«Հարսանիքը լեռներում» 32 տարի անց

Բարոյական հարվածի ու պարտվող կողմի կեցվածքի հետևանքները հաղթահարելու համար թշնամուն պահանջվեց քառորդ դար և անսահման ռեսուրսներ, բայց ամենակարևորը՝ հայերի՝ «լեռներում հարսանիքի» և այն բոլոր հարսանիքների, որոնք հայերը դեռ կարող են խաղալ իրենց լեռներում, գնի մասին մոռանալը։

Այս օրերին հայկական աշխարհը 32 տարի շարունակ ավանդաբար նշում էր մայիսյան «եռատոնը»՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, թեկուզ վերջինս հասկանալի պատճառներով աշխարհասփյուռ հայության համար այնքան էլ հոգեհարազատ և ֆունդամենտալ չէր: Մայիսի 8-9-ի խորհուրդի ընկալման ողբերգական անհամապատասխանությունը սկսվում է Երրորդ Հանրապետության տոնացույցից. մայիսի 9-ը պաշտոնական Երևանը նշում էր որպես «հաղթանակի և խաղաղության օր», իսկ մայիսի 8-ը՝ որպես Երկրապահի օր:  Այս իմաստով տոնի ձևը քիչ է փոփոխվել. 1945 թվականին նացիզմի դեմ տարած հաղթանակը մնացել է իր տեղում՝ չնայած 2020-2023 թվականներին նացիզմին խլացուցիչ պարտությանը (իր հազարամյա տարածքից արցախահայության արտաքսումը, էթնիկ զտումը, մշակութային և կրոնական հուշարձանների վերացումը և, վերջապես, հայկական իշխանության կողմից այդ արդյունքի ընդունումը), իսկ «խաղաղությունը» հայկական իշխանություններին թվում է ավելի մոտ, քան երբևէ։

Դրա հետ միասին այսօր չորրորդ Հաղթանակի օրն է, որը Շուշին անցկացնում է օկուպացիայի տակ, Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման առաջին տարելիցն է, երբ այն այլևս չկա, և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ադրբեջանական զորահանդեսով պղծումից հետո առաջին «Հաղթանակի» օրը։  Երկու կորսված տոներն էլ սերտորեն կապված են Շուշի բերդաքաղաքի հետ։ Քաղաքի անկումը Արցախի և նրա բանակի անկման գուժարարն էր, որ իրենց հերթին մերկացրեցին մայրցամաքային Հայաստանը։

Մինչև վերջին հայը «հավերժական խաղաղությունը»

Քաջ մարդկանց կողմից պաշտպանած և պաշարած ամուր քաղաքի մասին պատմությունը թերևս մարդկության պատմության մեջ հնագույններից է։ Սակայն անդրկովկասյան թաթարների Շուշի ներթափանցումը և նրանց հետագա գահակալումը Արցախում ոչ պաշտպանության, ոչ էլ հարձակման հետ որևէ աղերս չունի։ Ամեն ինչ սկսվում է թյուրքական քոչվոր ցեղերի Փանահ խանին Շուշի հրավիրող մելիք Շահնազարի եղբայրասպանությունից ու ագահությունից և հայ մելիքների անմիաբանությունից, որը հայոց պատմության համար շատ ավելի ավանդական սյուժե է։ Ու թեև Շուշիի փաստացի տերն այդ փուլում մնաց հայ մելիք Շահնազարը և շուտով քաղաքը նաև փաստացի դարձավ հարևան հայկական գավառների (Շեքիի, Շիրվանի, Զանգեզուրի) մայրաքաղաքը, մահմեդականների նստումը բերդաքաղաքում այլևս անկասելի էր:

Շուշիի հայերը, չնայած տարեցտարի աճող մահմեդական բնակչության թվին, մնում էին հայկական աշխարհի ամենակենսունակ բջիջներից մեկը։ Մշակութայնորեն զարգացած քաղաքը Շահկերտի, Ագուլիսի, Մեղրիի և Արևմտյան Հայաստանի հալածված հայ մտավորականների համար ձգողականության կենտրոն և հալոցային կաթսա էր դարձել: 20-րդ դարի սկզբին ռուսական կայսրության կողմից ճնշումները չկարողացան ստիպել ինչպես Ռուսական կայսրության, այնպես էլ եվրոպական տերությունների կրթությանն ու արվեստին կատարելապես ինտեգրված ամենավառ հայ մշակութային գործիչներին հրաժարվել մայրենի լեզվից ու պատմությունից։ Նրանք շարունակում էին բացահայտ իրենց ինքնության նկատմամբ հարգանք պահանջել ու զուգահեռաբար ստեղծագործական խմբակների քողի տակ հայոց լեզվի և պատմության գաղտնի պարապմունքներ անցկացնել՝ ամեն անգամ փոխելով հանդիպման վայրը։

«Հայկական Փարիզի» և նրա թյուրքական թաղամասի կյանքի հակադրությունը շշմեցուցիչ էր։  Գիտակցելով նման դասավորության պայթյունավտանգությունը՝ Շուշիի մեծահարուստ հայերն ընտրել են տեղի ագրեսիվ օտարազգիներին խաղաղեցնելու ճանապարհը՝ ֆինանսավորելով թաթարական դպրոցների գործունեությունն ու թաթարական թաղամաս խմելու ջրի անցկացումը։ Առաջ ընկնելով նշեմ, որ ապագա «ադրբեջանցիների» համար նման ենթակառուցվածքներ ստեղծած գլխավոր բարերարներից մեկը՝ Թադևոս Թամիրյանը, «շնորհակալության» փոխարեն 1989 թ. Արժանացավ իր տապանաքարին պայթեցրած հուշարձանի։ Ահա և հանուն «խաղաղ համակեցության» ենթակառուցվածքների և կրթության ոլորտում «համատեղ ներդրումների» ևս մեկ արժեքավոր օրինակ:

1920 թ., Փանահ խանին քաղաք հրավիրելուց մեկ դար անց, մելիք Շահնազարի ճակատագրական սխալը կվերածվի Հայոց ցեղասպանության սևագույն էջերից մեկի և Շուշիի հայաթափման:

1920 թ. գարնանը Շուշիի հայ բնակչության դաժանագույն և համատարած կոտորածը ցույց տվեց հայկական աշխարհի փոխկապակցվածությունը և նրա առանձին հատվածների խաղաղության ու անվտանգության անհնարինությունը:

Շուշիի քաղաքային ուսումնարանի սան Դանիել Բեկ-Փիրումյանը կոտորածից 2 տարի շուտ կդառնա Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության անկախության դարբիններից մեկը, իսկ 2 տարի հետո անկարող կգտնվի պաշտպանել Կարսի բերդը որպես նրա պարետ, կգերեվարվի թուրքերի կողմից, գնդակահարվի բոլշևիկների կողմից և թաղվելու է Վաղարշապատի Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Վարակվելով Արևմտյան Հայաստանի փախստականների ճամբարում` տիֆից կմահանա և Շուշիի ու Կարսի ամրոցներն ընկած չի տեսնի և Շուշիում ծնված Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Արամ Մանուկյանը:

Ապագա ադրբեջանցի ազգի համար 1920թ. արյունալի գարունը դարձավ «առաջին», նախագո մեղք, իսկ հայերի համար` սեփական տարածքում տարերային դաժանության արդյունքում կորստի և անզորության հերթական էջը: Շուշիում էթնիկ զտումներից մի քանի օր անց ադրբեջանցի մուսավաթականները պաշտոնապես հավանություն են տվել այդ գործողությանը և սպառնացել հայերի անհնազանդության դեպքում անցնել «ավելի դաժան» գործողությունների: Շուշիի խորհրդայնացումից հետո, նույնիսկ մինչև ԼՂԻՄ-ը (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը) Ադրբեջանին փոխանցելը, փրկված հայերին մերժում էին քաղաք հայրենադարձվելու հնարավորությունը։ Ադրբեջանական ղեկավարությունը հետագայում թույլ չտվեց Շուշին դարձել հայկական ինքնավարության կենտրոն։ Հայերը, որոնք կոտորածի նախօրեին քաղաքում մեծամասնություն էին կազմում, խորհրդային շրջանում արդեն բնակչության 15%-ից պակաս էին, իսկ 1988-ին, ազգային ազատագրական շարժման մեկնարկից հետո, արտաքսվեցին նաև այդ մնացյալները:

Անայլընտրանք ազատագրումը

Շուշիի դեօկուպացիան՝ հայոց ռազմական պատմության ամենափայլուն էջերից մեկը, միևնույն ժամանակ հայոց պատմության մութ ու նույնիսկ սկանդալային դրվագներից է: Գործողության գլխավոր մասնակիցները համառորեն մինչև վերջ տարբեր գնահատականներ էին տալիս Երևանում և Ստեփանակերտում ռազմաքաղաքական ղեկավարության ներգրավվածությանը և նույնիսկ իրազեկվածությանը, «Շուշիի ազատագրման համար» մեդալների քանակը դուրս եկավ բանականի սահմաններից, իսկ բուն օպերացիան մշակած անձը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացավ միայն հետմահու և Շուշիի կորստից հետո, 2021 թ. մայիսի 8-ին:

Սակայն փաստերը մշտապես մի բան են հաստատում. Շուշիի ամբողջական հայաթափումից 72 տարի անց հայերն այդ բնական ամրոցը մտան չհանդիպելով իրական դիմադրության:

Ինչո՞ւ հայերը համարձակվեցին գրոհել ամրոցը, և ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։

Գործողությունից մեկ տարի անց Ադրբեջանի պետքարտուղարը խոստովանեց, որ Ստեփանակերտը Շուշիից և հայկական այլ քաղաքներից անընդմեջ ռմբակոծվել է ավելի քան 100 օր, սակայն հայերը չլքեցին իրենց տները: Հարվածի տակ էր քաղաքի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Միայն 1992 թ. մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Շուշիից Ստեփանակերտի վրա արձակվել է ավելի քան 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ, և դա այն պայմաններում, երբ Ստեփանակերտի բնակիչները արդեն տիրապետել էին նման պայմաններում վարվեցողության կանոններին և հնարավորության դեպքում գտնվում էին նկուղներում, որն իր հերթին հանգեցնում էր համաճարակների տարածմանը: Ադրբեջանական զենքի մատակարարումը Շուշի շարունակվում էր, իսկ Ստեփանակերտում մայիսի 1-ից էլեկտրաէներգիա ու վառելիք չկար։  Ադրբեջանցիները մահաբեր զինամթերքի պահեստ են ընտրել Ղազանչեցոց եկեղեցին։ Շուշին պետք է դադարեր հայերի բնաջնջման էպիկենտրոն լինելը։

Հայկական ռազմական ղեկավարության ակադեմիական հաշվարկներով հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր ունեցածից առնվազն երկու անգամ ավելի կենդանի ուժ։  Սակայն կամավորական ջոկատների հրամանատարության մարտավարության հմտությունն ու ճկունությունը հաղթահարեցին այդ սահմանափակումը։  Նախորդ քայլերը թույլ էին տալիս քաղաքը շրջապատել և խուսափել քաղաքային մարտերից՝ կարճ ժամանակով թողնելով փախուստի համար սողանցք։ Գործողությանն անցնելու համար պարենամթերքից զրկված հայերին մնում էր միայն սպասել մարտադաշտերում զոհված ծառայակիցների զենքին։

Ծրագիրն աշխատեց. ադրբեջանցիները Շուշիից փախան խուճապահար, առանց կռվի։ Բերդաքաղաքը լքած վերջին օկուպանտներից էր ահաբեկիչ Շամիլ Բասաևը իր ջոկատով։  Արդյունքում թշնամու կորուստները հայկական կողմի զոհերի թիվը գերազանցեցին ավելի քան 5 անգամ։ Չնայած որ ռազմագործողության հաջողությունը խափանեց Իրանի միաժամանակյա խաղաղապահ միջնորդության առաջընթացը, ընդհանուր շահերի առկայության շնորհիվ երկու կողմերին հաջողվեց մի քանի ամսվա ընթացքում հաղթահարել դրա պատճառով իրենց միջև ստեղծված լարվածությունը։

«Լեռներում հարսանիքից» հետո հայկական ջոկատները վերջապես զգացին կանոնավոր բանակ ստեղծելու պատրաստակամությունը, և այն ոչ միայն դարձավ մայիսյան Հաղթանակի տոների երրորդ բաղադրիչն ու պսակը, այլ նաև, գիտակցելով Շուշիի վրա թշնամու հակահարձակման անխուսափելիությունը, կանխարգելիչ կերպով, Երրորդ հանրապետության զինված ուժերի հետ համատեղ, վերջապես ճեղքեց Արցախի շրջափակումը՝ ազատագրելով նաև Բերձորը:

Եվ դարձյալ «հավերժական խաղաղությունը»

Հայկական աշխարհի և մասնավորապես Երրորդ հանրապետության «էլիտայի» մեծ մասը գրեթե միանգամից «հավերժական խաղաղության» պատրանքով եթե չհիվանդացավ, ապա առնվազն վարակեց հայերին: «Զինադադարը», որն այդպես էլ չամրագրեց մեր հաղթանակը, հնարավորություն տվեց հայոց պետականության ժամիշխաններին վերադառնալ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության չնախաձեռնող, մի օրով ապրող օբյեկտի առավել հարմարավետ դիրքին, որն ապրում է այսօր։

Ցավոք, Շուշիի 2020 թ. կորստի գլխավոր պատասխանատուի՝ Նիկոլ Փաշինյանի «դժբախտ ու դժգույն» Շուշիի տեսլականը հայկական դիսկուրսում նոր տեսլական չէր։  2006 թ. հայկական իշխանությունների կողմից առաջարկված Շուշին համազգային կրթամշակութային մայրաքաղաք ճանաչելու «հեռավար հանրաքվեն», որում քվեարկելու համար պետք էր մուծել առնվազն 1 եվրո, արդեն այն ժամանակ անվստահությամբ ընկալվեց որպես խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության վարկանիշը բարձրացնելու միջոց և հերթական կոռուպցիոն մտահղացում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն արդեն այն ժամանակ խոսում էին այն մասին, թե իբր Շուշին ազատագրել են առանձին անհատներ, այլ ոչ թե պետությունը կամ ազգը՝ վկայակոչելով դեռևս 1920 թ.-ից մնացած ավերակները: Վճարովի հանրաքվեի արդյունքները հետո պարզապես մոռացան կյանքի կոչել, իսկ հիմա Շուշին «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»- ներից է։

Շուշիի ազատագրումը միջազգային հարաբերություններում ռեալիզմի միակ ճիշտ մեկնաբանության հիանալի օրինակ է, երբ գլխավորը սեփական ճակատագիրը սեփական ձեռքը վերցնելն է ու առկա, թեկուզ սահմանափակ, ինքնապահպանման բոլոր միջոցները հարմարեցնելը, իսկ այդպես էլ ոչ մի անգամ օգնության չհասած «միջազգային հանրությունը» կամ առանձին գործընկերները անպայման հաշվի կնստեն հետևանքների հետ։

«Հարսանիք լեռներում» (Շուշիի ազատագրման պլանի կոդային անուն) ռազմագործողությունը բեկեց ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև թշնամու տրամադրվածությունը։ Բարոյական հարվածի ու պարտվող կողմի կեցվածքի հետևանքները հաղթահարելու համար թշնամուն պահանջվեց քառորդ դար, հարյուրավոր միլիարդ դոլարներ, հայատյացության համատարած քարոզչություն և ուժեղ հովանավորի՝ Թուրքիայի աջակցությունը, բայց ամենակարևորը՝ հայերի «լեռներում հարսանիքի» և այն բոլոր հարսանիքների, որոնք հայերը դեռ կարող են խաղալ իրենց լեռներում, գնի մասին մոռանալը։ Եվ գնալով մենք իջնում ենք այդ լեռներից, որպեսզի մեզ հարմար լինի վերևից գնդակոծել, ինչպես ժամանակին Ստեփանակերտը` Շուշիից։ Այն ժամանակ սովին ու գերությանը տասնյակ հայ մարտիկներ գերադասեցին մահը և տասնյակ հազարավոր կյանքեր փրկեցին։ Յուրաքանչյուր հայի կյանքը բացարձակ արժեք է, և այժմ, պաշտպանողական և նահանջողական գիծ ընդունելով, մենք այն գնալով ավելի հաճախ ու շատ ենք վճարում:

Թողնել մեկնաբանություն