հայության համար խնդրահարույց կարող է լինել նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկայիս քաղաքական հարաբերություններում խորացող լարվածությունը։
Ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում նաև Իսրայելում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար, որը բավական մտահոգիչ է հատկապես տեղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում։ Քանիցս ականատես ենք եղել միջէթնիկական, միջկրոնական բախումների, որոնց զսպման ուղղությամբ, սակայն, այդպես էլ բավարար քայլեր չեն ձեռնարկվում։
Հայկական համայնքների զարգացման կարևոր խոչընդոտներից մեկը համայնքների ներսում միջկուսակցական մրցապայքարն է, որը նպաստել ու շարունակում է նպաստել հայության պառակտմանը։ Ասել է թե համայնքային կյանքը բավական քաղաքականացված է, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացրել համայնքների պահպանության և զարգացման, ինչպես նաև Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Սփյուռքի ներուժի իրացման ձախողումը
Հանուն արդարության, սակայն, անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանի, հայկական տարբեր համայնքների համատեղ իրականացված ծրագրերը հիմնականում վեր են գտնվել ներհամայնքային, ներքին քաղաքական գործընթացներից։ Անդրադառնալով այդ ծրագրերին, որոնք անշուշտ դրական ազդեցություն են ունեցել սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի զարգացման, արցախահայության բարեկեցության ապահովման գործում, թերևս չպետք է շրջանցել այն կարևոր հարցադրումը` որքանով են դրանք եղել հայեցակարգային կամ ռազմավարական։
Եվ այստեղ կանգնում ենք երկու զուգահեռ իրականության առջև, մեկը` հայության, Հայաստանի ստեղծած պաթոսի, ներազգային իրականությունն է, մյուսը` միջազգային հարաբերությունների հետ առերեսվելու իրականությունը։ Ստացվում է, որ հայության շրջանակներում, Հայաստանի ներսում առաջնորդվել ենք ոչմիթիզականության տրամաբանությամբ, սակայն բանակցային գործընթացում դե յուրե ընդունել, որ շրջանները պետք է վերադարձնել և Արցախի ճանաչման հարցը ետին պլան մղել։ Եթե առաջնորդվում ենք երկրորդ տրամաբանությամբ, իսկ 2020 թվականի դեպքերը դա են ապացուցում, ապա պաշտոնական Երևանի ցուցադրական ջանքերը` հայության ֆինանսական կապիտալի տեղայնացումը արցախահայության բարեկեցության կամ Արցախի հայկականությունը պահպանելու հարցում չեն եղել հայեցակարգային ու ռազմավարական։
Ստացվում է, որ հայության ֆինանսական ռեսուրսները անկախությունից ի վեր ներդրվել են իրավիճակից ելնելով։ Իսկ այդ իրավիճակը տևել է երեք տասնամյակ։ Որևէ մեկը չի պնդում, թե ինչու են այդ միջոցները ուղղվել Արցախին։ Հայաստանի և Արցախի զարգացումն ու պահպանումը անբաժանելի էին։ Խնդիրը միջոցների օգտագործման արդյունավետության, դրանց հայեցակարգային կիրառության մեջ է։ Գնահատելով ու վերլուծելով անցած առնվազն երեք տասնամյակների Հայաստանի ու սփյուռքի համատեղ գործունեությունն ու դրա արդյունավետությունը, առավել իրատեսական պատկերացում կկազմենք սփյուռքի կապիտալի մասին։ Միգուցե Հայաստանի անկախացումից հետո իշխանությունները քաղաքական անկեղծություն կամ կամք չեն ունեցել ընդունելու, որ հայության ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը ոչ միայն ցածր է եղել, այլ ավելին` ունեցել է հակադարձ ազդեցություն։
Մյուս կողմից, գրեթե չի խոսվում այն մասին, թե որքան քաղաքական, գաղափարական, մտավոր ու ֆինանսական ռեսուրսներ ու կապիտալ է ծախսվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Իսկ միգուցե դա ժամանակի, ճկուն ու ռազմավարական արտաքին քաղաքականության խնդիր էր, որը չէր պահանջում հսկայական կապիտալի ներդրում։ Ի վերջո, հայության ու Հայաստանի քաղաքական, հանրային ճնշումները այդ հարցում մեծ հաշվով չեն արդարացրել այն ակնկալիքները, որ ողջ հայությունն է ունեցել։ Իսկ միջազգային հիմնական խաղացողների արձագանքները կամ հարցի նկատմամբ հետևողականությունը մեծ մասամբ վերջիններիս արտաքին քաղաքականության բաղադրիչ են և տեղավորվում են Թուրքիայի հետ այդ երկրների քաղաքական հարաբերությունների համատեքստում` որպես վերջինիս ուղղությամբ ճնշման լծակ։
Ցեղասպանության և Արցախի ճանաչման հարցում Երևանը սփյուռքին դիտարկում էր սոսկ որպես կապիտալի ներգրավման աղբյուր։
Այն, որ նման բաշխումը իրատեսական չէ, կանխատեսելի է եղել 1994թ. հրադադարի ստորագրման հաջորդ իսկ օրվանից, երբ Ադրբեջանը սահմանել է Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հրամայականը։ Եթե ընդունել ենք, որ ռազմական հավասարակշռությունը խախտվելու պարագայում նման հարցի առջև կանգնելու ենք, իսկ հրադադարին հաջորդող տասնամյակները դրա վառ ապացույցն են, ապա նաև ընդունել ենք, որ մեկտեղված ռեսուրսները նույնպես իրավիճակային են եղել։ Հայաստանի իշխանությունները սփյուռքին լոկ սիմվոլիկ դերակատարում թողեցին՝ համոզելով, որ այդ ահռելի ռեսուրսներով ապահովում են Արցախի անվտանգությունը։ Նույնը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման օրակարգին, որի ռազմավարական տեսլականի բացակայությունը ոչ միայն շոշափելի արդյունք չտվեց, այլև «պսակվեց» հայ ժողովրդի բնաջնջման նոր փուլով:
Ընդհանուր առմամբ, Հայաստան-սփյուռք հարաբերությունները կառուցվել են կենտրոնացված տրամաբանությամբ, այն է` Հայաստանը մշտապես ակնկալել է սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան իրականության շուրջ։ Այստեղ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։
Անկախացումից հետո Հայաստանը հայտնվել է պատերազմական իրադրությունում, որում անգնահատելի է եղել սփյուռքի աջակցությունը։ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը վերջին երեք տասնամյակում Հայաստան-սփյուռք հարաբերությունների թերևս ամենաառանցքային ուղղություններից է։ Միևնույն ժամանակ ետին պլան է մղվել երկկողմ հարաբերությունների կառուցման ապակենտրոնացված մոդելը, որն առավել արդյունավետ կիրառություն է ունեցել Իսրայել – հրեական համայնքներ երկխոսությունում։
Հայաստան-սփյուռք հարաբերություններում այսօր առավել քան կարևոր է համագործակցության նախկին մոտեցումների վերանայման հարցը։ Որքան էլ փորձենք խուսափել թեմայի քաղաքականացումից, այդուհանդերձ, երկկողմ գործակցության առաջնահերթությունների սահմանման գործում էական է, թե Հայաստանն ինչպիսի արտաքին քաղաքականություն է որդեգրելու։ Մյուս կողմից այս ամենն ուղղակի պայմանավորված է երկրի ներքաղաքական զարգացումներով՝ որոշ քաղաքական գործիչներ կգերադասեն անվտանգությունը, իսկ ոմանք՝ զարգացումը (այստեղ չխոսենք այդ հակադրության ստույգ կամ կեղծ լինելու մասին)։
Համայնքների ձուլման մարտահրավերը
Ժամանակակից գլոբալ աշխարհակարգում հայկական համայնքների հայապահպանության հիմնահարցն առավել քան օրակարգային է հայության համար։ Սակայն դա բնորոշ է ոչ միայն Հայաստանից դուրս բնակվող հայությանը, այլև այլ ժողովուրդների սփյուռքին։
Ասիմիլացման խնդիրը բավական գայթակղիչ է մերօրյա իրականությունում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հանուն արդարության ընդունել, որ ասիմիլացումը խնդիր կարող է լինել հայության առավել պահպանողական շրջանակների համար։ Սակայն այլ է ընկալումը երիտասարդության այն շերտերի մոտ, որոնք ունեն առավել ժողովրդավարական, ազատական մոտեցումներ։ Հատկապես արևմտյան երկրներում բնակվող հայության երիտասարդ ներկայացուցիչների մի մասը, ընդունենք թե ոչ, իրենց չեն դիտում որպես համայնքի մաս։ Սա բնականոն երևույթ է` թելադրված ժամանակակից աշխարհակարգի տրամաբանությամբ։ Ընդ որում, նրանց մի հատվածը կարող է առհասարակ իրեն չասոցացնել հայության կամ Հայաստանի հետ, մյուս մասը, հակառակը, շարունակել պահպանել հայրենիքի հետ կապերը։
Արդի գլոբալացման գործընթացներում համայնքների էթնիկ-ազգային նկարագրի պահպանումը որոշ դեպքերում էլ ավելի է հեռանում գործնական, իրական կյանքից` դառնալով տեսական, պատմական հիշողության մի մաս։ Ասել է թե` հայության ժառանգների շրջանում ժամանակի ընթացքում իրական հայրենիքը ընկալվում է որպես ավելի շուտ պատկերավոր, կամ պատրանքի հայրենիք։ Մյուս կողմից, սակայն, նույն գլոբալացման աշխարհակարգը կարող է ինչ-որ առումով նպաստել համայնքների ներսում պահպանողականության մոտեցումների ամրապնդմանը` որպես հակազդում կոսմոպոլիտիզմին։ Սակայն այս պարագայում ամենիևին պարտադիր չէ, որ պահպանողականությունը կրի զուտ ազգային կամ էթնիկ ուղղվածություն։
Պատմական հիշողությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի հետ հայության կապերի պահպանման համար, սակայն այն բավարար չէ դիմակայելու նոր աշխարհակարգի մարտահրավերներին։ Անհրաժեշտ է որպեսզի Հայաստանը մրցունակ լինի, բարձրացնի իր միջազգային կշիռը, պահպանի պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը։
Ընդ որում, առանցքային հարցերից մեկը մնում է այն, թե ինչ կարող է առաջարկել Հայաստանը հայությանը։
Թերևս էական նշանակություն պետք է տալ ոչ գծային, ոչ ստանդարտ մոտեցումներին ու գաղափարներին։ Անհրաժեշտ է ընդգծել, որ եթե նախկինում գործում էր «ի՞նչ կարող է տալ սփյուռքը Հայաստանին» մոտեցումը, այժմ դրան փոխարինելու է գալիս «ի՞նչ է առաջարկում հայրենիքը սփյուռքին»։ Ի վերջո անհրաժեշտ է հստակեցնել` սփյուռքը առանձի՞ն միավոր է, թե այն հարկ է դիտարկել որպես համայնքներ, որոնք սերտորեն համագործակցում են հայրենիքի հետ։ Սա չափազանց կարևոր հարցադրում է, քանի որ դրա պատասխանից է նաև կախված, թե ինչպես ենք պատկերացնում մոտ ապագայում Հայաստան-սփյուռք հարաբերությունները և առհասարակ Հայաստանի զարգացումը։
Մի կողմից սփյուռքը Հայաստանից ինչ-ինչ հանգամանքների բերումով այլ երկրներ հանգրվանած մեր հայրենակիցներն են, որոնք մեծ մասը շարունակում է բնակվել այլ երկրներում, սակայն անտարբեր չմնալ ու հետաքրքրվել հայաստանյան իրականությամբ։ Մյուս կողմից, սակայն, մեր հայրենակիցները ներկայացնում են նաև իրենց բնակության երկրները, ունենալով աշխատանքի և այլ կացության կարգավիճակ այդ պետություններում։ Ասել է թե նրանց ֆինանսական, հանրային կապիտալը տեղայնացված է բնակության երկրում, հետևաբար հարցի իրավական տեսանկյունից հայկական համայնքի ներկայացուցիչները ներկայացնում են առաջնահերթ բնակության երկիրը։ Ինչ վերաբերում է ներհայկական, ներազգային գործունեության դաշտին, ապա դա պայմանավորված է հայրենիք-սփյուռք փոխգործակցության հնարավորություններով, ինչպես նաև այլ սուբյեկտիվ պատճառներով։
Ժամանակի ընթացքում սփյուռքի ասիմիլացման հիմնահարցերը դառնալու են ավելի ու ավելի մտահոգիչ։ Այս անխուսափելի գործընթացներում սկզբունքային է մնում այն հարցը, թե որքանով Հայաստանը, հայությունը կկարողանան արդյունավետ օգտագործել հայկական կապիտալը` հանուն հայության բարեկեցության ու Հայաստանի զարգացման։
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Հայկական հանրապետության» տեսակետներին:
