Ժամանակակից Հայաստանն ու հայկական աշխարհը անդունդի եզրին հասցրած խնդիրների զգալի մասի պատճառներից մեկը հիմնարար հասկացությունների նենգափոխումն է կամ դրանց մեկնաբանումների յուրօրինակ այլասերումը: Մենք սովոր ենք բառեր և տերմիններ շպրտել, բայց արդյո՞ք մենք հասկանում ենք դրանց իրական բովանդակությունը և, որ ավելի կարևոր է, պատրա՞ստ ենք սկսել սովորել հասկանալ և ընկալել դրանք: Այս փոքր վերլուծական ուրվագծի նպատակն է այդ հարցի շուրջ քննարկում ծավալելը: Այդ բանավեճի հիմնական առարկաներն են պետություն, անկախություն և ազգ հասկացությունները: Սահմանումները չափազանց շատ են, և յուրաքանչյուրն էլ գոյության իրավունք ունի, քանի որ ամեն ինչ հնազանդեցվում է մեկնաբանների անհատական համոզմունքներին և հակումներին: Այս առումով կուզենայի միանգամից նշել, որ այս հոդվածը չի հավակնում որևէ թաքնված ճշմարտության բացահայտմանը, այն կատարում է այլ խնդիր՝ փորձել դիտարկել հայկական աշխարհը հնարավորինս վերացականորեն և սառնասրտորեն: Թեզերը բյուրեղացնելու համար վերը նշված տերմինների դիտարկումը կսահմանափակվի փոքր երկրներով և ժողովուրդներով:
Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների տեսության խճողամտությունների մեջ չխորանալու համար հիմք ընդունենք այն դասականությունը, որը պետությունը սահմանում է որպես որոշակի ժողովրդի որոշակի ֆիզիկական տարածքում ինքնիշխան կյանքի կազմակերպչական կառույց։ Ապա ավելին ինքնիշխանության երևույթի մասին: Միջազգային իրավունքն այն շատ գունեղ և նույնիսկ բանաստեղծական ոճով է նկարագրում, սակայն այդ պատկերը պատմական և ժամանակակից իրողությունների հետ որևէ աղերս չունի։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է փոքր ժողովուրդներին, որոնց համար ինքնիշխանությունը երբևէ ինքնուրույն (այսինքն՝ անկախ) ներքին և արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու բնական իրավունք չի հանդիսացել:
Անկախությունը լոկ ճոխություն չէ, այլև արտոնություն: Այն քչերը, ովքեր կարողացան հաջողության հասնել, երկար ճանապարհ են անցել, որի ընթացքում ստիպված էին ատամներով կորզել իրենց տարածքում պարզապես ապրելու և ճանկերով քերծել իրենց սեփական հողի սեփականատիրոջ կարգավիճակը վերականգնելու իրավունքը: Էլ չենք խոսում այն մասին, թե որքան դժվար էր հասնել այնպիսի կարևորագույն նպատակի, ինչպիսին այլ դերակատարների կողմից իրենց իրական սուվերեն կարգավիճակի ճանաչումն էր։
Այդ ժողովուրդները գիտակցում են, որ ինքնիշխանությունը տեղում մեխված ձեռքբերում չէ, և այն պահպանելու համար պետք է ամեն օր առաջադիմել և միևնույն ժամանակ հակառակորդների ու չարակամների առաջընթացը խաթարելու պայմաններ ստեղծել: Այդպիսինն են խաղի կանոնները։ Այլ կանոններ չկան, և մարդկային բնության անփոփոխության պատճառով դժվար թե երբևէ լինեն: Այս փաստը ընդունելը ճիշտ ուղղությամբ առաջին քայլն է:
Այնուհետև իմաստային հիմք է անհրաժեշտ: Փոքր ժողովուրդների համար ուժի փիլիսոփայական հիմքը հանուն ընդհանուրի անձնականի գիտակցված զոհաբերության անայլընտրանք անհրաժեշտությունն է: Այդ փիլիսոփայության հատուկ վեկտորներն ու ուղղությունները սահմանում է կազմակերպված փոքրամասնությունը (արիստոկրատիան, էլիտան, հիմնադիր հայրերը): Սա բնական է, քանի որ անմահ (սերնդեսերունդ փոխանցվող) մետաֆիզիկական գաղափարները չեն կարող անինքնուրույն ու չնախաձեռնող անկազմակերպ մեծամասնության ընդերքից ծնվել։
Փոքրամասնությունն է ձևավորում համազգային նպատակները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզները՝ հասկանալով և ընդունելով ձախողման հետևանքները ինչպես բոլորի, այնպես էլ անձամբ իր համար:
Ինչպիսի՞ն կլիներ Վաշինգտոնի և Մեդիսոնի անձնական ճակատագիրը, եթե տապալվեին բրիտանական թագից անկախանալու գաղափարը և հենց Անկախության պատերազմը: Ի՞նչ կլիներ Բեն Գուրիոնի կամ դե Վալերայի հետ իսրայելական և իռլանդական նախագծերի ձախողման դեպքում: Լավագույն դեպքում մոռացման կմատնվեին: Եվ դա իրենց ազգերի հաջողման գաղտնիքն է. նման էլիտաները պատրաստ էին ամեն ինչի, նրանք խոշոր դրույքներով էին խաղում՝ ամեն ինչ կամ ոչինչ: Նրանք իրենց մեջ սպանում էին ստանդարտ մարդու ստանդարտ որակները՝ դառնալով միավորող խորհրդանիշ։
Այդպիսի խորհրդանիշների առաջացմանը երկու կարևոր վերափոխումներ են հետևում. ժողովուրդը, որպես սոցիալ-մշակութային կառույց, ձևափոխվում է քաղաքական ազգի, իսկ ֆիզիկական տարածքը (պաշտոնական պետությունը) վերածվում է պետականության:
Ազգ + պետականություն = ինքնիշխան բովանդակային պետություն:
Դժվա՞ր է դրան հասնել: Բնականաբար։ Նախ պետք է ազնվորեն մի պարզ հարցի պատասխանել. կա՞ արդյոք նման պետության անհրաժեշտություն: Լինում են դեպքեր, երբ բացասական պատասխանը առանց վարանելու է տրվում։ Օրինակ, նույն Հարավային Օսիան չի ձգտում բովանդակային պետություն կառուցել, քանի որ նրա ժողովուրդն ընտրել է արդեն իսկ գոյություն ունեցող տերության՝ Ռուսաստանի հետ ինտեգրվելու ուղին։ Վրաստանն ու Ուկրաինան նպատակաուղղված շարժվում են հակառակ ուղղությամբ՝ դեպի եվրատլանտյան աշխարհ։ Դա չի խոսում վերը նշված ժողովուրդների ճիշտ կամ սխալ ընտրության մասին։ Նրանք (բացառությամբ Հարավային Օսիայի) ԽՍՀՄ փլուզումից հետո ստացան ամբողջ աշխարհի կողմից պաշտոնապես ճանաչված պետություններ, բայց 30-ամյա գործունեության ընթացքում չկարողացան իրականացնել անհրաժեշտ (գոնե ժողովրդից ազգ) վերափոխումները: Թեպետ կա նաև կարծիք, որ երկնքից իջած անկախության բեռին տիրապետելը շատ ավելի դժվար է, քան պետական և ազգային շինարարությունը զրոյական կետից սկսելը։ Սակայն գումարը գումարելիների տեղափոխումից չի փոխվում:
Մեզ պետություն բաժին հասավ մնացած բոլոր հետխորհրդային հանրապետությունների հետ մեկտեղ։ Սակայն արդյո՞ք այն մեզ պետք էր և մեր կողմից պահանջված։ Ի՞նչ նպատակ էր դրված, եթե ընդհանրապես դրված էր:
Մեր կարծիքով՝ այդ նպատակը կանխորոշեց հենց պատմությունը։ Ինչպես և 100 տարի առաջ Թուրքիայում, հայ ժողովուրդը 90-ական թվականներին բնաջնջվեց արդեն Ադրբեջանի տարածքում (սկզբում՝ ուշ խորհրդային վերնախավի աջակցությամբ), որի իշխանությունները խնդիր էին դրել տոտալ զտել Արցախը և Նախիջևանը՝ Մեծ Հայքի պատմական մասերը, որտեղ հայերը պահպանվել էին որպես էթնիկ մեծամասնություն։ Այստեղից էլ բխում էր հասկանալի առաքելությունը՝ թույլ չտալ նման իրադարձությունների կրկնությունը։ Դա կարելի էր անել միայն ձևականից բովանդակային ինքնիշխան պետականության անցնելու պարագայում։ Նման վերափոխման համար մեկնարկային դիրքերը բավականին վատը չէին. մոտիվացված համայնքներ ամբողջ աշխարհում, մի շարք խոշոր խաղացողների կողմից մեր հաջողության հանդեպ հետաքրքրություն, պարտված և հոգեբանորեն ճնշված հակառակորդ և այլն: Թվում է, թե սա էր հայերի վաղուց սպասված պատմական շանսը արագորեն վերափոխվելու մի ազգի, որի հետ ստիպված կլինեին հաշվի նստել տարածաշրջանի և աշխարհի տերությունները:
Սակայն իրականում մենք այլ բան տեսանք։ Օրինակ՝ առաջին նախագահ (այսինքն՝ փաստացի հիմնադիր հայր) Լևոն Տեր-Պետրոսյանը, որն արգելափակեց համայնքներից հայերի իրենց պատմական հայրենիքի քաղաքական կյանքին ցանկացած մասնակցություն (նույնն արեցին մյուս բոլոր նախագահները) և կոչ արեց հանձնել հաղթանակը (այսինքն՝ իմաստաստեղծ տարրը) պատրանքների դիմաց։ Մենք տեսանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով շարունակեց և խորացրեց այդ քաղաքականությունը՝ երկրից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին արգելելով քվեարկել նախագահական ընտրություններում: Երրորդ առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, ով 18 տարի անց հիմնեց Սփյուռքի նախարարությունը (սփյուռքի` որպես ինստիտուտի բացակայության պատճառով ավելի ճշգրիտ կլիներ «Արտասահմանյան համայնքների գործերի նախարարություն»), որը փաստացի կատարում էր տուրիստական գործակալության և պատմության ու լեզվի դասագրքերի առաքիչի գործառույթները։ Եվ վերջապես, «թավշյա փրկիչ» Նիկոլ Փաշինյանը, ով վերոնշյալ նախարարությունը բարեփոխելու փոխարեն փակեց այն և գնաց նույն ճանապարհով, ինչ մյուսները՝ ստեղծելով իրեն հավատարիմ համայնքային մի շերտ։
Մենք ականատես եղանք նաև տարեցտարի սիստեմատիկորեն դեգրադացվող ֆիզիկական տարածքի, որի «կառավարիչները» չկարողացան երեք տասնամյակի ընթացքում ամրապնդել և բնակեցնել փոքրիկ Արցախը, որի գոյությունից էր կախված բուն Հայաստանի ֆիզիկական ապագան և մասնատված համայնքների` պետակենտրոն Սփյուռքի վերափոխումը։ Եթե չկան արցախյան հաղթանակը և Միացումի գաղափարախոսությունը՝ որպես ազգակերտման և պետականաշինության հիմք, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրենց պայմաններով «խաղաղության պայմանագրեր» են կնքվում, ապա ո՞րն է Երրորդ Հանրապետության գոյության իմաստը: Խաղաղությունը, որի վերջնական նպատակը Հայաստանի քաղաքական ու տնտեսական գաղութացումն ու հայկական ինքնության ջնջումն է, ներկա իշխանությունների կողմից այդքան տենդորեն որոնվող նոր իմաստ չի հանդիսանում: Անհնար է իմաստ գտնել իրենց կողմից հաջողությամբ ստեղծած և խրախուսվող անհեթեթության մեջ:
Կասկածելի է, որ հայկական աշխարհի լավագույն զավակները թուրքական աշխարհի դեմ պատերազմում իրենց կյանքը զոհաբերեցին հանուն իրենց սեփական երկրի և ժողովրդի այդ նույն թուրքական աշխարհին ինտեգրման: Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է հենց դրան, չէ՞ որ այսօրվա Հայաստանն այլևս բովանդակության, անկախության և իմաստների մասին չէ։ Այն ունակ չէ ապահովել իր իսկ նույնիսկ ձևական ֆիզիկական գոյությունն ու իր քաղաքացիների անվտանգությունը: Այն մոտալուտ հավերժական խաղաղության գեղեցիկ քողի տակ նյութական հարստության ու երկար սպասված երջանկության դիմաց տարածքներ հանձնելու մշտական «հորդորումների» մասին է։ Գերեվարված Արարատի կողմից փչող «նոր փոփոխությունների» մանիպուլյատիվ և խաբեական քամու մասին է այն:
