«Մխիթար Գոշ» Համահայկական ակադեմիայի առաքելությունը նոր ազգային ազնվականության պատրաստումն է` ի դեմս ինտելեկտուալ և քաղաքական մի շերտի, որը գիտակցաբար կստանձնի հայ էթնոսի և ապագա հայ ազգի ֆիզիկական ու հոգևոր անվտանգության համար պատասխանատվությունը:
Հայ էթնոսը վերապրել է բազմադարյա սփռվածություն, Ցեղասպանություն, պետականության կորուստ և անվանական անկախության երեսուն տարի: Առանց սեփական ազնվականության, առաջնորդների վերարտադրման ներքին ինստիտուտների, առանց համընդհանուր գաղափարախոսության հայ էթնոսը դատապարտված է «ժողովուրդ» մնալու` կորցնելով աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր տեղը:
Որպեսզի Հայաստանը դառնա միջազգային քաղաքականության ինքնիշխան սուբյեկտ և ինքնուրույն կերտի հայ ազգի ճակատագիրը, անհրաժեշտ է միացյալ քաղաքական ու գաղափարախոսական հիմքով ազգային ազնվականություն` կրթված, քննադատական մտածողությամբ օժտված գլոբալ հայեր, որոնք պատրաստ են պաշտպան կանգնել հայկական ժառանգությանը։ Առանց դրա անհնար է թե՛ ինքնիշխանությունը, թե՛ երկարաժամկետ ազգային զարգացումը:
«Մխիթար Գոշ» Ակադեմիան կոչված է լուծելու հենց այդ խնդիրը: Մենք միավորում ենք հայկական աշխարհի լավագույն ներկայացուցիչներին` որպես դասախոսների և ունկնդիրների, ձևավորելով ապագա հայկական ազնվականության ինտելեկտուալ և սիմվոլիկ կապիտալը: Մենք կերտում ենք պետականամետ մտածողության տեր մարդկանց` այնպիսի անհատների, ովքեր ունակ են սթափ վերլուծել իրականությունը, հասկանալ, ձևակերպել և պաշտպանել հայկական պետության շահերը ու պայքարել հայկական գիտակցության և պետականության ապագաղութացման համար:
Մեր նպատակն է` հայ ազգը վերահաստատել որպես սեփական պետականության ինքնիշխան: Դրան հասնելու համար է, որ մենք ինտելեկտուալ ենթակառուցվածք ենք ձևավորում` պատրաստելու այնպիսի առաջնորդների, որոնք կկարողանան կերտել պատմությունը, ոչ թե կողքից դիտել, թե ինչպես են այն գրում և աղավաղում ուրիշները: Մենք հաստատում ենք մերիտոկրատիան` արժանիների իշխանությունը, որտեղ իշխանությունը, քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցելը և երկիրը ղեկավարելու իրավունքը պատկանում են նրանց, ովքեր ապացուցել են ազգին խելքով, ջանասեր աշխատանքով և պատվով ծառայելու իրենց պատրաստակամությունը:
«Մխիթար Գոշ» Ակադեմիան համահայկական կրթական համակարգ է` ուղղված հայկական աշխարհի առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը: Ակադեմիան միավորում է աշխարհի տարբեր կողմերից պասիոնար հայերի, որոնք կամենում են խորապես հասկանալ հայոց պատմությունը, քննադատորեն վերլուծել միջազգային գործընթացները և զարգացնել ռազմավարական մտածողություն` հանուն բացառապես հայկական շահերին ծառայելու և հայկական աշխարհի դիմակայությանն ու զարգացմանը նպաստելու:
Վերջին տարիները դառնորեն ապացուցեցին հայկական աշխարհի գլխավերևում կախված վտանգների առջև Հայաստանում և Սփյուռքում իշխող ֆեոդալ-կլանային համակարգերի անհուսալիությունը: Ակադեմիայում մենք կերտում ենք անհատների նոր շերտ, որոնք ունակ կլինեն լայն ազգային շահերի շրջանակներում մտածելու, նոր իմաստներ ստեղծելու, կայուն ինստիտուտներ հաստատելու և իրենց հետևից մեծամասնությունը տանելու:
«Մխիթար Գոշ» Ակադեմիան`
● դնում է քաղաքական փիլիսոփայության, հայոց պատմության և միջազգային հարաբերությունների ըմբռնման ամուր հիմք,
● ձևավորում է սկզբունքային պետականամետ` բացառապես հայկական շահերի շրջանակներում մտածողություն,
● միավորում է ապագա հայկական ազնվականությունը մեկ ինտելեկտուալ տարածության մեջ,
● ստեղծում է շրջանավարտների միջև կայուն կապեր և աջակցում է նրանց մտահղացումներին:
2025-2026 ուսումնական տարում ծրագիրը ներառում է 3 ամիս տևողությամբ մեկ կիսամյակ (2026 թ. փետրվար-ապրիլ): Ուսուցումն առցանց է, շաբաթը 3 անգամ, երեկոյան ժամերին (երևանյան ժամանակով): Ակադեմիայի դասախոսները համապատասխան ոլորտներում ճանաչված մասնագետներ են, ովքեր հայտնի են և՛ որպես հետազոտողներ ու փորձագետներ, և՛ որպես հաստատակամ պետականամետներ:
Ակադեմիա կընդունվեն առավելագույնը 20 լավագույն թեկնածուները` էսսեի գնահատականի և հարցազրույցի արդյունքներով: Ծրագրի ավարտը ուղեկցվում է Հայկական Հանրապետության Գաղափարախոսական Դրույթների վրա երդմամբ` պարտավորվելով ապրել և գործել դրա սկզբունքների համաձայն: Շրջանավարտները ստանում են Հայկական Հանրապետության դրոշմով մատանի` որպես նոր ազգային ազնվականություն ձևավորող ինտելեկտուալ-գաղափարական խմբին պատկանելու խորհրդանիշ: Ակադեմիայի Հոգաբարձուների խորհուրդը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերելու հաջողակ շրջանավարտներին` նրանց աճին, կարիերային, ակադեմիական, հասարակական ու քաղաքական գործունեությանը նպաստելու համար: Արդեն իսկ ուսման ընթացքում լավագույն ուսանողներին կրթաթոշակ կնշանակվի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թ. հունվարի 8-ն է: Որքան շուտ ներկայացնեք հայտը, այնքան մեծ են հաջորդ փուլ անցնելու ձեր շանսերը։
Ակադեմիայում ուսանելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը տրամադրելով ձեր անձնական ու կոնտակտային տվյալները։
Ընդհանուր տեղեկություն տրամադրելուց բացի, դուք նաև պետք է գրեք մոտիվացիոն նամակ և էսսե։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թ. փետրվարի 25-ն է: