
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․
ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ
Մեծ ողբերգությունները և ազգերի հասունացումը
Իռլանդացիներ
Ավելի քան երկու դար իռլանդացիները ոչ թե պարզապես գաղութատիրության, այլ ճորտի կարգավիճակում էին: Նրանց ազգային ինքնագիտակցության ոչնչացումը ընթանում էր մեթոդաբար։
Նախ, բրիտանացի տերերը նրանց շարքերում գտան ամենաագահներին ու անսկզբունքայիններին, որոնք պատրաստ էին մի քանի հեկտար հողի դիմաց ճնշել սեփական համացեղակիցներին։ Սա ճիշտ ռազմավարություն էր, քանի որ նրանք յուրայիններին նվաստացնում էին առանձնակի եռանդով՝ ձգտելով բարձրանալ հովանավորների աչքում։ Երբ կեղտոտ գործն արդեն արված էր, նրանք որպես անպետքություն դեն շպրտվեցին, և արդեն լիովին ճնշված մարդկանց սկսեցին կառավարել կենտրոնից ուղարկված լորդերն ու կոմսերը։
Իռլանդացիների մի քանի սերունդ աշխատել է սեփական հողի վրա հանուն իրենց տներում ապրելու և կարտոֆիլ աճեցնելու հնարավորության, որպեսզի ընտանիքը սովից չմեռնի: Ժամանակ առ ժամանակ կենդանության նշաններ էին ի հայտ գալիս, ձևավորվում էին ինչ-որ ազատագրական շարժումներ, բայց ամեն անգամ ամեն ինչ ավարտվում էր նույն կերպ՝ պարտություն և ճնշման նոր չափաբաժին։
Իրավիճակը փոխվեց 1845 թվականի Մեծ Սովից հետո, երբ վարակված հողը իռլանդացիներին զրկեց կարտոֆիլից։ Այն անմասն չթողեց ոչ մի իռլանդացու։ Նրանք հասկացան, որ ստրուկի կարգավիճակը տանում է դեպի անխուսափելի կործանման։ Տերը ոչ միայն չօգնեց, այլև արգելեց այլ երկրներին հաց ուղարկել կարիքավորներին։ Ութ միլիոնանոց ազգից ավելի քան մեկ միլիոնը մահացան, իսկ ավելի քան երկու միլիոնը ստիպված եղան «լողացող դագաղների» վրա մեկնել Ամերիկա։
Ողբերգությունը դարձավ համազգային, ամեն մեկը դա զգաց սեփական մաշկի վրա, և հենց դա դարձավ վերնախավի ստեղծման և Իռլանդիայի անկախության պայքարի հետագա հաջողության առանցքային նախապայմանը:
Դժվար էր գտնել գեթ մեկ իռլանդացու, ում կարիք լիներ համոզելու այդ պայքարի ճշմարտացիության և արդարացիության մասին: Նրանք իրենք էին ձգտում դրան, ցանկանում և փափագում էին։
Հզոր էներգիան միավորված գաղափարին նվիրված առաջնորդների հետ, ստիպեցին Բրիտանական կայսրությանը հանձնվել՝ ցույց տալով մյուս ազգերին, որ ողբերգությունները պատմությունը տալիս է ոչ թե անվերջ սգալու, այլ սեփական էությունը վերաիմաստավորելու և հիմնարար ներքին փոխակերպումների համար:
Այո, պատմությունն անողոք է և պատժում է առանց վարանելու, բայց այն նաև բացում է նոր հնարավորություններ։
Հրեաներ
Գործնականում հրեա ժողովրդի պատմությունը նույնանման է։
Տարբերությունն այն էր, որ նրանք դեռևս հին ժամանակներում վտարվել էին իրենց հողերից և միևնույն ժամանակ բավականին լավ կերպով ինտեգրվել նոր երկրների սոցիալ-տնտեսական կյանքին։ Նրանք ծառայում էին այն երկրների շահերին, որտեղ ապրում էին, բարիքներ էին ստեղծում այնտեղ, փորձում էին չառանձնանալ մեծամասնությունից և հարգել տեղական ավանդույթներն ու սովորույթները։
Բայց, ինչքան էլ նրանք փորձեցին, երբեք յուրային չդարձան։ Հալածանքները և ջարդերը սովորական երևույթներ դարձան Եվրոպայի հրեաների համար և ինչ-որ առումով խթանեցին համազգային վերնախավի ձևավորումը, որն այլընտրանքային ուղիներ էր փնտրում:
Սակայն վերջնական գործնական համաձայնության հասնելու համար չէր բավարարում վերջին, այլընտրանքը չունեցող խթանը՝ մեծ ողբերգությունը։ Նման խթան հանդիսացավ Հոլոքոստը, որի արդյունքում ոչնչացվեց ավելի քան 6 միլիոն հրեա։ Եվ այն կազմակերպվեց Գերմանիայում, որի ամրապնդման, հզորացման և զարգացման համար հրեաներն արեցին ավելին, քան որևէ այլ մեկի։
Այդ իսկ պատճառով հրեաները սկսեցին լքել իրենց հարմարավետ բնակարանները Վիեննայում, Հռոմում, Մադրիդում և վերադառնալ Հին Կտակարանի անապատ, որտեղ ավազից ու խղճուկ տնակներից բացի ոչինչ չկար։
Իսրայելը, ինչպես ազատ Իռլանդիան, հիմնված է արյան, սարսափի և բռնության վրա, ինչն արմատապես փոխել է այս ժողովուրդների վերաբերմունքը ոչ միայն արտաքին աշխարհի, այլ նաև հենց իրենց նկատմամբ։
Հրաժարում ինքնախաբեությունից
Ներքին վերափոխման հիմքում ընկած է ինքնախաբեությունից հրաժարվելը, որը ծնում է կեղծ պատմվածքներ, իմիտացիա և այլասերված ձևեր՝ լցված ոչ թե բովանդակությամբ, այլ ցանկալին իրականության տեղ մատուցող առասպելներով, և որ ամենավտանգավորն է՝ աստվածային ծագում ունեցող անխուսափելի փրկության հույսը:
Իրականում փրկությունն ինքնակատարելագործման անդադար գործընթաց է, որը պահանջում է աշխատասիրություն, նպատակասլացություն, ձգտում և մշտական ինքնավերլուծություն:
Հայեր՝ առասպելներն ամեն ինչից վեր
Մեծ ողբերգությունը
Հայերը, ինչպես իռլանդացիներն ու հրեաները, անցան մեծ ողբերգության՝ 1915-1923 թվականների ցեղասպանության միջով։ Արդյունքում ավելի քան 1,5 միլիոն հայ ոչնչացվեց, իսկ փրկվածները ստիպված եղան ապաստան գտնել աշխարհի տարբեր ծայրերում։
1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության ձախողումը
Առաջին Հանրապետության կառուցման ձախողումը ինչ-որ չափով կարելի է համարել հայերի մեծ քաղաքականության և աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներգրավված լինելու փորձի պակասի հետևանք։
Չնայած նրան, որ Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմում կռվում էր պարտվողների կողմոից, թուրքերը հաղթեցին, քանի որ կարողացան պահպանել երկիրը և պատասխանատվություն չկրել կատարած հանցագործության համար։ Ավելին, նրանք պայմանավորվեցին բոլոր առանցքային խաղացողների հետ, յուրացրեցին նախկինում իրենց կողմից բնաջնջված հայերով բնակեցված տարածքների մեծ մասը, իսկ հիմնական պոտենցիալ սպառնալիքն՝ ի դեմս հայերի ու Հայաստանի մնացորդների, հայտնվեց նորաթուխ Թուրքիայի Հանրապետության համար առավել բարեկամական երկրի՝ Խորհրդային Միության կազմում:
1920-1991 թվականներին Երկրորդ Հանրապետություն․ բաժանում Սփյուռքի և Խորհրդային Հայաստանի
Հայկական Աշխարհը բաժանվեց երկու մասի՝
- Խորհրդային Հայաստան, որի ճակատագրի և անվտանգության համար պատասխանատու էր կայսերական կենտրոնը,
- Սփյուռք, որտեղ համախմբման և ազգային վերնախավի ձևավորման գործընթացի փոխարեն գերակայում էր անզիջում մրցակցությունը դաշնակների, հնչակյանների և ռամկավարների միջև։
Սառը պատերազմի տարիներին հայերը որպես գործիք օգտագործվեցին ոչ միայն երկու գերտերությունների, այլև տարածաշրջանային երկրների և անգամ առանձին շահերի խմբերի, քաղաքական կուսակցությունների և շարժումների կողմից։
Այլ կերպ ասած՝ մեծ ողբերգությունից հետո 70 տարի շարունակ հայերը հրեաների և իռլանդացիների նման եղածը վերաիմաստավորելու և վերափոխվելու փոխարեն, զբաղված էին այն ուժերի շահերի սպասարկմամբ, որոնք դեռևս ոչ վաղ անցյալում զրկել էին նրանց անկախ լինելու և իրենց սեփական երկիրն ունենալու իրավունքից։
Երրորդ Հանրապետություն․ ինքնիշխանության իմիտացիա սկսած 1991 թվականից
Զարմանալի չէ, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայության գլխին ձյան պես թափված անկախ պետությունը պատմական մարտահրավեր դարձավ նրանց համար։
Իրերի ներկա դրությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ոչ միայն չհասկացավ և չընդունեց պատմության հերթական նվերն՝ ի դեմս անկախ պետականության, այլ դրա փոխարեն վերնախավերը առավելագույն ջանք են ներդնում այդ պետականությունը մոնետիզացնելու և դրանով իսկ դրա վախճանը մոտեցնելու համար։ Նրա գործառնման հիմքում ընկած են անկախության և պետականության իմիտացիայի սկզբունքները, իսկ քաղաքական վեկտորն ընտրվում է նվազագույն դիմադրության սկզբունքով՝ երկիրը և սեփական ճակատագիրը հանձնել տվյալ պահին առավել խոստումնալից հովանավորի ձեռքը։
Նման մոտեցումը պատմականորեն հատկապես զարմանալի է, քանի որ նոր հանրապետության կայացումը հերթական անգամ ընթացավ ևս մեկ ողբերգության միջով, երբ հայերը 1988-90 թվականներին ենթարկվեցին էթնիկ զտումների այն ժամանակ դեռևս նոր ձևավորվող Ադրբեջանում, որն ուներ վառ արտահայտված թուրքական արմատներ: Ճիշտ նույն կերպ հայկական արյան և քաղաքակրթության փլատակների վրա ձևավորվեց ժամանակակից Թուրքիան։
«Մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինը հռչակած Թուրքիան և Ադրբեջանն ունեն միևնույն նախածին մեղքը՝ հայերի ոչնչացումը։ Այնուհանդերձ, հայ ժողովուրդն ու նրա ղեկավարները արդեն 30 տարի է նախընտրում են աչք փակել այդ պատմական փաստերի և իրենց գոյության իրական սպառնալիքի վրա։ Ամրապնդվելու և հզորանալու փոխարեն, խաղադրույքն արվել է ներքին ու արտաքին փրկիչների վրա։
Միևնույն անհատները դառնում են հերոսներ, իսկ հետո թշնամիներ, և հակառակը:
Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-1996 թվականներին հերոս էր, 1996-2006 թվականներին՝ ատելի թշնամի, իսկ 2008 թվականին՝ վերադարձած մեսիա, ով կոչված էր փրկելու երկիրը։ Ռոբերտ Քոչարյանը մինչև 2008 թվականը հերոս էր, մինչև 2019 թվականը՝ մարդասպան ու թալանչի, իսկ 2020 թվականից՝ միակը, ով կարող է փրկել երկիրը։
Երկրի ողջ կենսագործունեությունը կառուցված է կեղծ ու շեղող թեմաների ու քննարկումների շուրջ՝ ինչպիսի՞ ղեկավար է անհրաժեշտ՝ խելացի, թե՞ ուժեղ, ո՞վ է ընկեր՝ Ռուսաստանը, թե՞ Արևմուտքը, ճանաչե՞լ Արցախի անկախությունը, թե ոչ և այլն։
Մինչդեռ Հայաստանի, Արցախի և հայության ճակատագրին առնչվող էական և առարկայական քննարկումները, ինչպես և նախորդ 100 տարիներին, ընթանում էին ոչ թե Երևանում, այլ բոլորովին այլ մայրաքաղաքներում և, իհարկե, բացառապես հենց այդ մայրաքաղաքների շահերի պրիզմայով։
Արդյունքը՝ Թուրքիան փակում է հայկական հարցը
Արդյունքները ցավոտ են, տհաճ, բայց փաստացի՝
- հայերը գտնվում են սառը քաղաքացիական պատերազմի միջին փուլում, որն ունի թեժ փուլի վերածվելու բոլոր հնարավորությունները,
- հովանավորը, որին տրվել է ժողովրդի ճակատագիրը, վիրավոր է և լվացել է ձեռքերը՝ Հայաստանի հանձնման դիմաց (արդեն որերորդ անգամ) շարունակաբար ստանալով համապատսխան շահաբաժիններ,
- մյուս երկրները կանխատեսելիորեն հետապնդում են իրենց շահերը՝ խաղալով ծանր վիրավորված հովանավորից հիասթափության զգացմունքների վրա և փորձելով առավելագույնը քաղել բարենպաստ միջավայրից:
- Բայց, կարևոր է միայն մեկ արդյունք՝ Թուրքիան, որը որպես հաղթող պատրաստվում է Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական գաղութացման միջոցով իրավականորեն ամրագրել դարավոր հայկական հարցի փակումը։
Ախտորոշումը՝ հայկական ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)
Եվ անգամ նման իրավիճակում հայերը մնում են անդրդվելի՝ ներքին պառակտումը հաղթահարելու և բովանդակային քննարկումների ու որոշումների փոխարեն, զբաղված են նոր մեղավորների ու նոր փրկիչների որոնումներով։
Կարծես թե հայերը միտումնավոր, նախանձելի կանոնավորությամբ և մանրակրկտությամբ, ջնջում և վերաֆորմատավորում են իրենց իմունային համակարգի հիշողության բջիջներն ու պատմականորեն ձևավորված հակամարմինները: Դա, բնականաբար, հանգեցնում է հայերի մոտ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) և արտաքին վտանգներին և սպառնալիքներին դիմակայելու անկարողության՝ կանխատեսելիորեն ճակատագրական հետևանքներով։
Ուրիշ ինչպես, եթե ոչ ՁԻԱՀ-ի չդադարող համաճարակով, կարելի է բացատրել 2021 թվականին տեղի ունեցած վերջին ընտրություններում լպիրշ թուրք պարետի ընտրությունը՝ 1994-2021 թվականներին այդքան նվաստացուցիչ և ամոթալի պարտություններից հետո:
Ընտրողների շրջանում ՁԻԱՀ-ն այնպիսի մետաստազներ է զարգացրել, որ ստանալով որպես «այլընտրանք» Երրորդ Հանրապետության բոլոր չորս կառավարիչներին, որոնք ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում երկիրը հասցրեցին անդունդի եզրին, նրանք հերթական անգամ նախընտրեցին «ընտրությունների» իմիտացիան և ինքնախաբեությունը՝ անգամ լրջորեն չմտածելով այդ աղետալի «այլընտրանքները» բոյկոտելու մասին։
Հայաստանի և Սփյուռքի միջև Բեռլինյան Պատը
Եթե չլիներ մոլեգնող համաճարակը, ապա գոնե այսօր տեղի ունեցող մղձավանջը պետք է հայերին դրդեր հասկանալու թարմ արյան հրատապ փոխներարկման և Սփյուռքի մասնագետներից կազմված անկուսակցական թիմի անհապաղ ձևավորման անհրաժեշտությունը, որը կմեկնարկեր կենսական կարևորության համակարգային բարեփոխումները Հայաստանում և ամբողջ Հայկական Աշխարհում։
Սակայն Հայաստանի բոլոր կառավարիչները սրբորեն մեծարում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փիլիսոփայությանը, ով աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի քաղաքական, մտավոր, ֆինանսական, ձեռնարկատիրական և մշակութային ներուժն օգտագործելու փոխարեն անհաղթահարելի Բեռլինյան Պատ կառուցեց Հայաստանի և Սփյուռքի միջև։
Այդ Պատը հաստատապես պաշտպանեց այդ կառավարիչներին (Սփյուռքի կողմից իրենց անվերահսկելի իշխանության նկատմամբ անխուսափելի ոտնձգության ֆոբիայով հանդերձ), ինչպես նաև առանցքային դեր խաղաց երկրի ազգային իմունիտետի թուլացման հարցում։ Արդյունքում հենց այդ Բեռլինյան Պատը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի հաջողության գրավականը։
Կանխատեսելիորեն, Հայաստանի կողմից իր գլխավոր և միակ գործուն ակտիվի օգտագործումը կանխելու հատուկ գործողությունն իրականացրեցին ոչ թե Անկարայի կամ Բաքվի հատուկ ծառայությունները, այլ նրանց փաստացի կամակատարները՝ ի դեմս Հայաստանի ղեկավարության Երրորդ Հանրապետության ողջ գոյության ընթացքում՝ Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան։
Նույնիսկ 2020 թվականի ամոթալի կապիտուլյացիան չստիպեց երևանյան «վերնախավերին» սկսել այդ Պատը քանդելու գործընթացը։ Ընդհակառակը, մինչ օրս յուրացված է երկրի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների հիմնարար՝ ընտրություններին քվեարկելու իրավունքը։ Քաղաքացին պետք է վերադառնա Հայաստան, որպեսզի քվեարկի ընտրություններին։
Եվ դրանից հետո Հայաստանում ներկայիս թուրքական պարետը խոսում է Հայաստանի և Արցախի վերաբերյալ ճակատագրական փաստաթղթեր ստորագրելու ժողովրդավարական մանդատի մասին, չնայած միևնույն ժամանակ հայտարարում է, որ Արցախի մասով դրա իրավասությունը չունի և ոչ մի պատասխանատվություն չի կրում Արցախի համար։ ՁԻԱՀ-ի գնալով սրացող տեսակով վարակված Հայաստանի ընտրողը շարունակում է պոպկորն ուտել և մոտեցող ցունամիին հետևել ֆեյսբուքյան իր պատուհանից:
Իսկապես, սա այն ժողովուրդն է, որն անընդհատ փորձում է պատմության համբերությունը և մարտահրավեր նետում նրան՝ անուղղելիորեն հուսալով, որ հերթական ողբերգության փոխարեն այն իրեն մեսիա կուղարկի, որը կկարողանա արժանվույնս գնահատել առաջին քրիստոնյա ժողովրդի տառապանքը:
Հիմա ու՞ր
Այսօրվա դրությամբ պատմությունը հայերն ունեն երկու հիմնական հնարավոր տարբերակ։
Առաջին՝ համակերպվել ՁԻԱՀ-ի հետ և ընդունել գաղութայնացումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը դառնում է թուրքական աշխարհի քաղաքական, տնտեսական և քաղաքակրթական մասը։
Գաղութացումը կընթանա դասական թուրքական մեթոդաբանության համաձայն, հետևաբար Անկարան Հայաստանը կկառավարի հայկական ծագումով իրենց աճեցրած էմիսարների միջոցով։ Թուրքիան կդառնա իր ստեղծած վերնախավի պահպանման և վերարտադրման բնական երաշխավորը և դրան զուգահեռ կհանդիսանա ամենամեծ և նույնիսկ փաստացի մենաշնորհ ունեցող գրանտատուն կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես մշակույթի և կրթության ոլորտում (որոնց վերահսկողությունը վերահսկողություն է ապագայի վերաբերյալ):
Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում հայերը կստանան շատ գումար վաստակելու հնարավորություն և կզգան թուրքական կապիտալի ողջ հմայքը, սակայն երկարաժամկետ հեռանկարում ստիպված կլինեն չափազանց թանկ վճարել դրա համար՝ իրենց ինքնության (ներառյալ՝ Սփյուռքի վախճանը), պատմության և ինքնիշխանության մնացորդների գնով։
Երկրորդ՝ դիմակայել ՁԻԱՀ-ի գրոհին, քանդել Բեռլինյան Պատը Հայաստանի և Սփյուռքի միջև, և սկսել ձևավորել գլոբալ հայկական անդրազգային ազգ (իսրայելականի և իռլանդականի նման), որն ազդեցություն կունենա առանցքային ուժային կենտրոններում որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վրա։
Դրա համար անհրաժեշտ է սկսել հետևյալ առանցքային խնդիրներից՝
- անցկացնել գլոբալ հայկական ռեսուրսների գույքագրում,
- համակարգայնացնել և ինստիտուցիոնալացնել առկա ներուժը,
- ձևակերպել համախմբող անդրազգային ցանցային գաղափար,
- ստեղծել Հայկական Աշխարհում առաջին համահայկական քաղաքական ուժը, որը կազմված կլինի առաջին հերթին Սփյուռքում (անդրազգային ցանց) կայացած մասնագետներից՝ համախմբված Հայկական Աշխարհը որպես միջազգային կենսագործունեության անդրազգային ցանցային սուբյեկտ կառուցելու գաղափարի շուրջ,
- մեկնարկել մասշտաբային անդրազգային շարժում Հայաստանի ներսում, որը զրոյից կսկսի ազգի և պետության կառուցման բովանդակային գործընթացը։
Ինչու՞ առաջին հերթին Սփյուռքից
- Սփյուռքը հայկական աշխարհի ամենանշանակալի ակտիվն է, բայց ոչ ներկայիս պառակտված, համայնքային և անտեսված վիճակում:
- Համակարգայնացված Սփյուռքը կդառնա անդրազգային ցանցային ազգի հենքը։
- Սփյուռքի հայերը բազմաթիվ երկրների սուբյեկտներ են, և, հետևաբար, համահայկական քաղաքական ուժը՝ համախմբված անդրազգային ցանցային գաղափարի շուրջ, ներկայացնելու է հենց Հայկական Աշխարհը, և ոչ թե որևէ առանձին երկիր և/կամ նրա շահերը։ Որևէ առանձին վերցրած երկրում հայերը չեն կազմում բնակչության ավելի քան 5%-ը, և հայկական համայնքը որևէ առանձին երկրում չի գերազանցում Հայկական Աշխարհի 15%-ը։
- Սփյուռքի հայությունը Հայաստանի ներսում որևէ քաղաքական խմբավորման մաս չի կազմում, շահագրգռված չէ իշխանություն ստանալու և երկիրը սեփական նյութական բարեկեցությանը ծառայեցնելու հարցում։
- Սփյուռքի հայերը պատրաստ չեն համակերպվել թուրքական գաղութացման հետ և ապրել թուրքամետ Հայաստանում։ Հակառակ դեպքում մենք կտեսնեինք հայերի զանգվածային ներգաղթ ամբողջ աշխարհից դեպի Թուրքիա։
- Բազմաթիվ հայեր, ովքեր ձգտում են Հայկական Աշխարհը տեսնել հզոր, Արևմուտքում և Արևելքում աշխարհի առաջատար երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային վերնախավերի մաս են կազմում։ Նման հայերը մտածում են էլիտար գաղափարական հասկացություններով և արժեքային կատեգորիաներով։ Ըստ այդմ՝ նրանց ներուժի համախմբումն ու ինստիտուցիոնալացումը ոչ թե գաղափարական, այլ զուտ տեխնիկական խնդիր է։
- Եվ վերջապես, պարզագույն և կարևոր քանակական ցուցանիշ՝ Սփյուռքի հայերը կազմում են Հայկական Աշխարհի 75-85%-ը։ Աշխարհի հայերի մեծ մասի գոյատևումն ու ապագան չպետք է կախված լինի Երևանում թուրքամետ պաշտոնյաների փոքր խմբի կայացրած որոշումներից:
Միայն Հայկական Աշխարհի նոր բովանդակային կառույց ձևավորելու ունակության դեպքում, ինչը թույլ կտա դուրս գալ իմիտացիոն-պոպուլիստական փուչիկից, Հայաստանն ու նրա քաղաքացիները տեսանելի ապագայում կունենան գոյատևելու և արտաքին գաղութացումից ազատվելու հնարավորություն։
Հակառակ դեպքում՝ Հայկական Աշխարհը, ներառյալ Հայաստանը, կվերածվի պատմության աղբանոցը նետված դիակի՝ համախտանիշի համաճարակի զոհ։
