
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Առաքելությունը՝ հայ էթնոսի համար մտավոր-գաղափարախոսական հարթակի ստեղծում,
որպես այն Հայաստանի ֆիզիկական տարածքի ինքնիշխան,
աշխարհով մեկ սփռված ազգի հայ ինքնության պաշտպան
և համաշխարհային հայկական շահի հովանավոր
դարձնելու առանցքային պայման
I. Հայ էթնոսը՝ առանց հայկական պետականության ինքնիշխանության։ Հայ էթնոսն անցել է պատմական զարգացման բոլոր փուլերը՝ փոքր ցեղից մինչև կայսերական ազգ։ Մեծ Հայքի դարաշրջանում հասնելով բարձրագույն (կայսերական) ազգի կարգավիճակին, այն ներվերնախավային պառակտումների և արտաքին գործոնների պատճառով կորցրեց իշխանությունը Պատմական Հայաստանի մեծ մասում և հայտնվեց իրար փոփոխող տիրակալների սպասավորի կարգավիճակում։
II. Հայ էթնոսը չունի ազգային ազնվականություն և առաջնորդների վերարտադրության համակարգ` ինքնիշխանության ու կողմնորոշիչների կորստի և ամբողջ էթնոսի շփոթվածության գլխավոր պատճառը։ Կողմնորոշիչների և դրանց հասնելու իրատեսական ռազմավարության ձևավորման համար անհրաժեշտ է ազգային ազնվականություն, միաձույլ քաղաքական-գաղափարախոսական արժեքային հենքով։ Այն համակարգված և ինստիտուցիոնալ կերպով կվերարտադրի առաջնորդներ, կկառավարի, կպատրաստի և կզարգացնի նոր սերունդներ, կստեղծի հայ էթնոսի ամբողջական ինստիտուտներ և այնուհետև նրան կվերածի քաղաքական ազգի։
III. Հայ «բնիկ» էթնոսը չստեղծեց ո´չ ազնվականություն, ո´չ էլ գաղափարախոսություն։ Յոթ տասնամյակ լինելով Խորհրդային Միության կազմում (Երկրորդ Հանրապետություն) և երեք տասնամյակ միայն անվանապես անկախ Հայաստանի Հանրապետությունում (Երրորդ Հանրապետություն), այն կանգ առավ «ժողովրդի» զարգացման մակարդակում (պաշտոնական տարածք, լեզու, կրոն, սոցիալական և մշակութային առանձնահատկություններ), այդպես էլ չհասունանալով մինչև ազգային ազնվականություն ունեցող ինքնիշխանի կարգավիճակի։
IV. Հայ «համայնքային» էթնոսը չվերափոխվեց Սփյուռքի։ Պատմական Հայաստանի տարածքից բնաջնջվելուց և վտարվելուց ի վեր այն գտնվում է իր արմատային հենքից դուրս՝ անհետացման և ձուլման պայմաններում։ «Բնիկ» էթնոսը մտածված կերպով բովանդակապես չի ներգրավել «համայնքային» էթնոսին Երրորդ Հանրապետության կառուցման համակարգի մեջ, և վերջինս, համայնքային ազնվականության և համախմբող համայնքային հաստատությունների բացակայության պայմաններում, չունի անհրաժեշտ իմաստաստեղծ կողմնորոշիչներ հետագա զարգացման և միահամուռ քաղաքական-գաղափարախոսական միավորի՝ Սփյուռքի, փոխակերպվելու համար։
V. Երրորդ Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ որպես համաշխարհային հայ ներուժի համախմբման, համակարգման և իրացման հավակնոտ նախագիծ։ Երեք տասնամյակ շարունակ բարոյազուրկ և դիլետանտ ֆեոդալական-կլանային համակարգը հետևողականորեն ոչնչացրել է հայկական դիմադրողականության մնացորդները, ինչը հանգեցրել է Արցախի կորստին և տանում է Հայաստանի մնացորդները դեպի անխուսափելի թուրք-ադրբեջանական գաղութացում։ Սա ֆեոդալ-կլանային խմբավորումների և «բնիկ» էթնոսում նրանց կողմնակիցների մնացորդների ամբողջական քայքայվածության հետևանքն է, նրանք կրում են պետականաշինության և ազգակերտման ձախողման ողջ պատասխանատվությունը։
VI. Երրորդ Հանրապետության ներկայիս իշխանությունները բովանդակային առումով Հայկական Հարցի վերջնական փակման շահագրգիռ արտաքին ուժերի համագործակցողներ են։ Սա նշանակում է ոչ միայն Հայաստանի որպես ֆիզիկական տարածքի կործանում, այլև հայ ինքնության նկատմամբ լիակատար վերահսկողություն, դրա տիրացում և ապա ոչնչացում՝ միավորելով թուրքական աշխարհին։ Այս կոլաբորացիոնիստները հստակ քաղաքականություն են վարում՝ պաշտոնապես սահմանափակելով ամբողջ հայոց պատմությունը Երրորդ Հանրապետության մնացորդների սահմաններով, մոռացության մատնելով 1915 թվականի Մեծ Եղեռնը, խափանելով Մեծ Եղեռնի հետևանքների հաղթահարմանը ուղղված ջանքերը, հարվածներ հասցնելով Հայոց Եկեղեցուն և ճանաչելով Արցախը վերահսկելու և իրենց տարածաշրջանային և լայնածավալ խնդիրների լուծման նպատակով Հայաստանի տարածքի մնացորդներն անխոչընդոտ օգտագործելու թուրք-ադրբեջանական աշխարհի իրավունքը։ «Համայնքային» էթնոսի ներկայացուցիչները, ովքեր բարոյապես, լոբբիստական ներուժով, տեղեկատվական դաշտում, ֆինանսապես և այլ կերպ աջակցում են «բնիկ» էթնոսի կոլաբորացիոնիստներին, ինքնաբերաբար դառնում են հայ էթնոսի ոչնչացման և թուրքական աշխարհին միավորման մեղսակիցներ։ Նրանք «բնիկ» էթնոսի ներսի հինգերորդ շարասյան հետ միասին ամբողջական և լիակատար պատասխանատվություն են կրում Երրորդ Հանրապետության սրընթաց գաղութացման և Հայկական Հարցի վերջնական փակման գործընթացի համար։
VII. Հայկական Հանրապետությունը կառուցում է ապագաղութացման, ազգային ազնվականության ստեղծման և հայկական աշխարհի ինքնիշխանացման համար երկարաժամկետ պայքարի ռազմավարություն։ Հայկական Հանրապետությունը պայքարի առաջին փուլում իր խնդիրներն է համարում որակական բովանդակային իմաստների վերլուծությունը, ձևավորումը և մատուցումը։ Այն ստեղծում է միասնական հարթակ հայ էթնոսի այն ներկայացուցիչներին միավորելու համար, ովքեր դեմ են Հայաստանի գաղութացմանը, Հայկական Հարցի փակմանը և հայ ինքնության (իմաստների, գիտակցության, պատմության, մշակույթի) ձուլմանը թուրքական աշխարհին։
VIII. Հայկական Հանրապետությունը հայ ինքնության երկու հենասյուների հովանավորն է՝պատմական հիշողության և Հայոց Եկեղեցու ինստիտուտի: Պատմական հիշողությունը հայ ժողովրդի ողջ պատմությունն է, որտեղ առանձնակի կարևոր տեղ է գրավում 1915 թվականի Մեծ Եղեռնը, որի արդյունքում ավարտվեց հայերի իրենց բնօրրանում հազարամյա բնակությունը: Միևնույն ժամանակ, Հայկական Հանրապետությունը հանդես է գալիս հայոց պատմությունը սեփական և պարտադրված առասպելներից մաքրելու գործընթացի օգտին, որը պահանջում է մասնագիտական, անաչառ և քննադատական մոտեցում։ Սա թույլ կտա վերլուծել սեփական պատմությունը առանց չափազանցության, պաթոսի և պատրանքների ու բացահայտել անցյալի և ներկայի ողբերգական իրադարձությունների ոչ թե հորինված, այլև իրական պատճառները։ Հայոց Եկեղեցու ինստիտուտը հայ ինքնության կարևորագույն հենասյուներից է։ Այս ինստիտուտը կատարյալ չէ և, ինչպես ազգային ինքնորոշման ցանկացած այլ մարմին, ունի թարմացման և բարեփոխման կարիք: Սակայն կարևոր է նաև գիտակցել նման հնագույն ինստիտուտի միաժամանակ և հզորությունը, և փխրունությունը: Այն միայնակ է պահպանել հայկականության մնացորդները պատմական ամենադժվարին ժամանակաշրջաններում։ Այսօր չկա որևէ երկրորդ լիարժեք ինստիտուտ, չկա հայ ժողովրդի հոգևոր սկզբի այլ պահապան։ Հայոց Եկեղեցու պահպանումն ու հզորացումը հայ քաղաքական ազգի կայացման և Հայաստանի պետականաշինության վճռորոշ պայման է։
IX. Հայկական Հանրապետությունը հավատարիմ է միջազգային հարաբերություններում ռեալիզմի գաղափարախոսությանը ու հայկական շահի ձևավորման և առաջմղման հարցերում իր ռազմավարությունը կառուցում է այդ դպրոցի դրույթների հիման վրա։ Այս համոզմունքը բխում է սեփական անցյալի մանրակրկիտ և սառնասիրտ վերլուծությունից, երբ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, պնդելով արդարության և մարդու իրավունքների մասին, անբարոյական կերպով առուծախի առարկա է դարձնում և զոհաբերում հայկական (և մյուս թույլ) շահերը՝ գործնական և առևտրական առավելությունների հասնելու համար։ Այս քաղաքական գործելակերպը շարունակվում է մինչ օրս։ Իրական ժամանակում կարելի է հետևել, թե ինչպես են տարբեր արտաքին ուժեր ներքին կոլաբորացիոնիստների ձեռքերով ոչնչացնում հայկական պետականության, հայոց պատմության և հայ ինքնության մնացորդները։ Հայկական Հանրապետությունը ելնում է նաև այն հստակ գիտակցումից, որ այսօր չկա որևէ արտաքին ուժ, որն ունի հայկական շահերը պաշտպանելու բարոյական կամ տրամաբանական դրդապատճառ, և, ընդհակառակը, համոզված է, որ այդ տարբեր արտաքին ուժերը հաստատակամ են Հայաստանի և հայ ժողովրդի մնացորդների շուրջ տեղի ունեցող առևտրից առավելագույն օգուտ քաղել։
X. Հայ ազգի գոյատևման միակ տարբերակն է իր վերահաստատումը որպես հայկական պետականության ինքնիշխան՝ ֆիզիկական, հոգևոր, մշակութային, քաղաքական և տնտեսական։ Այս առումով պետությանը պատկանելու վճռորոշ հատկանիշը՝ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցությունը (իշխանություն ընտրելու և ընտրվելու իրավունքը), չի կարող լինել յուրաքանչյուրի բնական իրավունքը։ Քաղաքացիությունն ու քաղաքական որոշումների ձևավորմանն ու իրականացմանը մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվեն ըստ տարիքի, կրթության, փորձի, կատարած ավանդի և այլն: Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի արժանիքների հիման վրա ու պետք է կառավարեն արժանավորները։
