Չորրորդ աշխարհից երրորդ և հետ
Գաղութատիրությունը որպես կանոն զուգորդվում է «երրորդ աշխարհի» երկրի, 1960-ականներին և ավելի ուշ Լոնդոնի, Փարիզի կամ Ամստերդամի մետրոպոլիայից անկախացած նախկին գաղութի կարգավիճակի հետ: Նման երկրներն ունեն թույլ ինստիտուտներ և ունակ չեն իրենց քաղաքացիների համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, հիմնականում գաղութային անցյալի հետևանքով: Միևնույն ժամանակ նրանք ներկայացուցչություն ունեն ՄԱԿ-ում և տարածաշրջանային միավորումներում, հատում են իրենց սեփական դրամը, անձնագրեր են շնորհում և, որպես կանոն, հնարավորություն ունեն իրենց թիմերն ուղարկել Օլիմպիական խաղեր: Այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական «երրորդ աշխարհին» պատկանելը անբավարար զարգացման հոմանիշ է դարձել միայն համեմատաբար վերջերս. նախկինում այն բնորոշում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի գլխավորած «կապիտալիստական» և «սոցիալիստական» ճամբարների պայքարին չմիացած պետությունները:
Այնուամենայնիվ, Ժամանակին աշխարհաքաղաքական պայքարից զերծ մնացած «երրորդ աշխարհի» երկրները ավելի ու ավելի հաճախ են բախվում ներքին կոնֆլիկտների, որոնք հիմնականում բխում են իրենց գաղութային պատմությունից և (կամ) պահանջում են առաջին և երկրորդ աշխարհի երկրների միջամտությունը: Որպես կանոն, այդ տարաձայնությունները նրանց ներ են քաշում գերտերություններից և տարածաշրջանային տերություններից էլ ավելի խորը նեոգաղութային կախվածության մեջ։ Խաղաղության և կայունության շվեյցարական գաղտնիքը ակնհայտորեն չի աշխատում գլոբալ Հարավում և Արևելքում:
Սեփական տարածքում բռնությունը վերահսկելու հնարավորությունների բացակայությունը հանգեցնում է «զարգացման» համար ստրկական վարկերի, օտարերկրյա ռազմաբազաների տեղակայման, միջազգային կազմակերպված հանցավորության (հիմնականում թմրանյութերի շրջանառության և մարդկանց թրաֆիքինգի) վերահսկման համար միջազգային ջանքերի ներգրավման անհրաժեշտությանը:
Սակայն այս կամ այն չափով հարյուրավոր նման երկրների անփառունակ ճակատագրին կարող են նախանձել նրանք, ում մասին ավելի քիչ է խոսվում ՝ այսպես կոչված «չորրորդ աշխարհի» ժողովուրդները։ Դրանք ՄԱԿ-ի անդամ պետությունների թվի աննախադեպ աճի դարաշրջանում առանց պետականություն մնացած էթնոսներն են: Թվում է, թե նրանք անհույս են, քանի որ աշխարհն արդեն բաժանված և վերաբաժանված է: Եվ հենց դա էլ բթացնում է «երրորդ աշխարհի» երկրների զգոնությունը, քանզի դրանք համոզված են, որ կարող են չունենալ այն ամենը, ինչը պաշտպանում է իրեն որպես պետություն այսօր և վաղը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, կայուն զարգացման, սեփական տարածքում բռնության և հեն այդ տարածքների վերահսկման հնարավորությունները, բայց կմնան ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի մոտ ծածանվող բաղձալի դրոշը և, անշուշտ, իշխանավորների նեղ շրջանակին սպասարկող պետական գանձարանը։
Նոր պետություններ, նոր շղթաներ
Լայն իմաստով ժամանակակից գաղութատիրությունն այն ամենն է, ինչը խանգարում է զարգացմանը և ստիպում է մնալ երրորդ աշխարհի երկիր՝ միևնույն ժամանակ չպաշտպանելով չորրորդը գլորվելուց: Բացի այդ, այն այնքան էլ ակնհայտ չէ, թեև արդեն թաքնվելու կարիք չունի, և գաղութացվածների մոտ վերահսկողության պատրանք է ստեղծում։ Այն ավելի «լեգիտիմ» է քան երբևէ, քանի որ սեփական բարեկեցության համար պատասխանատվություն չստանձնած «նախաբնիկների» մաքրաձույլ ընտրությունն է: Որպես կանոն, ինչպես և նախկինում իրենց մշակութային գերազանցության մեջ վստահ գաղութարարները չեն սխալվում՝ գաղութի համար Մասլոուի բուրգի միայն ստորին աստիճանների իրականացման պայմաններ ստեղծելով:
Իհարկե, ժամանակակից գաղութատիրությունն ունի նաև յուրահատկություններ։ Լիբերալ աշխարհակարգի շրջանակներում այն դարձել է բազմակողմանի և ձեռք է բերել ավելի շատ բացահայտ չափումներ, և այժմ մեկ գաղութը կարող է ունենալ մի քանի տերեր, ընդ որում նաև անդրազգային ընկերությունների շրջանում: Միջազգային ինստիտուտները սպասարկում են նրանց հիմնադիր` ամենազարգացած ազգերի շահերը, իսկ մնացածները բավարարվում են նրանց «մարդասիրական աջակցությամբ»։ Բացի այդ, նոր գաղութատիրությունը ապակե ուլունքները փոխարինեց ամուր արժույթով, որն այլևս պահվում է հուսալի, այլ ոչ թե գաղութային բանկերում: Այդ ակտիվներն ավելացնելու համար կոմպրադոր բուրժուազիան պետք է մնա իշխանության ղեկին` ստանալով երկրից չվերականգնվող ռեսուրսներ կորզելով հարստացող գաղութարարների քաղաքական աջակցությունը:
Այդ ռեսուրսներից ամենակարևորը մարդիկն են, որոնց կյանքերով են վճարում սեփական անվտանգության մեջ չներդնող անփութաջան ժողովուրդները:
Ընդ որում անվտանգությունը լոկ բանակը չէ, որի զարգացումը ևս արտոնվում է գաղութային տերերի կողմից։ Դա նաև կրթությունն է և կոռուպցիայի դեմ իրական պայքարը, որոնք կանխում են երկրաշարժերից, հրդեհներից և ջրհեղեղներից, ինչպես նաև ավտովթարներից անթիվ զոհերը: Դա առողջապահության զարգացումն է, որն այլ կերպ կարող է ոչնչացնել պատերազմներից ոչ պակաս քանակով մարդկանց և նրանց ապագա սերունդների։ Ուղեղի արտահոսքը, մշտական զոհերը, համաճարակները և ժառանգական հիվանդությունները այդպիսի երկարաժամկետ ներդրումների բացակայության: Դա չի կարող հետաքրքրել կոմպրադորական բուրժուազիային, քանի որ նա աշխատում է` իր երեխաների ապագան ապահովելու առաջին աշխարհի հենց այն երկրներում, որտեղ էլ պահում է ներդրումների ենթակա այդ գումարները։
Նույնիսկ պետք չէ դրանում նենգ դիտում որոնել։ Որպես կանոն, նման իշխանությունն ու ժողովուրդը չգիտեն կամ չեն էլ հիշում, որ անկախ պետությունը իներցիոն գաղութային տրամաբանությամբ չի կառուցվում։ Նման մտածողության տարբերակիչ առանձնահատկությունը կարճատեսությունն է։ Տնտեսական նեոգաղութատիրությունը հումքի դիմաց ապահովում է փողի ներհոսք։ Որպես կանոն, այդ փողերի հետ երկիր են մուտք գործում նաև օտարերկրյա կառավարիչները, իսկ տեղի բնակչությունը դառնում է էժան աշխատուժ և արտագաղթում։ Ավելի երկարաժամկետ արտահոսքն ապահովվում է խոշոր ենթակառուցվածքային ներդրողների (պետությունների և ԱՄՀ-ի նման միջազգային կազմակերպությունների) կողմից դիտավորյալ թե ակամա ստեղծվող պարտքային ծուղակներով, որի արդյունքում «այստեղ և հիմա» զգալի գումար ստացած երկիրը դե ֆակտո ընկնում է կախվածության արատավոր շրջանի մեջ և ամենայն հավանականությամբ «մեկընդմիշտ» հայտնվում ուղղակի արտաքին կառավարման տակ, հատկապես, եթե այդ գումարը իրականում չի ներդրվում զարգացման մեջ:
Մի երկրում, որտեղ կոմպրադորական բուրժուազիան չի պլանավորում նույնիսկ իր ծերությունը, պարտքային բեռը նվազեցնելու կարիք չկա։ Շրի Լանկան և Էկվադորը նման պատեհապաշտ վարկային քաղաքականության վերջին զոհերից են, որի արդյունքում նրանք ոչ միայն ստիպված են երկիրը մաս-մաս փոխանցել արտաքին ուղղակի կառավարման տակ, այլև ի վիճակի չեն նույնիսկ միջազգային օգնություն ստանալ առանց վարկատուի (այս պարագայում՝ Չինաստանի) պարտքը վերակառուցելու համաձայնության: Էլիտար «միջնորդները» չեն տեսնում նման վարկերի տրամադրման բարենպաստ պայմանների և դրանց մարման ավելի մեծ ճկունության հասնելու անհրաժեշտությունը: Զարգացող երկրներում տնտեսության ազատականացման ողբալի արդյունքները, այդ թվում՝ առողջապահության և կրթության պետական ֆինանսավորման կրճատման տեսքով, լայնորեն հայտնի են, բայց ո՞վ պիտի գաղութից առավել շահագրգռված լինի իր իսկ անկախացումով:
Ամենուր և ոչ մի տեղ. գաղութատիտության ցանցերը
Նեոկոլոնիալիզմը անողոք է նաև բնապահպանական խնդիրները անտեսողների նկատմամբ: Միայն գաղութներն են թույլ տալիս իրենց տարածքում բնական ռեսուրսների ոչ էկոլոգիական արդյունահանումն ու օդի և ջրային մարմինների աղտոտումը: Սա ուղղակիորեն հանգեցնում է առողջապահական ճգնաժամերի, տարածքների ամայացման, դրանց մշակութային ժառանգության կորստի և հետագա զարգացման բաց թողնված հնարավորությունների: Ինդոնեզիան, Վիետնամը, Ֆիլիպինները, Շրի Լանկան այն բազմաթիվ գլոբալ աղբավայրերից են, որոնք չունեն կանաչ աղբի ոչնչացման և վերամշակման համար բավարար ռեսուրսներ: Միևնույն ժամանակ, գաղութատիրական լավագույն ավանդույթների համաձայն, այդ երկրները նաև մեղադրվում են ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու անկարողության մեջ:
Ժամանակակից գաղութատիրությունն ավելի ու ավելի է ուղղված մշակույթին՝ ինքնությունը ջնջելու և լիակատար վերահսկողություն սերմանելու նպատակով:
Ի տարբերություն գաղութի բնակիչների, մետրոպոլիսները ռազմավարական մոտեցում են ցուցաբերում և կրճատում են իրենց ծախսերը` ներդնելով «բնիկների» նոր մտածելակերպի ձևավորման մեջ, այլ ոչ թե կիրառելով իրենց օրակարգը այստեղ և հիմա հարկադրելու էժան միջոցներ:
Երբեմն այդ սցենարի իրականացման համար պետք չէ նույնիսկ վերահսկել կրթության ոլորտի և հիշողության քաղաքականությունը: Իշխող դասի անձհռնահասությունն ու ձգտման բացակայությունը հանգեցնում են նույն արդյունքին, հատկապես, եթե էթնոսի մեծ մասն արդեն իսկ արտերկրում է բնակվում և պարզապես ենթարկվում է լեզվական համաձուլման՝ առանց «պետության» կողմից որևէ հակազդեցության։ Նման գաղութը շուտով ինքնուրույն կմոռանա պատմական տեղանունները, սեփական մշակույթի տարբերակիչ հատկանիշները և ընդհանրապես պատմությունը, այնպես որ նա նույնիսկ չի դիմադրի իր պատմության այլընտրանքային ընթերցմանը, իր ժառանգության զավթմանը և նրա բազկի ուժը դեռևս հիշող տարածքների բռնագրավմանը:
Իհարկե, ժամանակակից աշխարհում, բացի մարդկանցից, ֆինանսներից և տարածքներից հայտնվել են նաև այլ արժույթներ՝ տվյալները և ուշադրությունը։ Եվ կրկին «երրորդ աշխարհը» աչքի է ընկնում սեփական քաղաքացիների պաշտպանության հարցում նախաձեռնության իսպառ բացակայությամբ։ Չընդօրինակելով զարգացած երկրների տեխնոլոգիական կորպորացիաների գործունեությունը կարգավորելու և թվային անհավասարությունը վերացնելու փորձը՝ գաղութային իշխանությունները իրենց հպատակներին խոցելի են դարձնում ոչ թե առանձին ստրկատերերի, այլև ամբողջ աշխարհի առջև։ Բացի այդ, այն երկրները, որոնք հրաժարվում են իրենց տվյալների կենտրոններից և հարակից ենթակառուցվածքներից, վտանգի տակ են դնում աշխարհի հետ կապի իրենց թվային եղանակը:
Համացանցը դառնում է զանգվածների անմիջական վերահսկման գործիք, և գաղութների բնակիչները ոչ միայն խարդախության և արտաքին հետախուզության թիրախ են հանդիսանում, այլև սպառում են մտավոր առողջության համար վտանգավոր նյութեր և գաղութարարների քարոզչություն: Արդյունքը սովորած անօգնականությունն է, անկախության համար պայքարից հրաժարվելը, իսկ կրթական ու գաղափարական ձախողված քաղաքականության հետ մեկտեղ՝ նույնիսկ դրա անհրաժեշտությունը չհասկանալը։ Ի դեպ, նման արդյունքի կարելի է հասնել նաև թվային սեգմենտը ժամանցային նյութերով և կեղծ լուրերով լցնելով՝ դրանով իսկ մարդկանց «անջատելով» իրական խնդիրներից։ Առցանց բևեռացումը ժամանակակից գաղութատիրության ևս մեկ ողբալի և վերահսկվող դրսևորում է, որը կաթվածահար է անում «բնիկների» պետական հարցերի շուրջ համախմբումը:
Ոմանց ժամանակակից գաղութատիրության նման տեսլականը տուժողի պախարակում (victim blaming) կթվա, և մասամբ արդարացիորեն, քանի որ միայն ինքներդ ձեզ կամ բացառապես ուրիշներին մեղադրելը երկու ծայրահեղ մանկական դիրքորոշում են: Այդ իսկ պատճառով հասուն ազգերը չեն հայտնվում գաղութների կարգավիճակում։ Հաջորդ հոդվածներում մենք կանդրադառնանք Երրորդ Հանրապետությունում գաղութատիրության դրսևորումներին և այն հարցին, թե ինչու մենք չենք կարողանա մեզ երկար ժամանակ թույլ տալ «երրորդ աշխարհին» պատկանելու «պերրճանքը»:
