Հայկական լոգոսի որոնումներում։ Մաս 4։ Պատերազմի և ժառանգության մասին

Այսօր մեր ժառանգությունը գործիք է արտաքին ուժերի ձեռքում, որոնց հայերից պետք է միայն մեկ բան՝ հնազանդ ստեղծարար կատարողականություն՝ նյութական բարիքների և ուրիշի ազատության փշրանքներից օգտվելու հնարավորության դիմաց։ Այդպիսի ազատությունը ոչ միայն երևակայական է, այլև արատավոր, իսկ դրա կրողները՝ հոգեպես սնանկ։

Հայ Մտածող
Հայ Մտածող
9

Պատերազմի ֆենոմենը կենտրոնական տեղ է զբաղեցնում թե՛ արևմտյան, թե՛ արևելյան փիլիսոփայության մեջ։ Չինացի մտածող Սուն Ցզին իրավացիորեն կարծում էր, որ պատերազմի արվեստը կայանում է հակառակորդի մտահղացումները խափանելու կարողության մեջ։ Նրա աշխարհընկալման մեջ իրավիճակը զինված բախման հասցնելը վկայում էր ղեկավարի ռազմավարական թուլության ու անհեռատեսության մասին՝ անկախ ելքից, նույնիսկ եթե այն հաղթական էր։ Մոտավորապես նույն կերպ էր դիտարկում պատերազմը նաև հույն պատմիչ Թուկիդիդեսը՝ հարձակողա-նվաճողական հայեցակարգի կնքահայրը, որը հետագայում կդրվի քաղաքական ռեալիզմի տեսության հիմքում։ Իր հիմնարար աշխատության՝ «Պելոպոնեսյան պատերազմի պատմության», մեջ նա առաջ քաշեց ոչնչացվելու վախը` որպես կանխարգելիչ պատերազմի կարևոր շարժառիթ: Թուկիդիդեսի կանխարգելիչ պատերազմը և Սուն Ցզիի «առաջնային» պատերազմը (արդեն մինչ մարտական բախում հաղթանակելը) նույնն են վկայում. նվաճվելու և ոչնչացվելու վախը սրում է ինքնապահպանման բնազդը։

Նման սրման պահերին կարևոր է չտրվել կարճաժամկետ հույզերին, այլ անցնել սեփական գործողությունների՝ այսինքն ռազմավարական քայլերի, սառնասրտ իմաստավորման ռեժիմի։ Թոմաս Հոբսի՝ բոլորն ընդդեմ բոլորի հարատև պատերազմի հայեցակարգում կարևոր տեղ է հատկացվում մարդու հուզական բնույթին, և հենց դա է սահմանում պատերազմի ֆենոմենը։ Դրա հիմքում ընկած են մրցակցությունը, անվստահությունն ու իշխանության ծարավը։ Հոբսը, ինչպես և Սուն Ցզին ու Թուկիդիդեսը, կարծում էր, որ ղեկավարի և պետության իմաստությունը կայանում է վերոնշյալն արդյունավետ կառավարելու մեջ։ Ըստ էության, խոսքը բնական արատներն առաքինությունների վերածելու մասին է, որոնցից ծնվում է արժեգաղափարական համակարգ ու պատասխանում կարևոր հարցերի. ովքե՞ր ենք մենք, ինչո՞ւ պետք է հանրույթ լինենք, հանուն ինչի՞ ենք պատրաստ կռվել ու զոհվել։ Այս հարցերի պատասխանները թույլ են տալիս դուրս գալ կասկածների ու տատանումների ռեժիմից՝ չափազանց վտանգավոր վիճակից, որը հղի է պարտությունից վատթար հետևանքներով՝ ստրկությամբ ու ոչնչացմամբ։

Արևմտյան և արևելյան փիլիսոփայաքաղաքական մտքի տիտանների բացարձակ մեծամասնությունը՝ Արիստոտելը, Սենեկան, Մարկոս Ավրելիոսը, Հեգելը, Հայդեգերը, Մուսաշին, Շան Յանը, Չանակյան, ալ-Ֆարաբին և այլք, արդարացիորեն պնդում էին, որ անհատի ազատությունն ինքնին ոչինչ է՝ ընդհանուրից, այսինքն ազգից կամ պետությունից կտրված։ Այդպիսի ազատությունը ոչ միայն երևակայական է, այլև արատավոր, իսկ դրա կրողները՝ հոգեպես սնանկ։ Ի՞նչ իմաստ ունի հայի համար Գլենդելում վայելել ամերիկյան համակարգի ազատությունը, երբ նույն պահին հակառակորդը պղծում է նրա հայրերի գերեզմանը Շուշիում, որտեղից սկիզբ են առնում նրա արմատները։ Ամերիկյան ազատության համակարգը կերտվել է իր հիմնադիրների քրտինքով ու արյամբ, ուստի դրա իրական կրողների՝ տերերի, ազնվականության աչքերում արժեքներից, տոհմից ու պատմությունից զերծ օտարն ընդամենը նյութական բարիքների ջանասեր ստեղծող է՝ վարձու աշխատող, որն իր արարիչ գործունեության ու էներգիայի դիմաց ստանում է այդ իսկ ազատությունը ողջամիտ սահմաններում սպառելու հնարավորություն։

Մենք պետք է հստակ հասկանանք ու ընդունենք մի պարզ, երկաթբետոնե ճշմարտություն. իրական ազատությունն ունի տերեր, որոնց համար «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ…» բառերն ընդամենը գեղեցիկ գովազդային վահանակ են։ Այն ստեղծված է միամիտ և կեցությունն անիմաստ վատնող քաղքենիների համար, ովքեր խանութում բագետ են առնում, սակայն կուրորեն հավատում են, թե ազատության պես հիմնարար արտոնությունն անվճար է։ Եվ մենք կրկին վերադառնում ենք ժառանգության ֆենոմենին՝ ազգակերտման ու պետական շինարարության ալֆա և օմեգային։ Իսկապես ազատ կարող է դառնալ միայն այն հանրույթը, որի մտածող փոքրամասնությունը՝ ազգային ազնվականությունը, գիտակցաբար ու հոժարակամորեն ստանձնում է սեփական ժառանգությունը պահպանելու, պաշտպանելու ու հարստացնելու առաքելությունը։

Ժառանգությունը հենց ազգի հոգին է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Առանց դրա այդ ազգը վերածվում է քայլող դիակի։ Կա՞ արդյոք ավելի կարևոր ու արժեքավոր բան, քան հոգին, որն իմաստավորում է կյանքը։ Ճիշտ պատասխանն է` «ո՛չ», և այն մեզնից պահանջում է դադարել մութ սենյակում սև կատու փնտրելուց՝ անվերջ ստեղծելով վտանգավոր կեղծ գաղափարախոսություններ։ Ժառանգությունը մեր նախնիների արարչության պտուղն է, մեր հազարամյա համազգային հարստությունն է, մեր հաղթանակներն են, պարտություններն ու ողբերգությունները։ Ժառանգությունը միակ պատասխանն է կրիտիկական հարցերին. ովքե՞ր ենք մենք և հանուն ինչի՞ ենք պատրաստ կռվել ու զոհվել։

Այսօր մեր ժառանգությունը գործիք է արտաքին ուժերի ձեռքում, որոնց հայերից պետք է միայն մեկ բան՝ հնազանդ ստեղծարար կատարողականություն՝ նյութական բարիքների և ուրիշի ազատության փշրանքներից օգտվելու հնարավորության դիմաց։ 1918 թ. միամտությունը, անհեռատեսությունն ու դիլետանտիզմն արդեն զոհաբերեցին մեր ժառանգությունն ու արյունը թշնամական ազգային նախագծին՝ թույլ տալով դրանք դնել մինչ այդ երբեք գոյություն չունեցած Թուրքական Հանրապետության հիմքում։ Այժմ մենք իրական ժամանակում ականատես ենք երկրորդ գործողությանը՝ մեր արյան վրա մինչ այդ երբեք գոյություն չունեցած ադրբեջանական ազգի ու պետականության կառուցմանը։

Նրանք, ովքեր Արցախի հանձնումը համարում էին «հարմար գործարք», մոռացան, որ խոսքը ոչ միայն և ոչ այնքան տարածքների, որքան հակառակորդին սեփական ժառանգությունը կամովին փոխանցելու մասին է։ Իրենց սահմանափակության պատճառով նրանք կարծում էին, որ Բաքուն դրանով կբավարարվի։ Իլհամ Ալիևը և նրա հետևում կանգնած ուժերը, ի տարբերություն ֆեոդալ-կլանային Երրորդ Հանրապետության «հիմնադիր հայրերի», քաջ գիտակցում են, որ պատերազմը չի սկսվում ռազմի դաշտում և միանգամայն հստակ այնտեղ չի ավարտվում։

Արցախը հայկական հոգու կարևոր մասն է, որն այժմ ներարկվելու է արհեստական, նորահնար ադրբեջանական պետականության մեջ՝ նորահնար «ալբանական» ներարկիչով։ Ռեալպոլիտիկի տեսանկյունից ադրբեջանական կողմը կարելի է հասկանալ, քանի որ այլ ժառանգություն նրանք չունեն, ինչպես մինչ այդ, 1918 թվականին, չունեին նրանց «եղբայր» թուրքերը։ Հայկական ժառանգությունը յուրօրինակ արժեքաղաքակրթական ադրենալին է, որը թուրքական աշխարհին թույլ է տալիս գոյատևել, բարգավաճել ու զորանալ։ Ուստի չարժե ակնկալել, որ Բաքուն կամ Անկարան ողորմածություն կդրսևորեն, կցանկանան հայկական աշխարհի հետ խաղաղ ապրել և թույլ կտան նրան անգամ մտածել իրական ազատության, սուբյեկտայնության ու գործառույթի մասին։

Ներկա փուլում նրանք մտադիր են ավարտին հասցնել աշխարհագրական Հայաստանի համապարփակ ենթարկեցման գործընթացը, քանի որ նրանց համար արցախյան հարցը փակված չէ։ Դեռևս ազատության մեջ են մնում 90-ականների ազատագրական գործընթացի մասնակից բազմաթիվ քաղաքական գործիչներ ու զինվորականներ, որը հետո իրենք իսկ դավաճանեցին ու վաճառեցին՝ հանուն Երևանում պալատներ կառուցելու և արտասահմանում վիլլաներ գնելու հնարավորության։ Այս բոլոր գործիչներին, հատկապես նրանց, ովքեր հավատում էին և մինչ օրս հավատում են, թե կոլաբորացիոնիստական վարչակարգին հավատարիմ ծառայությունն ու նրա լեգիտիմացումն ինդուլգենցիա են, մեծ անակնկալ է սպասվում։

Այստեղ տեղին է հիշել հռոմեացի պետական այր Մարկոս Կատոն Ավագին` «Կարթագենը պետք է կործանվի» արտահայտություն հեղինակին։ Հեռատես ռազմավար Կատոնի մտահոգությունն այն էր, որ Կարթագենը քիչ էր մնում ոչնչացներ Հռոմը և ամենաբարձր մակարդակով ձևակերպեց հետհռոմեական աշխարհի հայեցակարգը։ Նա ելնում էր նրանից, որ Հանրապետության թշնամիները դեռ երկար կհիշեն կարթագենցի զորավար Հաննիբալի ներխուժումը, որից հռոմեացին ցնցում, վախ ու սարսափ էր ապրում։ Կատոնը պնդում էր, որ եթե այս ամենից հետո Հռոմը Կարթագենի նկատմամբ իր անողոքության մեջ երկմտանք դրսևորի, ապա դրանով կստորագրի սեփական մահվան դատավճիռը։

Ալիևը, անշուշտ, չի կամենում տեսնել 1980–90-ական թթ. հայկական ցունամիի կրկնությունը, երբ մոբիլիզացված ու մոտիվացված հայկական աշխարհը կասկածի տակ դրեց Արցախն ու Հայստանը վերացնել ձգտող Ադրբեջանի գոյությունը։ Նա չի կարող թույլ տալ երկրորդ հայկական վերածնունդը, չի կարող թույլ տալ, որ հայկականությունը պահպանվի որպես երևույթ։ Հենց դրա համար էլ ադրբեջանական կողմը և թուրքական աշխարհն իրենք են հիմա ձևակերպում «հայկական շահը» և ներարկում այն հայերի մտքերի ու սրտերի մեջ՝ իրենց ազդեցության գործակալների՝ կոլաբորացիոնիստական կառավարության և գոյություն չունեցող «Սփյուռքի» այսպես կոչված ներկայացուցիչների միջոցով, որոնք լեգիտիմացնում են հակառակորդի պարտադրած նարատիվները։ Սա ինչ-որ չափով հիշեցնում է աթենացիների ու մելոսցիների երկխոսությունը նույն «Պելոպոնեսյան պատերազմում»։ Աթենքը փորձում էր համոզել Մելոսին, որ իր շահերից է բխում հանձնվելը՝ խաղաղություն ստանալու և չոչնչացվելու համար։ Մելոսցիների սխալն այն էր, որ նրանք հույս էին դնում աստվածների և իրենց դաշնակցի՝ Սպարտայի, աջակցության վրա։ Նրանք կուրորեն հավատում էին երաշխիքների ու պայմանավորվածությունների անսասանությանը և ապավինում էին բանակցություններին ու արդար լուծմանը։ Նման միամիտ անհոգության համար նրանք ստիպված եղան չափազանց բարձր գին վճարել. աթենացիները կոտորեցին բոլոր տղամարդկանց, իսկ երեխաներին ու կանանց վաճառեցին ստրկության, որից հետո Մելոսը վերաբնակեցրին իրենց տոհմակիցներով։

Չնայած ժամանակավոր հաջողությանը՝ Ալիևին, թուրքական աշխարհին և աշխարհագրական Հայաստանից ժառանգություն քամող այլ աշխարհաքաղաքական վամպիրներին չարժե հույս դնել հայկական աշխարհի պարագայում նմանատիպ հաջողության վրա։ Այդ աշխարհը կհամախմբվի, կկազմակերպվի և անպայման կսովորի հարգել, սիրել ու հասկանալ պատերազմը: Իսկ նրա մտավոր հնարավորությունները, ի տարբերություն ֆեոդալ-կլանային Երրորդ Հանրապետության, ընդունակ են ջարդուփշուր ցանկացած բարդության մտահղացումներ։ Եվ այստեղ կրկին տեղին է հիշել «Պելոպոնեսյան պատերազմի պատմությունից» աթենացիների ու մելոսցիների երկխոսությունը. «Ուժեղներն անում են այն, ինչ կարող են, թույլերը` այն, ինչ ստիպված են»։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու: