Գտնվելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտության մեջ եւ նրա կողմից պատերազմի մշտական սպառնալիքի տակ՝ Հայաստանն այսօր հայտնվել է քաղաքական տուրբուլենտության պայմաններում: Ընդ որում, 2023 թ. Արցախի լիակատար հայաթափումից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, եւ ինչպես շատերն էին կարծում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի համար խնդրահարույց հարցեր կարծես թե չէին մնացել, հայության շատ շերտեր (ներառյալ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը) իրենց համար պարզեցին, որ ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքիան Հայաստանի հետ խաղաղություն ու բարիդրացիություն հաստատելու ցանկություն չունեն: Միայն այդժամ շատերի համար պարզ դարձավ, որ Արցախյան հակամարտությունն ինքնին հայ-թուրքական թշնամական հարաբերությունների մասն է կազմել, եւ ստանալով Արցախը՝ Հայաստանի երկու հարեւանները չեն դադարելու գոյութենական սպառնալիքներ ներկայացնել մեր հայրենիքին:
Եւ ուստի, ի՞նչ անորոշություն ու անհեռանկարայնություն է ընկած իր հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններում: Ո՞րն է մեզ ուղեկցող քաղաքական տուրբուլենտության պատճառը: Չէ որ պետությունների՝ միմյանց միջեւ եղած հարաբերություններն են որոշում ցանկացած երկրի տեղն աշխարհում: Մենք աշխարհի համար հետաքրքիր ենք՝ առաջին հերթին ելնելով մեր հարեւանների հետ ունեցած այս կամ այն տեսակի հարաբերություններից: Երկրների միջեւ գործակցության, դաշինքների ու հակամարտությունների բնույթն է կանխորոշում միջազգային հարաբերությունների էությունը: Այդպես է դուռ բացվում պետական տարբեր շահերի դրսեւորման ու պետությունների կողմից միջազգային դերակատարություններ ստանձնելու համար:
Թուրքիայի հետ հարաբերություններն ու սեփական աշխարհընկալումը
Հայ-թուրքական հարաբերություններն ունեն ընդամենը հարյուր տարվա պատմություն։ Այդ տեսանկյունից հարկ է նկատել, որ այն ամենը, ինչը որ կապված է պատմության ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի դերակատարությանը, կայսրության սուլթանական վարչակարգի, տարբեր միլլեթների, էթնոկրոնական խմբերի եւ վերջնականապես չձեւավորված ինքնությունների (այդ թվում՝ «տաճիկների») հետ փոխհարաբերություններին, ինչպեսեւ՝ օսմանյան մշակույթի հետ հայերի մշակութային փոխառնչություններին (վերաբերող՝ լեզվին, գրին եւ այլն), որեւէ կապ չունեն «հայ-թուրքական հարաբերություններ» ասվածի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունները սկզբնավորվել են 1908 թ․ «Երիտթուրքերի» կողմից Օսմանյան կայսրությունում բարձրացրած ապստամբության ընթացքում, երբ այդ կազմակերպությունը սկսել է ձեւավորել թուրք ազգին, այդ թվում՝ նրա կերպարը, աշխարհընկալումը, արժեքները, իրավունքները, շահերն ու պահանջները։ Հայ-թուրքական հարաբերություններն, այսպիսով, ձեւավորվել են 1908 թ․հեղափոխությանը հաջորդած ռազմաքաղաքական տեղաշարժերի ժամանակ, որոնք այդ հարաբերությունները դարձրել են թշնամական, այդ թվում՝ 1915 թ․ սկսված եւ մինչ օրս շարունակվող հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների հետեւանքով։
Թե՛ սկզբնավորման օրվանից, եւ թե՛ այն պահից երբ Քեմալ Աթաթուքի կողմից էթնիկապես ոչ համասեռ տարբեր ժողովուրդների միաձուլման միջոցով վերջնականապես ձեւավորվել է թուրք ազգը (XX դարի 20-30-ական թթ.), հայերն ու թուրքերը երբեք հաշտ չեն ապրել:
Այդ տեսանկյունից հարյուրամյա այդ հակամարտությունն աննախադեպ է մարդկության ողջ պատմության համար։
1991 թ. ԽՍՀՄ փլուզման հետեւանքով ձեռք բերելով անկախություն՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների հորձանուտ է մտել այն սեւեռուն գաղափարի ներքո, որ հայ-թուրքական թշնամական հարաբերությունները սպառնալիք են անկախ Հայաստանի գոյության համար եւ պետք է կամ կարգավորվեն, կամ առնվազն՝ չեզոքացվեն: Ելնելով նման կանխադրույթից՝ ինտելեկտուալ շատ շերտեր, հիմնվելով 1910-20-ական թվականների պատմական փորձի եւ տարածաշրջանում ժամանակակից Թուրքիայի ռազմական, քաղաքական ու տնտեսական հզորությունը ցուցանող տվյալների վրա եւ համեմատելով դրանք Հայաստանի ունեցած հնարավորությունների հետ, փորձել են հարցի լուծումը տեսնել հայության կողմից կա՛մ որոշակի սկզբունքներից հրաժարվելու, կա՛մ որոշակի սկզբունքներից ոչ մի դեպքում չշեղվելու մեջ:
Ըստ այդմ, հայ քաղաքական միտքը ձեւավորել է երկու գաղափարական ճամբարների, որոնք կամ Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունների միջոցով հարաբերությունների բարելավման կողմնակիցն են դարձել, կամ՝ այլ երկրների միջոցով Թուրքիայից եկող վտանգները չեզոքացնելու կողմնակիցը:
Առաջին ճամբարի ներկայացուցիչներն են դարձել բոլոր նրանք, ովքեր տարածաշրջանում Հայաստանի անկախ ապագան պատկերացրել են Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունները կարգավորելու ձեւով: 1990-ականների թթ. առաջին իսկ տարիներից, հատկապես հայտնի մտավորական Ռաֆայել Իշխանյանի կողմից հայեցակարգի վերածված «երրորդ ուժի բացառման օրենքի» միջոցով, հանրության լայն զանգվածներին սերմանվել է այն միտքը, որ հայությունը թուրքերի կողմից թիրախավորվել է, քանի որ մշտապես այլ տերությունների, ու հատկապես՝ Ռուսաստանի, շահերի սպասարկման գործիքն է եղել: Ըստ այդմ, եթե հայ ժողովուրդն այս տարածաշրջանում հրաժարվի դառնալ ընդդեմ Թուրքիայի երրորդ երկրների ծրագրերի մասը, ապա թուրքերի հետ պայմանավորվելու ու խաղաղ ապրելու հեռանկարներ ի հայտ կգան:
Երկրորդ ճամբարի կողմնակիցների հույսերը կապված են եղել արտաքին ուժերի քաղաքական օրակարգերին մասնակցության հետ: Ըստ այս ճամբարում արմատացած համոզմունքների՝ քանի որ Թուրքիան եւ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը պատմական տարբեր ժամանակաշրջաններում կայուն թշնամություն են ունեցել տարբեր գերտերությունների, առավել եւս՝ Ռուսաստանի հետ, ապա պետք է այդ պետությունների միջոցով փորձել չեզոքացնել Թուրքիայից եկող վտանգները: Այս ճամաբարի տարբեր ներկայացուցիչների մոտ կա մշտական վեճ՝ պայմանավորված ժամանակակից Թուրքիայի՝ արտաքին աշխարհի հետ ունեցած հարաբերությունների բնույթով: Մի կողմը գտնում է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, չնայած առանձին շեղումների, իրենց էությամբ ու պատմական բեռնվածությամբ թշնամական են: Հետեւաբար, Հայաստանի ռուսամետ կողմնորոշումը՝ նախընտրելի քաղաքական կուրս է գոյութենական արտաքին վտանգները չեզոքացնելու ճանապարհին: Իսկ մյուս կողմը գտնում է, որ Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններն են, որ շատ դեպքերում եղել են խնդրահարույց: Այստեղից բխեցվում է, որ Հայաստանի արեւմտամետ կողմնորոշումն է նախընտրելի քաղաքական կուրս գոյութենական արտաքին վտանգները չեզոքացնելու ճանապարհին:
Ինչպես տեսնում ենք հայ հանրության մեջ տարածված ռուսամետ կամ արեւմտամետ դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերություններից ածանցվող նույն քաղաքական հայեցակարգի երկու երեսներն են եւ միայն իրենց հիմնավորումների հարցում է, որ սնվում են տարբեր քաղաքակրթական, պատմական, ռազմական, տեխնոլոգիական կամ այլ պարամետրերից: Կախված Հայաստանին տրամադրվող արեւմտյան կամ ռուսական օժանդակություններից, իսկ առավել շատ՝ Թուրքիայի հետ Ռուսաստանի կամ Արեւմտյան տերությունների ռազմավարական գործակցություններից, հայ հանրությունն ապրում է իր հերթական հիասթափությունները՝ վերակողմնորոշվելով մեկ դեպի Ռուսաստան, մեկ դեպի Արեւմուտք:
Պետք է նկատել, որ ինչպես ռուսամետ ու արեւմտամետ դիրքորոշումներն են միավորվում մեկ միասնական քաղաքական հայեցակարգի մեջ, այնպես էլ այդ հայեցակարգն է մի էական հարցում նույն կերպ միավորվում Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունների միջոցով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հայեցակարգի հետ՝ նրա հետ կազմելով ամբողջական մի աշխարհընկալում: Այդ աշխարհընկալումը վերաբերում է սեփական ուժերի եւ աշխարհում իր զբաղեցրած դիրքի ու ունեցած նշանակության մասին հայ ժողովրդի շատ կոնկրետ պատկերացումներին: Հայաստանի չսերտած բոլոր դասերը հենց այդ աշխարհընկալումն անխախտ պահելու ուղղակի վկայությունն են:
Ոտքերը մեկնել… վերմակին համապատասխան
Ըստ հայության մեջ տարածում գտած խորը համոզմունքի՝ հայ ժողովուրդը, չնայած իր մեծ անցյալին ու ինտելեկտուալ ներուժին, համեմատած այլ ժողովուրդների հետ՝ փոքր տարածքի ու ռեսուրսների տեր, թշնամիներով շրջապատված փոքրաքանակ մի հանրություն է, որն ինքնուրույն չի կարող հոգալ իր անվտանգության մասին: Հատկապես մեծ տարածում ունի Մովսես Խորենացու դարեր առաջ ասված խոսքը՝ «թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ սահմանափակ, բայց մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»։ Իսկ ժողովրդական իմաստնությունն իր հերթին խոսում է «ոտքերը վերմակին համապատասխան մեկնելու» մասին:
Թե՛ ռուսամետներին, թե՛ արեւմտամետներին եւ թե՛ թուրքերի հետ ամեն գնով հաշտվելու կողմնակիցներին միավորում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին այն գնահատականը, որ մենք փոքր, թույլ, անզոր հանրություն ենք մեզ շրջապատող թուրքական ծովում եւ հույսներս մեզ վրա չենք կարող դնել: Ուստի պետք է կա՛մ թուրքերի հետ հաշտվենք, կա՛մ այլ հզոր տերությունների ենթակայությամբ գործող հակաթուրքական ֆորպոստ (պլացդարմ, բաստիոն եւ այլն) մնանք:
Հենց սեփական քաղաքական կշռի նման արհամարհական ընկալումն է պայմանավորում այն մտածողությունը, որտեղ տեղ են գտնում «տիրոջ», «մեծ եղբոր», «փրկչի», «դավաճանի» հետ կապված սպասումները կամ պատկերացումները:
Հայ-թուրքական դարավոր թշնամության եւ հայ-ադրբեջանական երեսնամյա հակամարտության խորապատկերի վրա 2020-2024 թթ. դեպքերն ավելի են խորացրել սեփական անվտանգային խնդիրները թուրքերի հետ հաշտվելու միջոցով կամ տերությունների օգնությամբ լուծելու հայ հանրության համոզմունքը: Արդեն բազում անգամ ապացուցված կռվանները, այն, որ ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ Ադրբեջանը ցանկություն չունեն խաղաղ գոյակցել Հայաստանի հետ, այն, որ թուրքերը մինչ օրս բոլորովին այլ համոզմունքի հետեւորդն են, ըստ որի՝ «թուրքերի գոյության պայմանը հայերի չգոյությունն է», այն, որ Ադրբեջանը հայատյացությունը դարձրել է պաշտոնական քաղաքականության մաս, այն, որ թուրք եւ ադրբեջանցի ազգերի ինքնության ձեւավորման ու պահպանման համար կարեւոր է հայերի՝ թշնամու կերպարը, այն, որ ինչպես հայկական հարցը, այդպես էլ ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունները մշտապես եղել եւ մնալու են օտար տերությունների շահերի սպասարկման տիրույթում, այն, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ, այլ միայն շահեր եւ այս կարգի մյուս փաստարկները հայ հանրության համար վերջնական յուրացված դաս չեն մնում: Թվում է, որ այդ փաստարկներից հարկ եղած դեպքում օգտվում են բոլորը: Սակայն, յուրահատուկ «Հայկական Realpolitik»-ով առաջնորդվող հայ քաղաքական դասը մշտապես կատարում է «դարձ ի շրջանս յուր»:
Խնդիրը բնականաբար հայության մեջ արմատացած մտածողության մեջ է: Արդեն գրեթե 600 տարի հայությունն ապրում է Հայոց եկեղեցու մշակած այն հայեցակարգի ներքո, ըստ որի՝ հայության փրկությունը տարածաշրջանի իսլամադավան, բայց քրիստոսասեր իշխանություններին հնազանդվելու մեջ է: Իսկ Իսրայել Օրուց սկսած քաղաքական պրակտիկայի մաս է դարձել նաեւ հայ ժողովրդի՝ Եւրոպայի քրիստոնեական տերությունների միջոցով ազատագրվելու հայեցակարգը: Տասնյակ սերունդներ դաստիարակվել են այդ երկու հայեցակարգերի փաստարկների տակ: Դրա տակ մարդիկ ձեռք են բերել կենսափորձ եւ դարձել որոշակի «ճշմարտությունների» կրողներ: Այդպես ձեւավորվել է ժամանակակից հայի աշխարհընկալումը, ըստ որի անվտանգային խնդիրները լուծելու համար հայ ժողովրդի ուժերն ու միջոցները անբավարար են եւ, հետեւաբար, երկրորդային նշանակություն ունեն: Առաջնային են մնում ամեն գնով կամ թուրքերի հետ հաշտվելու, կամ Ռուսաստանի ու Արեւմտյան տերությունների հետ դաշնակցելու ծրագրերը:
Ինքնորոշվելու, սեփական ուժերին ապավինելու, ինքնուրույն քաղաքական հայեցակարգերով ու ռազմավարական ծրագրերով առաջնորդվելու, անկախ անվտանգային համակարգ կառուցելու, միջազգային հարաբերություններում քաղաքական կամք ցուցաբերելու դասերը այսօր չսերտած են մնում հայ ժողովրդի համար: Վանի ինքնապաշտպանության, Սարդարապատի ճակատամարտի, Լեռնահայաստանի ազատամարտի, «Նեմեսիս» օպերացիայի, Արցախյան առաջին հաղթական պատերազմի, Շուշիի ազատագրման եւ նմանատիպ մյուս օրինակները լայն զանգվածների համար դառնում են ոչ թե սեփական կամքի եւ ուժի ցուցադրություններ, այլ՝ պատահականություններ, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ օտարների ռազմաքաղաքական քողարկված ծրագրերի դրսեւորումներ, որում հայ ժողովուրդի մասնակցությունը, ըստ այդ մարդկանց, պետք է համարվի գերագնահատված:
Այսօր քաղաքական տուրբուլենտություն ենթադրող Հայաստանի Հանրապետության վիճակը հետեւանք է այն արատավոր աշխարհընկալման, որում տեղ չկա ինքնուրույն մտքին, կամքին ու ջանքին: Այդպես ապացուցվում է մեր ազգային գաղափարական սնանկությունը:
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Հայկական հանրապետության» տեսակետներին:
